Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Օլանդը խախտեց Ֆրանսիայի նախորդ նախագահների ավանդույթը և չայցելեց միայն Հայաստան

Մայիս 13,2014 16:35

«Եթե նախկինում Ֆրանսիայի նախագահները գալիս էին միայն Հայաստան, ապա այսօր դա տարածաշրջանային այց է»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը սկզբում ներկայացվեց որպես ՀՀ նախագահի հրավերով այց, բայց ստացվեց, որ Օլանդը տարածաշրջանային այցի շրջանակներում է գալիս Հայաստան, այսպես մեկնաբանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նա շեշտեց, թե այս փաստը կապված է ՌԴ ագրեսիվ քաղաքականության հետ ու նշեց. «Ռուսաստանի` նման կոշտ քաղաքականությունը մտահոգեց Արևմուտքին և ԱՄՆ-ին, դա է պատճառը, որ վերջին ժամանակներում ԱՄՆ-ն ակտիվ շոշափում է ղարաբաղյան հարցը: Եվրոպան և ԱՄՆ-ն մտահոգված են, որ ՌԴ-ն ուզում է տարածաշրջանում բոլորին վանել: Ուստի այն, որ Ֆրանսիայի նախագահը հենց այժմ տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկաս, այդպիսով Եվրոպայի նպատակն է ցույց տալ, որ իրենց հետաքրքրությունները տարածաշրջանում կան»:

Այսօր ՀՀ և Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիացի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Ղրիմի հարցում ՀՀ-ն պաշտպանեց ՌԴ-ին, խուսափողական պատասխան է տվել` նկարագրելով, թե ինչու ՀՀ-ն որոշեց անդամակցել Մաքսային միությանը:

Մեր հարցին` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման կերպ վարվեց, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Շատ դժվար է բացատրել, թե ինչի հետ է կապված, որ մենք գնում են Մաքսային միություն, երբ երեք տարի ակտիվ աշխատում էինք Եվրոպայի հետ: Այդ դեպքում չաշխատեիք Եվրոպայի հետ, գնայիք ի սկզբանե Մաքսային միություն: Դժվար է բացատրել` ինչ է մնում մեզ Եվրոպայի հետ համագործակցության դաշտում: Ղրիմի հարցում ես էլ եմ զարմացած, որ ՀՀ դիրքորոշումն այդպիսին եղավ: Գոնե կարող էինք չեզոք մնալ: Ղրիմում այդ ի՞նչ ինքնորոշում էր, որ այդպես ափալ-թափալ գնացինք, աջակցեցինք ՌԴ-ին, նաև ՄԱԿ-ում և Եվրախորհրդում: Դժվար է բացատրել ֆրանսիացիներին, որ Ղրիմն ինքնորոշվել է: Նրանք գիտեն, որ ՌԴ-ն զորք է մտցրել, որից հետո սկսել են անջատողական պրոցեսները: Ես չեմ բացառում, որ դրա հետ է կապված, որ Սերժ Սարգսյանն այդ հարցին կոշտ պատասխան կամ դիրքորոշում չի հայտնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031