Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտին» հանկարծակիի բերին դատարանում՝ ճանաչեցին պատասխանող

Մայիս 13,2014 16:57

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սենիկ Ջուլհակյանի հայցն ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ն ճանաչվել էր որպես երրորդ անձ:

Սենիկ Ջուլհակյանը իր հայցադիմումում վիճարկում է 10.06.2013թ. Aravot.am կայքում հրապարակման մեջ «Նա վստահեցնում է, որ Գորիսի դեպքերից հետո էլ Սուրեն Խաչատրյանը չի հրաժարվել Քաղաքագետների միության շենքը վերցնելու մտքից» արտահայտությունները:

Հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար Սենիկ Ջուլհակյանը խնդրել էր դատարանից՝ պարտավորեցնել Հմայակ Հովհաննիսյանին հրապարակային, գործով ներգրավված «Առավոտի» նույնանուն կայքէջում իրենից ներողություն խնդրել: Դատարան էր ուղարկվել նաեւ ներողության տեքստը:

Վիրավորանքի համար նա պահանջում է 280.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար, զրպարտության համար Հմայակ Հովհաննիսյանից բռնագանձել 320.000 դրամ՝ որպես փոխհատուցում:

Ինչպես նախորդ դատական նիստին («Առավոտի» ներկայացուցիչը չի մասնակցել), այսօր էլ դատավոր Կարինե Պետրոսյանը պատասխանող Հմայակ Հովհաննիսյանից փորձեց ճշտել, թե արդյոք կայքէջում լույս տեսած վերոնշյալ հրապարակման մեջ ինքը արել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունները. «Սենիկ Ջուլհակյանը իր սեփական միջոցները չունի… Սենիկ Ջուլհակյանը չի վճարել մի կանխավճար, որը պարտավոր էր վճարել Հայ համայնքների միության ֆորումի նախագահին: Նա խուսափել է վճարել 10.000 եվրո կանխավճար: Նա փող չուներ, գրասենյակ չուներ, ոչինչ չուներ: Իրականում նա ցանկանում էր այդ տարածքը զավթել ամեն գնով»:

Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ լրագրողին ընդամենն ասել է՝ Սենիկ Ջուլհակյանը չունի գրավադրման միջոց, ինչ վերաբերում է նախորդ արտահայտություններին, թե Ջուլհակյանը Սուրեն Խաչատրյանի փողերը լվացողն է, ասաց, թե նման արտահայտություն չի արել:

Հիշեցնենք, որ մեր հրապարակմանը կից ներկայացված էր նաեւ Հմայակ Հովհաննիսյանի խոսքի ձայնագրությունը:

Հմայակ Հովհաննիսյանը դավադրություն տեսավ իր դեմ դատարան ներկայացված հայցապահանջներում:

Դատարանը երրորդ անձ ճանաչված «Առավոտին» ներգրավեց որպես պատասխանող՝ վերոնշյալ հրապարակման հետ կապված ապացույցների բեռը դնելով մեր լրատվամիջոցի վրա:

«Առավոտի» ներկայացուցիչը դատարանից խնդրեց իրեն տրամադրել նախորդ դատական նիստի արձանագրությունը, պատասխանող Հմայակ Հովհաննիսյանի առարկությունները՝ հաջորդ դատական նիստին՝ հունիսի 17-ին, իր դիրքորոշումը այլ ապացույցների հետ դատարանում արտահայտելու եւ ներկայացնելու համար:

Ուշադրության է թերեւս արժանի այն, որ 10.06.2013թ. կայքէջում հրապարակվածի մասին Հմայակ Հովհաննիսյանը հայտնեց, որ իմացել է այն ժամանակ, երբ գործը վարույթ է ընդունվել դատարանում: Նշենք, որ գործը վարույթ է ընդունվել անցյալ տարվա հուլիսի 9-ից:

«Առավոտի» մարտավարությունից ելնելով ձեռնպահ ենք մնում հրապարակել Քաղաքագետների միության նախագահի՝ այսօր արված անակնկալ այլ հայտարարությունները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031