Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք էր հրադադարի հաստատումից անմիջապես հետո վերաբնակեցնել ազատագրված տարածքները. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 13,2014 13:27

Միայն «ոչ մի թիզ չենք զիջի» ասելով ոչինչ չի ստացվի։ Ուրեմն ի՞նչ պիտի անենք, եթե իսկապես ուզում ենք ոչինչ չզիջել։ Ավելի ճիշտ՝ ի՞նչ պիտի անեինք, որ մինչեւ հիմա չենք արել։

1. Պետք էր հրադադարի հաստատումից անմիջապես հետո վերաբնակեցնել ազատագրված տարածքները։ Առաջին քայլերն արվեցին, բայց 2000 թվականից սկսած գործընթացը փաստացի կասեցվեց։ Կարելի է, իհարկե, պատճառաբանություններ գտնել՝ մարդիկ չկան, ֆինանսական միջոցներ չկան եւ այլն, բայց դրանք ընդամենը պատճառաբանություններ են։ Նույն 2000 թվականից հետո Հայաստանից դուրս է բերվել մոտ 7 միլիարդ դոլար։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում մեկը չկա, որ արտասահմանում լրջագույն բիզնեսներ չունենա։ Նրանք ներդրումներ են արել ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ռուսաստանում, Անգլիայում, Էմիրաթներում, Աֆրիկայում, մի խոսքով՝ որտեղ ասես, բացի ազատագրված տարածքներից։ Մինչդեռ այդ 7 միլիարդի ընդամենը մեկ քառորդով կարելի էր ազատագրված տարածքները դրախտ դարձնել՝ առնվազն 300 հազար բնակչությամբ։

2. Եթե ի սկզբանե որոշել էինք, որ մի թիզ հող չենք զիջելու, պետք էր հրաժարվել միջնորդների ծառայություններից կամ նվազագույնի հասցնել նրանց դերակատարումը։ Դրա փոխարեն պետք էր ուղղակի բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ եւ շատ արագ կարգավորել խնդիրը, քանի դեռ ուժերի հարաբերակցությունը մեր օգտին էր, եւ Ադրբեջանը դեռ ուշքի չէր եկել։ Դրա փոխարեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխանության գալուն պես ձեւացրեցին, թե ղարաբաղյան խնդիր գոյություն չունի, ինքնագոհ շփեցին ձեռքերն ու անցան անձնական խնդիրները լուծելուն։ Այդ ընթացքում Ադրբեջանը հզորացավ ու հիմա ինքն է ուժի դիրքերից խոսում, միջնորդներից յուրաքանչյուրն էլ առաջնորդվում է բացառապես սեփական շահերով։

3. Պետք էր Հայաստանը դարձնել կատարյալ ժողովրդավարական երկիր եւ բոլոր պայմաններն ապահովել տնտեսական ազատ մրցակցության համար, որովհետեւ երկարատեւ դիմակայման պայմաններում դա մեր միակ ռեսուրսն էր։ Եթե նավթը ծնում է կոռուպցիա, շրջափակումը պիտի կարգուկանոն ծներ։ Բայց մեզանում կարգուկանոնի փոխարեն նույնպես կոռուպցիա ծնվեց։ Արդյունքում՝ մենաշնորհներ, օլիգարխներ, համատարած աղքատացում եւ արտագաղթ։ Պարզ ասած՝ Հայաստանը թուլանում է։ Այն դեպքում, երբ ոչ մի թիզ հող չզիջելու որոշումը կարելի է ապահովել միայն բանակով, իսկ բանակին անհրաժեշտ է ընդամենը երկու բան. մարդկային ռեսուրսներ եւ փող։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031