Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան շուտ սկսեք հայ փախստականների հարցով զբաղվել, այնքան շուտ կգանք համարժեք փոխզիջումներին»

Մայիս 13,2014 14:59

ԼՂՀ նախկին արտգործնախարարի խորհուրդը՝ համանախագահներին, դիվանագետներին եւ չինովնիկներին

«Հարցի կարգավորման շուրջ նոր փուլ կսկսվի միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ փոփոխությունների կենթարկվի բանակցային օրակարգը եւ կներմուծվեն այն տարրերը, որոնց բացակայությունն այսօր թույլ է տալիս խեղել հակամարտության ծագման ու զարգացման պատմությունը եւ կամայականորեն հարմարեցնել խաղաղ կարգավորման առաջարկվող բանաձեւը այս կամ այն երկրի ընթացիկ աշխարհաքաղաքական շահերին: Մենք դեռ գտնվում ենք «հին փուլում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` արձագանքելով մեր հարցին` ԼՂ հարցի կարգավորման շուրջ նոր փո՞ւլ է սկսվում: Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան պատերազմում հրադադարի քսանամյակի առիթով հայտարարություն են տարածել, որում «օկուպացված տարածքների» եւ ստատուսքվոյի պահպանման անհնարինության հարցերը կարծես առաջնային պլան են մղվում: Հիշեցնենք նաեւ, որ մինչ այդ՝ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էր խնդրի կարգավորման սեփական` վեց կետանոց մոտեցումները հրապարակել, որոնցում խոսվում էր նաեւ «օկուպացված տարածքների» վերադարձի մասին:

Երեկ խորհրդարանում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում բավական լղոզված արձագանքեց համանախագահների դիտարկումներին: Այդպիսին էր նաեւ Ուորլիքի հայտարարության արձագանքը: ՀՀ ԱԳՆ-ն ճի՞շտ կեցվածք է որդեգրել` «Առավոտի» դիտարկմանն Արման Մելիքյանն արձագանքեց. «Արտգործնախարարության այսօրվա կեցվածքը չի հակասում մինչ այժմ որդեգրած քաղաքական գծին՝ ՀՀ ԱԳՆ-ն, սովորաբար, ողջունում է համանախագահների բոլոր նախաձեռնությունները, իսկ բանակցային գործընթացի անարդյունավետ լինելու մեղավոր նա համարում է ադրբեջանական կողմին: Սա, անշուշտ, պասիվ քաղաքական մոտեցում է, որը նաեւ նախկինում արված բացթողումների արգասիքն է՝ կարծում եմ, որ մեր բանակցային դիրքերն այսօր կարող էին շատ ավելի նպաստավոր լինել: Սա, անշուշտ, սուբյեկտիվ գնահատական է»:

Ի դեպ, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ ԼՂ հարցի վերաբերյալ հրապարակած վեց մոտեցումներն իր մոտեցումներն են, բայց համանախագահները, փաստորեն, պաշտպանեցին այն: Հարցին` ինչպե՞ս եք գնահատում դա, Արման Մելիքյանը պատասխանեց. «Նա, փաստորեն, անձնուրացաբար քննադատության առաջին հարվածն իր վրա վերցրեց»: Նաեւ հավելեց. «Համացանցում նկատեցի մի տեղեկատվություն, ըստ որի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անհրաժեշտ է համարել դեսպան Ուորլիքի վերջին ելույթի քննադատներին հիշեցնել, որ Արցախյան հիմնահարցը հանգուցալուծման երեք տարբերակ ունի՝ բոլորի համար անընդունելի ստատուս քվոյի երկարաձգում, պատերազմի վերսկսում եւ բանակցային ուղի, որը ենթադրում է, որ հակամարտող կողմերը պարտավորված կլինեն գնալ փոխզիջումների: Դեսպանությունը հույս է հայտնում նաեւ, որ այդ քննադատները խոհեմ կգտնվեն եւ կընտրեն խաղաղությունը: Կա, իհարկե, նաեւ առնվազն չորրորդ տարբերակը՝ ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների կամ էլ Ռուսաստանի եւ վերջինիս դաշնակիցների կողմից Արցախի անկախության ճանաչումը, որի համար վերջին շրջանի պատմաիրավական նախադեպերը բոլորիս աչքի առջեւ են»: Արման Մելիքյանը գտնում է, որ շատ ավելի կարեւոր է եւս մեկ անգամ թե մեր ամերիկյան, թե մեր ռուսաստանցի դիվանագետ բարեկամներին հիշեցնել, որ իրական փոխզիջումների մասին հնարավոր կլինի խոսել միայն ազնիվ խաղի կանոններն ապահովելու դեպքում. «Երբ հակամարտության ընթացքում առավել տուժած կողմերից մեկի՝ ադրբեջանահայ փախստականների արմատական իրավունքներն ու շահերը միտումնավոր կերպով անտեսվում են, ապա ստացվում է, որ խեղվում է հակամարտության ողջ պատկերը, եւ մադրիդյան սկզբունքներն ընդամենը կոչված են ամրագրել այդ խեղվածությունը, իսկ դա անիմաստ է դարձնում փոխզիջումների մասին վեհ կոչերը՝ դրանք վերածելով վտանգավոր ճամարտակությունների, որոնք պարզապես քողարկում են կես միլիոն ադրբեջանահայերի շահերի փաստացի ոտնահարումն ու այդ միակողմանի անարդարության վրա հիմնված առաջարկվող «փոխզիջումային» լուծման կեղծությունը: Տարիներ ի վեր միջազգային կառույցները Հայաստանի չինովնիկներին գրոշներ են նետել հենց միայն այն բանի համար, որ մեր ազգային ջոջերը հոժարակամ համաձայնեն մոռացության մատնել հայ փախստականների խնդիրը, ծածկադմփոց անեն այն՝ փախստականների ինտեգրման կեղծ ծրագրերի թանձր մշուշում: Հայ փախստականների խնդիրը հնարավոր չի լինելու շրջանցել՝ տասնյակ հազարավոր փախստական ընտանիքների հետ անմիջական կապը հաստատված է եւ պահպանվում ու ընդլայնվում է, ուստի մի խորհուրդ էլ ես տամ՝ հարգելի համանախագահներ, դիվանագետներ, տեղացի չինովնիկներ, որքան շուտ սկսեք հայ փախստականների հարցով զբաղվել, այնքան շուտ կգանք համարժեք փոխզիջումներին: Եթե շարունակեք նույն ոճով, ապա դա կնշանակի…»:

Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը երեկ նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորաբար, նշելով. «Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար»: Կրկին եկել է տարածքները վերադարձնելու ժամանա՞կը` «Առավոտի» հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց. «Մադրիդյան սկզբունքներ ասվածը հակամարտության երեք կողմերի համար էլ ականապատ դաշտի նման մի բան է, ուր անգամ մեկ սխալ քաղաքական քայլը կարող է ճակատագրական լինել ու հանգեցնել անշտկելի հետեւանքների: Այդ դաշտում հայկական կողմերը դեռ որոշակի մարտավարական առավելություն ունեն հակառակորդի հանդեպ: Շատ կարեւոր է հասկանալ, որ հիմնական խնդիրը ոչ թե կարգավորման առաջարկվող սկզբունքների գործնական կիրառումն է, այլ գործընթացի միջանկյալ «քննաշրջանների» ժամանակ քաղաքական ականի վրա չպայթելը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031