Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «ՀՅԴ-ն ոչ թե կողմ էր «կուտակային» օրենքին, այլ դեմ չէր»

Մայիս 13,2014 15:05

«Դաշնակցությունը ոչ թե կողմ էր «կուտակայինի» օրինագծին, այլ դեմ չէր, ինչը չի նշանակում, որ պարտադիր կողմ պետք է լինենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին`ի՞նչ եղավ, որ ՀՅԴ-ն փոխեց իր դիրքորոշումը և քվեարկության ժամանակ «ձեռնպահ» քվեարկեց:

Հիշեցնենք, ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որին բացի ՀՅԴ-ից «ձեռնպահ» քվեարկեցին նաև ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը:

Արմեն Ռուստամյանը մանրամասնեց, որ ՀՅԴ-ի «ձեռնպահ» քվեարկելը հնարավորություն է ընձեռում կառավարությանը`վերականգնել իրեն, նաեւ` կարեւոր հարց է լուծում. «Այս փոփոխությունը նշանակում է, որ կամավորության սկզբունք է մտնում, ինչն էլ հիմնական մեր պայքարի նպատակն էր: Ի վերջո, ամեն մի քաղաքացի ինքն է որոշում` եթե ուզում է հրաժարվել, ապա կարող է ակտիվորեն իր այդ դիրքորոշումը հայտնել, այս օրենքը դա թույլ է տալիս»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը գտնում է, որ սա իսկապես լուրջ քայլ էր կամավորության սկզբունքն ամրագրելու ճանապարհին և հասկանալի է, որ սրան «դեմ» լինել չէին կարող:

Միևնույն ժամանակ Արմեն Ռուստամյանը կատարվածը չի որակում իբրեւ հաղթանակ: Նա գտնում է, որ համակարգը պետք է ամբողջական համապատասխանեցվի պարտադիրը վերանալու տրամաբանությանը: Հետեւաբար, այս քայլն ընդամենը հաջողություն է. «Կարծում եմ մեր մոտեցումն ավելի ճիշտ էր` պասիվ հրաժարման մոդելը պետք է գործեր, ոչ թե ակտիվ, ինչը բխում է նաև Սահմանադրության պահանջից: Այս իմաստով մենք շատ լուրջ հաջողություն ունեցանք»:

Ինչ վերաբերում է նրան, որ այս ամենը ներկայացվում է, իբրեւ կառավարության կողմից բարի կամքի դրսեւորում, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ դա այնքան էլ այդպես չէ, քանի որ կա Սահմանադրական դատարանի որոշումը եւ որքան էլ փորձեն տարբեր կերպ մեկնաբանել դա այդպես չի. «Եթե ինչ-որ մի բան անվավեր է ճանաչում ՍԴ-ն, ապա դա նշանակում է, որ դա գոյություն չունի: Բայց իհարկե գոհ ենք, որ նոր կառավարությունը չի ուզում հանդիսանալ սխալներ կատարած նախորդ կառավարության ժառանգորդը, ինչը դրական է: Ի վերջո մեր գլխավոր հարցերից մեկն էր, թե ինչու փոխվեց կառավարությունը. Եթե նորից փորձելու են շրջանցել այդ խնդիրը, սխալ տեղ դա կտանի, պետք է հստակ քաղաքական ախտորոշում տրվի այս ամեն ինչի հետ կապված և ասվի, որ չեն շարունակի նույն սխալներով գործել: Ու նաև պետք է ընդունեն սխալները, իսկ դրանցից մեկը հենց այս կուտակայինի ներդրումն էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՅՀԴ-ը վաղու՜ց հայ ժողովրդին տալու ոչինչ չունի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031