ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ իր առաջարկներն արդեն ուղարկել է կառավարություն: Դրանք հիմնականում տնտեսական ուղղվածություն ունեն: Այդ մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հաջորդ շաբաթ մեկնարկելիք խորհրդարանի հերթական քառօրյա նիստերում, ենթադրվում է, որ արդեն քննարկման կներկայացվի նոր կառավարության ծրագիրը:
«Խմբակցությունում խորհրդակցություններ են տեղի ունեցել, կա այսպիսի մոտեցում՝ առհասարակ ԲՀԿ-ի քաղաքական կուրսն ու գործելակերպը ենթադրում է, որ եթե որևէ պարագայում հնարավոր է ինչ-որ մի դրական, ժողովրդանպաստ գործ իրականացնել, պետության համար օգտակար, բնական է, որ մենք պետք է դա անենք: Դրա համար ենք մենք աշխատում խորհրդարանում, դրա համար ենք մենք հավակնում պետական կառավարման համակարգում որոշումների կայացմանը, բայց եթե այդ գործողությունն ինքնանպատակ չի եւ պարզապես աշխատանքի իմիտացիա չի առաջացնում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը`հավելելով, որ իրենց առաջարկները հիմնված են ծաղկաձորյան տնտեսական համաժողովի արդյունքների վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ