Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Աննորմալ» գնաճի համար ոչ ոք պատասխան չի տալիս»

Մայիս 13,2014 17:05

Վերջին 10 օրերին թե’ ներկրվող եւ թե’ արտադրվող մի շարք ապրանքատեսակներ թանկացել են: Այս օրերին գնաճը ոչ թե 10-20 դրամով է տեղի ունեցել, ինչպես որ, սովորաբար լինում է, այլ, որոշ ապրանքատեսակներ, նույնիսկ, մի քանի հարյուր դրամով են թանկացել: Թխվածքներից, կենցաղային ապրանքներից, կոսմետիկ միջոցներից, ծխախոտից, սուրճի տեսականիներից սկսած` թանկացել են: Այս մասին են փաստում նաեւ խանութների, սուպերմարքեթների վաճառողները: Նրանց խոսքերով, գրեթե բոլոր ապրանքատեսակների նոր խմբաքանակները գալիս են բարձր գներով: Մասնագետները հերթական գնաճը պայմանավորում են, ոչ թե միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումներով կամ գազի թանկացմամբ, այլ` տեղական շուկայի անվերահսկելիությամբ, ինչից օգտվելով էլ տնտեսվարողները փորձում են առավելագույն շահույթներ ստանալ:

Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը վստահեցնում է, որ մեր երկրում գնաճը զսպելու` տնտեսվարողներին կաշկանդող հանգամանք ուղղակի չկա. «Մենք տեսնում ենք, որ պետական սեկտորն ավելի շատ զբաղված է տնտեսվարողին արդարացնելու գործով, քան վերահսկողություն իրականացնելու: Եթե մենք գների վերահսկման համար չունենք հանձնաժողովներ, եթե մենք չունենք այնպիսի բիզնես-միջավայր, որ գները ինքնակարգավորվեն եւ անտեղի գնաճները տնտեսապես ուղղակի ձեռնտու չլինեն, ապա պետք է պետական ռեսուրսը որոշակի կիրառեն, որպեսզի հասկանան, որ պետք է նաեւ գործեն: Տնտեսական մարդու կերպարն ամբողջ աշխարհում կա, այսինքն` առավելագույն շահույթ հետապնդել ձգտում են աշխարհի բոլոր երկրների բոլոր բիզնեսմենները եւ այնպես չէ, որ դա միայն Հայաստանում բիզնեսի խնդիրն է, բայց դրա համար աշխարհում մշակվում են մեխանիզմներ, որոնցով հնարավոր է լինում կանխել այդպիսի գործընթացները»:
Բաբկեն Պիպոյանի խոսքերով, երբ վիճակագրական ծառայությունը ժամանակ առ ժամանակ հրապարակում է եւ փաստում, որ տեղի է ունեցել «աննորմալ գնաճ», ոչ ոք պատասխան չի տալիս եւ ոչ ոքի հարցադրում չի լինում, թե ինչու է թանկացրել. «Ոչ ոք չի ներկայացնում հաշվետվություն, ոչ ոք կաշկանդված չի զգում գինը թանկացնելով, վստահ լինելով, որ թանկացնելը հետեւանք չի ունենա: Սրան զուգահեռ նաեւ պետական քաղաքականությունը վարվում է այնպես, որ էլի կլինեն գնաճներ»:

Սպառողների իրավունքների պաշտպանն, անդրադառնալով ապրանքների դրոշմավորմանը, որը նույնպես բերեց մի շարք ապրանքների գնաճին, ասաց. «Այս գործընթացը մեր երկրում իրականացվում է վատ: Դրոշմի համար վճարվում էր 2-3 դրամ, որը որ պետությունը տարեվերջին նրան վերադարձնում է, այսինքն բիզնեսի համար լրացուցիչ բեռ չկա, հետեւաբար ինքը պետք է գնաճի չբերի, հետեւաբար ինքը նորմալ գործընթաց է, եւ թող տնտեսությունը ստվերից դուրս գա: Բայց սկսվում է դրոշմավորման գործընթացը եւ հաջորդ իսկ օրը բիզնեսը ապրանքը թանկացնում է եւ բիզնեսին ոչ ոք չի ասում՝ ինչո՞ւ: Այսինքն` բիզնեսը կաշկանդված չէ այս գործողությունն անելու, իսկ եթե կաշկանդված չէ, այն բերում է այսպիսի հետեւանքների»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031