Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձախողած ու կոռումպացված նախարարները կամ այլ պաշտոն ստացան, կամ նորից կառավարության մեջ են»

Մայիս 13,2014 14:40

Հայաստանում հարկ վճարողների 58%-ը չի վստահում մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, գործարարների մի մասն էլ առավել չի վստահում Ազգային ժողովին եւ կառավարությանը: Գործարարներն իրենց այս կարծիքը վստահել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնին, որը հետազոտություն է կատարել եւ վերջերս հրապարակել «Հարկ վճարողների ընկալման հետազոտություն» զեկույցը:

«Առավոտի» հետ զրույցում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այս զեկույցի եւ, մասնավորապես, երկրի 3 կարեւորագույն ինստիտուտներին` գործարարների չվստահելու վերաբերյալ ասել էր. «Կդժվարանամ ասել, թե բուն հարցադրումը որքանով է ադեկվատ եղել պատասխանին, որովհետեւ միշտ կարելի է հարցադրումներ անել, որ պատասխանը այս կամ այն կերպ լինի»:

Ի տարբերություն իշխանության ներկայացուցչի՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը առիթ չի տեսնում կասկածելու զեկույցի օբյեկտիվությանը, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ հարցման պատասխաններն անանուն են եղել, սրանից բացի՝ միջազգային մի շարք նման վերլուծություններ պարբերաբար լինում են, եւ թվերն ու իշխանությանը չվստահելու մասին պատասխանները համընկնում են:

Ըստ «Հարկ վճարողների ընկալման հետազոտություն» զեկույցի՝ հարցված գործարարների 44%-ն ասել է, որ հարկային ու մաքսային մարմինները կաշառք են վերցնում: Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի մեծ մասը գտնում է, որ հարկային բեռը շատ ծանր է կամ ծանր, այս կարծիքին է նաեւ հարցված խոշոր բիզնեսի 19%-ը: Ընդ որում, զեկույցի տվյալներով՝ որքան բիզնեսը փոքր է, այնքան հարկային բեռը ավելի ծանր է ընկալվում:

«Հարկային բեռի բարձր լինելը հարաբերական է, այս բեռը բարձր է լինում այն դեպքում, եթե չեն կարողանում իրենց բիզնեսը զարգացնել, այսինքն՝ եթե ընդամենը գոյատեւման մակարդակում են գտնվում, ապա միշտ բոլորին թվում է՝ հարկային բեռը շատ ծանր է: Իսկ հարկային բեռը պետք է համեմատենք այն հնարավորությունների հետ, որը թույլ կտար բեռը նվազեցնել: Ասենք՝ եթե հավասար, արդար մրցակցային պայմաններ լինեին, եթե միգրացիայի ծավալը քիչ լիներ, եթե աղքատությունը քիչ լիներ, մարդկանց գնողունակությունը՝ բարձր:

Ասենք՝ եթե փոքր բիզնեսը կարողանար իր ապրանքը վաճառել, հավասար մրցակցային պայմաններում աշխատեր, կարողանար վարկ վերցնել` իր բիզնեսը զարգացներ, ապա հարկային բեռն իր համար այսօր բարձր չէր թվա: Եվ քանի որ գործարարը զրկված է նշված հնարավորություններից, իսկ երկիրն աղքատ վիճակում է, միգրացիան էլ բարձր է, այսինքն՝ սպառողների քանակը քիչ է, ապա այն, ինչ գործարարը պիտի տա որպես հարկ, իրեն շատ է թվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը:

Գործարարների այս դժգոհությունը տեղին է, որովհետեւ ՓՄՁ ներկայացուցիչների արտադրողականությունն այնքան ցածր է, որի պատճառով նույնիսկ չէին կարողանում 3,5% շրջանառության հարկը վճարել, ըստ պարոն Մակարյանի՝ նրանց համար այդ բեռը ավելի մեծ թիվ կազմեց, քան երբ վճարում էին շահութահարկով՝ երբ չնչին շահույթի դեպքում՝ չնչին հարկ էր:

Տնտեսագետը հարկային բեռը համեմատեց զարգացած Շվեյցարիայի հետ, որտեղ հարկը հասնում է 90%-ի, սակայն գործարարները բավականին մեծ կարողություն են կուտակում 10% շահույթի հաշվին, եւ քանի որ նրանց արտադրողականությունը ինովացիոն է եւ բարձր, մրցակցությունը՝ հավասար, ապա հարկային բեռից չեն դժգոհում:

«Մեզ մոտ խոշոր բիզնեսի հարկային բեռը հասնում է մոտ 70%-ի, իսկ փոքրինը` 55-60%-ի, բայց խոշոր բիզնեսը շատ չի դժգոհում, որովհետեւ խոշորության մեջ իրենց գոյությունը պահում են: Բացի այս, բոլոր խոշոր բիզնեսներն անկախ չեն՝ բացի արտասահմանյան կապիտալով մի քանի ընկերություններից, իսկ իմ նշած խոշորների այդ մասը ինտեգրված է իշխանությունների հետ՝ կամ պատգամավոր են, կամ կուսակցական հողի վրա են իրենց բիզնեսը կարողանում պահել, իրենք ունեն ստվերայնության մաս, որն իրենց բիզնեսի շահութաբերությունն ապահովում է: Իսկ մեր հետազոտություններով՝ Հայաստանում փոքր բիզնեսները, հատկապես մարզերում, ունեն 1 ամսվա, լավագույն դեպքում՝ 3 ամսվա պատվերներ: Այսինքն՝ փոքր բիզնեսը շատ կարճատեւ կյանքի հույսով է ապրում, կարող է երեք ամիս հետո պատվեր չունենա ու գուցեեւ փակվի»:

Ինչ վերաբերում է հարցվածների 44%-ի արտահայտած այն կարծիքին, որ Պետեկամուտների կոմիտեում կաշառք են վերցնում, եւ չեն վստահում թե այս եւ թե դատական մարմիններին, ապա պարոն Մակարյանը այս երեւույթի մեկնաբանությունն էլ տվեց, քանի որ Գործատուների հանրապետական միությունն էլ մշտապես համագործակցում է բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին. «Ստուգող մարմինները շատ են, դրանք բոլորն էլ փորձում են կոռուպցիոն հնարավորություններն օգտագործել: Ցավոք, ստուգող մարմինների հետ կապված ռեֆորմները, որոնք սկսել էր կառավարությունը, կիսատ մնացին, իսկ ռեֆորմի նպատակն էր 18 ստուգող մարմնից 9-ը թողնել. սա չիրագործվեց: Նշեմ, որ կաշառքների հիմնական պատճառն էլ այն է, որ գործարարները դատարաններին չեն վստահում, դատական համակարգը դարձնելով ավելի կողմնակալ ու կոռումպացված՝ հարկադրեցին բիզնեսմենին կաշառք տալ ստուգող մարմիններին: Եթե գործարարը վստահ լիներ, որ կարող է դատարանում հաղթել ստուգող մարմնին, կդիմեին դատարան: Իսկ քանի որ այդպես չէ, գործարարը մտածում է՝ դատարանում պիտի քաշքշուկների մեջ ընկնի, ժամանակ կորցնի, այն էլ՝ հույս չունենալով, որ արդար վճիռ կլինի, գերադասում է ստուգող մարմնին կաշառել: Իսկ կաշառքն էլ տալիս է, որպեսզի գոյությունը պահի, որովհետեւ ինքը մրցունակ չէ, իսկ մրցունակ չէ, որովհետեւ էֆեկտիվ չէ, էֆեկտիվ էլ չէ, որովհետեւ անհավասար մրցունակության պայմաններում է գործում, ուստի ինքն իր մրցունակությունն ի շահ իրեն լուծելու համար շրջանառությունն է նվազեցնում, ստվերային աշխատող է պահում, փորձում է հարկերը շրջանցել՝ այդպես իր գոյությունը պահպանել»:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ ստուգող մարմիններն էլ, մեղմ ասած՝ «մի բարի պտուղ չեն». նրանք կամ ոչ օբյեկտիվ են տուգանում, կամ եթե մի փոքր խախտում էլ հայտնաբերում են, շատ խիստ են տուգանում. «Իսկ դա գնում է կաշառք վերցնելու, ահաբեկելու ուղղությամբ: Փոքր բիզնեսի ներկայացուցիչների գերակշռող մասը տգետ է, վախկոտ, չի տիրապետում իր իրավունքներին, եւ ստուգող մարմինն ինչ ասում է, պատրաստ է այդ կաշառքը տալ»:

Այն, որ հարցվածների զգալի մասն ասել է, թե չի վստահում երկրի իշխանություններին, պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ սա առաջին միջազգային զեկույցը չէ, որ հայաստանցիները նման կարծիք են հայտնում. պարոն Մակարյանը հիշեցրեց, որ ըստ միջազգային մեկ այլ հեղինակավոր զեկույցի, որը վերաբերել է Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին, իշխանության նկատմամբ անվստահության ամենամեծ տոկոսը եղել է հայաստանցիների շրջանում:

«Ուստի կառավարության առաջին խնդիրը պետք է լինի այդ ցավոտ հարցերի լուծումը, որի շնորհիվ վստահությունն էլ կբարձրանա, այս մասին նաեւ նախագահն է նշել նախորդ վարչապետին հրաժեշտ տալիս: Վստահությունը պետք է բարձրացնել, որպեսզի ժողովուրդը յուրաքանչյուր բարեփոխում ճիշտ ընկալի: Իսկ այսօր ինչ ռեֆորմ անում են՝ լավ-վատ, ժողովուրդը դրա տակ վատ իմաստ է փնտրում»:
Նոր կառավարության նկատմամբ վստահություն ձեռք բերելն էլ դժվար կլինի, ինչպես ասաց պարոն Մակարյանը՝ նոր կառավարությունը՝ իր խայտաբղետ կազմով, կրկին անհանգստության առիթ է տալիս. «Ունենք առաջադեմ երիտասարդներ, ունենք ոչ առաջադեմ նախարարներ, ունենք տարիքային ցենզով անհասկանալի նախարարներ, ունենք ե՛ւ պեդանտ, ե՛ւ հատուկ ախորժակով եկած նախարարներ. այս բոլորին ղեկավարելը վարչապետի ուսերին է դրված»:

Մեր այն դիտարկմանը, որ այդ կառավարության անդամներին հենց վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ընտրել, պարոն Մակարյանն ասաց. «Դժվար է միանգամից լավ կառավարություն ձեւավորելը, որովհետեւ կան կուսակցության շահեր, ընկերության, ախպերության, հարազատության հարցեր կան: Մենք պետք է կարողանանք Հայաստանի իրավիճակը ճիշտ գնահատել, իսկ քննադատությունը միայն վերեւներին չի վերաբերում, հասարակության մեջ միշտ այդ ախպերությունը կա, ոչ թե պրոֆեսիոնալ մոտեցումով է, այլ ուրիշ շահերով: Դրա համար էլ դժվար կլինի վարչապետի համար: Վարչապետն ասել է՝ «ով լավ չի կատարի աշխատանքը, ապա մեր ճանապարհները կբաժանվեն», բայց վարչապետը պիտի հետամուտ լինի իր ասածներին, որովհետեւ մարդիկ կան, ձախողած ու կոռումպացված նախարարներ, որոնք կամ այլ պաշտոն ստացան, կամ նորից կառավարության մեջ են: Այ, սա է վստահության խնդիրը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031