Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի համար եվրաասոցացման նոր մոդել կիրառելու վերաբերյալ հայտարարությունը «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Եվրոպայի դիրքորոշման մեղմացման հետևանք է համարում:
«Դա նշանակում է, որ Եվրոպան իր կոշտ դիրքորոշումից, կապված Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հետ, հետքայլ է անում՝ տեսնելով, որ չի կարողանում Հայաստանին և, օրինակ, Ուկրաինային հետ պահել ռուսական ավելի ագրեսիվ քաղաքականությունից»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Եվրոպան Հայաստանի հետ համագործակցության նոր մոդել պետք է կիրառի:
«Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- ասել է Օլանդը:
Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում Եվրոպայի անունից է խոսում: Նա հիշեցրեց, որ նմանատիպ մի հայտարարություն էլ Հայաստանում Գերմանիայի դեսպանն էր արել վերջերս: Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանը պետք է օգտվի այս շանսից:
Կարդացեք նաև
«Չհակադրվելով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը պետք է օգտագործի այն հնարավորությունները, ինչ որ Եվրոպան է տալիս: Գոնե քաղաքական որոշ համաձայնությունների գնա Եվրոպայի հետ, այսինքն՝ այն ինչը չի խանգարի, այսպես կոչված, Մաքսային միությանը, որն այդպես էլ չի իրականանում»,- ասում է Աղասի Ենոքյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ գործնականում հնարավոր է Մաքսային միությանը միանալուն զուգահեռ նաև Հայաստանի՝ Եվրաասոցացման ուղղությամբ աշխատանքներ տանել, ինչպես Օլանդն է ասում:
Ըստ Ենոքյանի՝ Հայաստանը պետք է Ռուսաստանին ցույց տա, որ այդ երկրին տալիս է այն, ինչ Ռուսաստանն ուզում է, ոչ ավելին:
«Դա անկախության և սուվերենության կարևոր գործիքներից է, որ կարողանաս բոլոր երկրների հետ էլ հարաբերություններ հաստատել»,- ասում է նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում