Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը`քառյակին. «Ի՞նչ եղավ ձեզ մի գիշերվա մեջ»

Մայիս 13,2014 13:41

Կողմ 68, դեմ 12, ձեռնպահ 36 ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների մասին նախագիծը, որը վերաբերվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Հիշեցնենք, այդ նախագծով հանվում են գործատուների նկատմամբ տույժերը, եթե պարտադիր պահումներն արված չեն, եթե աշխատակիցը դիմում է գրում գործատուին եւ այլեւս չի վճարում պարտադիր վճարները: Ինչպես նաեւ, «կամուրջ» հաշիվներում հավաքված, մինչ օրս փոխանցված գումարները աշխատակիցը նույնպես դիմումներով կարող ետ ստանալ:

Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն երեկ ամբողջ օրը քննարկել է հարցը, հանդիպել է փորձագետներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, «Դեմ եմ»-ի անդամներին: Նա նշեց, որ թեեւ այս օրինագիծը կես քայլ առաջ է, մեղմում է լարվածությունը, բայց թերի է ու չի լուծում բոլոր խնդիրները: ԲՀԿ-ն ունի հարցեր, որոնք մնում են բաց, հետեւաբար, խմբակցությունը չի կարող «կողմ» քվեարկել: Բայց «դեմ» էլ չի քվեարկի`հնարավորություն տալով կառավարությանը քայլեր անել: Նաեւ, եթե արտահերթ նիստի պահանջով քառյակում ստորագրահավաք նախաձեռնվի, ԲՀԿ-ն միանալու է այդ նախաձեռնությանը:

ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը ևս հայտարարեց, որ կես քայլ առաջ է, բայց խնդիրը լուծում չի ստանում, պարտադիր բաղադրիչը մնալու է ուժի մեջ: Ուստի, ՕԵԿ-ը նույնպես «ձեռնպահ» է քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեռ երեկ էր հայտարարել, որ նախագիծը հակասահմանադրական է եւ իր համար ակնհայտ է , որ իշխանությունները շարունակելու են պարտադիր վճարները: ՀԱԿ-ի տեսակետն անփոփոխ է`«դեմ» են քվեարկելու եւ հնարավորինս արագ նախաձեռնելու են այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց:

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարության նախագծով քաղաքացու կամքը հաշվի է առնված, իսկապես քայլ առաջ է, բայց լուծում չի տալիս շատ խնդիրների: Սակայն, ի տարբերության երեկվա հայտարարության`«կողմ» քվեարկելու մասին , Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՅԴ-ն ևս «ձեռնպահ» է քվեարկում կառավարությանը հնարավորություն տալով աշխատանք տանել՝ պարտադիր բաղադրիչը հանելու համար: Արծվիկ Մինասյանն, ի դեպ, ասաց, որ «ձեռնպահ» քվեարկելու որոշումը դեռ երեկ առավոտյան խմբակցության նիստում է կայացվել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ կառավարությունն ուզում է «պարտադիրը» հանել, բայց «բյուջեն ձեռքերը պարզած» սպասում է պարտադիրի գումարներին: Քանի որ կառավարությունը նաեւ միջազգային ֆոնդերի առջեւ պարտավորություն է ստանձնել, հետեւաբար, պարտադիրը մնալու է: Այդ պատճառով «Ժառանգությունը» «դեմ» կքվեարկի:

ՀՀԿ-ականներին բարկացրեց ընդդիմության նման մոտեցումը: ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր ելույթում բարկացած դիմեց քառյակին. «Դուք քառյակով ինչի՞ համար եք պայքարում, որ լուծումներ գտնվեն, թե էդ ճանապարհի խոչընդոտները շատանան:Ես չգիտեմ, ձեզ մոտ ի՞նչ է փոխվել մեկ գիշերվա ընթացքում, որ հիմա «դեմ» ու «ձեռնպահ» եք: Պատկերացրեք, որ մենք էլ դեմ լինենք`ի՞նչ է լինելու հասարակության մեջ»:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը`հակադարձելով ՀՀԿ-ականներին, ասաց. «Դուք մեզ հարցեր մի տվեք: Երեկ առավոտյան մենք որոշում ենք կայացրել ձեռնպահ քվեարկելու`դրանով օգնում ենք ձեզ: Մենք պատրաստ ենք աշխատելու նորմալ կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու համար»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ «քաղաքական կարճատեսություն» է պետք`չնկատելու համար դրական տեղաշարժը կառավարության ներկայացրած նախագծում: «Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կոչ արեց մթնոլորտը չմագնիսացնել, «Ես ներկա եմ եղել վարչապետի ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպմանը, որտեղ, հաշվի առնելով մեր տրամագծորեն տարբեր հիմքերը` որոշվել է փոքր քայլերով փորձենք առաջ գնալ եւ այն, որ մեր գործընկերները «դեմ» չեն եւ «ձեռնպահ» են ուզում մնալ, դա էլ փոքր քայլ է»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը «ձեռնպահ» էր քվեարկելու, ասաց, թե իրականում կառավարությունը կիսատ քայլ է անում դեպի առաջ, բայց դա այնպիսի քայլ է, որը սեպտեմբերին երկու քայլ ետ է տանելու ու հավելյալ խնդիրներ է առաջացնելու:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն`ընդհատելով վարման կարգի անվան տակ վերսկսված քննարկումը հարցի շուրջ, ասաց. «Այս վերջի պահին որեւէ մեկը մյուսին չի կարող համոզել, դրա համար պետք չի կրքեր հասունացնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031