Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հրաչյա Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա աշխատել է «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊ ընկերության տնօրեն: Այս գործով տուժողներ են ճանաչվել ՍՊԸ-ի հիմնադիրներ, այլ երկրի քաղաքացիներ Քրիստիան Զադիկյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի հայրը՝ Մուշեղ Օհանյանը: Գործի դատաքննության ժամանակ Հրաչյա Սարգսյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը, հանդես եկավ մի շարք միջնորդություններով, որով ի չիք պետք է դառնար Հրաչյա Սարգսյանին առաջադրված մեղադրանքը: Մասնավորապես այն, որ «ՍՏՇ Պիրամիդա»-ի տնտեսական գործունեությամբ հայթայթված դրամական միջոցները չեն բավականացրել այդ ՍՊԸ-ի կենսունակության ապահովմանը, ինչի պատճառով Հրաչյա Սարգսյանը վտանգի տակ դնելով իր սեփական բնակարանի գոյությունը, այն գրավադրել է «Արցախբանկ»-ում՝ ՍՊ ընկերության անվամբ եւ մի քանի անգամ ստացել 15 մլն ՀՀ դրամի վարկ, որը ծառայեցրել է «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊԸ-ի շենքային ենթակառուցվածքների պահպանման, նորոգման համար, հարկային դաշտում ունեցած պարտավորությունների կատարմանը: Դատարանը մերժել էր անգամ այն միջնորդությունը, թե «ՍՏՇ Պիրամիդա»-ն 2010թ.-ից ինչքան հարկային պարտավորություն է ունեցել, ինչ գումար է այն կազմել եւ այդ գումարների մարումները երբ են կատարվել: Ի դեպ, վկաներից մեկը՝ «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊԸ ներկայիս տնօրեն Սուրեն Հովհաննիսյանը ցուցմունք էր տվել, մասնավորապես՝ հայտնելով. «Հարկային պարտավորությունների մարման համար Ք. Զադիկյանը նրան է տվել 10.000 եվրո, որը կազմել է 5.244.000 ՀՀ դրամ, մինչդեռ հարկային պարտավորության գումարը կազմել է 9.500.000 դրամ, մնացածը վճարել է Հրաչը՝ իր գումարներից»:
Ըստ մեղադրանքի կողմի՝ Հ. Սարգսյանը գործարքներն անձամբ իրականացնելով, «խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ», առանց Ք. Զադիկյանին եւ Մ. Օհանյանին տեղեկացնելու, նրանց համաձայնությունը ստանալու, «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊԸ անշարժ գույքը (տեղակայված է Երեւանի Սայաթ-Նովայի 20/2 եւ Մետաղագործների 28 շենքի թիվ 2 հասցեում) գրավադրել եւ վարկ է ստացել 1.500.000 ԱՄՆ դոլար եւ «հափշտակել» այն:
Ըստ պաշտպան Ռուբեն Բալաբանյանի՝ նշված հետեւությունը զավեշտ է, մերկապարանոց եւ չի հիմնավորվել որեւէ հիմնավոր ապացույցներով: «Դուք լսեցիք տուժող Մ. Օհանյանի ցուցմունքը: Նա դատարանում իմ հարցին, թե դուք որպես տուժող, ի՞նչ վնաս եք կրել՝ ֆիզիկական, նյութական, բարոյական, պատասխանեց, որ առանց իր գիտության «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊԸ-ն դրվել է արգելանքի տակ՝ այդ չափով, եթե այդպես է, մինչ այդ համալիրն արդեն գրավի տակ էր, իսկ այդ գրավը դրվել էր առանց նրան տեղեկացնելու, նրա ստորագրությունը կեղծելով, ինչո՞ւ այն ժամանակ չէր բարձրաձայնում: Բացի այդ, նա դատարանին սկզբում ցուցմունք տվեց, որ ինքը երբեք չէր հանդուրժի, թույլ չէր տա, որ Հրաչը ստորագրի իր փոխարեն, այսինքն՝ կեղծեր այն: Ու երբ դատարանը ցանկացավ ճշտել Օհանյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում եղած հակասությունը, նա անմիջապես հիշեց քննիչի գրած տողերը եւ նշեց, որ նախաքննական ցուցմունքն է ճիշտ: Այսինքն՝ ինքը եւ Ք. Զադիկյանը հանձնարարել են Հրաչին ընթացիկ հարցերով իրենց չանհանգստացնել, իսկ հարկ եղած դեպքում՝ փաստաթղթերում ստորագրել»,- ասաց Ռ. Բալաբանյանը:
Ի դեպ, Օհանյանը հայտնել է, որ 2006-12թթ. երկու անգամ է եղել «ՍՏՇ Պիրամիդա» ՍՊԸ-ում, հանդիպել Հրաչ Սարգսյանի հետ: Մինչդեռ, եթե երկու անգամ է եղել, ապա այդ վարկերը վերցվել են 4 դրվագով եւ ինչպես եղավ՝ ըստ պաշտպանի, որ նա մյուս երկու դրվագների դեպքում համաձայնություն տվեց: Ըստ դատարանում հնչած Ռ. Բալաբանյանի պաշտպանական ճառի՝ յուրաքանչյուր ամիս 9-10 հազար ԱՄՆ դոլար միայն վարձավճար տալը ու դրան զուգահեռ 60-70 աշխատակիցների աշխատավարձ ապահովելը, կոմունալ ծախսերը վճարելը պահանջել են հսկայական դրամական միջոցներ, որոնք բանկերից վերցնելը, բանկային տոկոսները մարելը, ամբողջովին դրված է եղել Հ. Սարգսյանի վրա: Ըստ Ռ. Բալաբանյանի, Մ. Օհանյանի եւ Ք. Զադիկյանի ցուցմունքը ի չիք է դարձնում քննիչի այն հետեւությունը, թե փաստաթղթերը ստորագրվել են 1.110.000 ԱՄՆ դոլար գումարը խարդախությամբ հափշտակելու համար: «Իմ պաշտպանյալը հենց Ք. Զադիկյանին ունեցած (վարձակալության, շահույթի) 80.000 ԱՄՆ դոլար չվճարած լինելու պարագայում ձգտել է այդ վարկը վերցնելուց հետո անմիջապես վճարել»,- ասում է Բալաբանյանը: Դա հաստատվում է նաեւ Ք. Զադիկյանի 2012թ. նոյեմբերի 13-ի բացատրությամբ, համաձայն որի՝ Սարգսյանն ասել էր նրան, որ նոյեմբերի 12-ին միասին կգնանք բանկ, քեզ կտամ գումարը՝ վարձակալության պարտքը՝ 80.000 դոլար: Ի դեպ, ըստ պաշտպանի՝ պետք է արդարացվեր Հրաչյա Սարգսյանը, քանի որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չէր պատճառել եւ չէր կարող պատճառել: 2006, 2007, 2008, 2009թթ. այդ եղանակով վերցրած 50.000, 360.000, 200.000, 900.000 ԱՄՆ դոլար վարկերի գործընթացը վկայում է, որ նա որեւէ մեկին վնաս չի պատճառել եւ չէր կարող պատճառել:
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ