Ազգային գրադարանում և այլ օբյեկտներում հիմնանորոգման շինարարական աշխատանքներում հավելագրումների, այսպես կոչված՝ «ատկատների» գործով այսօր հրապարակվեց դատավճիռը:
ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և նույն հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և դատապարտվեց ընդհանուր առմամբ 5 տարվա ազատազրկման:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացված դատավճռով նա 2 տարի ժամկետով զրկվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեց երեքուկես տարվա ազատազրկման: Նա զրկվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով:
Երեքուկես տարվա ազատազրկման դատապարտվեց նաև «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը: Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը դրական եզրակացություններ է տվել՝ 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում