Մաշտոցի պուրակից բերման է ենթարկվել յոթ ակտիվիստ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրանք առավոտյան ցուցապաստառներով հավաքվել են պուրակում՝ բողոքելով պուրակը Միսաք Մանուշյանի անունով կոչելու ավագանու որոշման դեմ:
Այսօր պուրակում իրենց բողոքն արտահայտելու համար ակտիվիստները իրենց հետ ֆրանսերենով պաստառներ էին բերել ու պատրաստվում էին իրենց բողոքը հասցնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Նա նույնպես պուրակ էր այսօր եկել:
«Շղթա օպերացիա արեցին: Մեզ շատ մոտ առաջին շարքում հավաքվեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք եւ առաջին գծով մեզ տարան, հետեւից հավաքվեցին համազգեստով ոստիկանները, սկսեցին սադրել, տարբեր տեսակի արտահայտություններ անել: Դիմացի շարքի ոստիկանները սկսեցին հրմշտել, բրդելով, խփելով, ծեծելով մեզ հրեցին տարան այն կողմ: Ոստիկանը հրեց ինձ, նետեց հատակին, անձրեւանոցս կոտրեց, ուզում էր գլխիս տալ: Վերջում էլ, երբ ասացի՝ մի խփի, ասաց՝ ձենդ կտրի աղջի, կտամ գլուխդ կջարդեմ»,- Aravot.am-ին պատմեց ակտիվիստ Հելենա Մելքոնյանը:
Նրա խոսքով, իրենք ուզում էին Ֆրանսիայի նախագահին նաեւ տեղեկացնել, որ այս այգին «գրավել են » երիտասարդները չորս ամիս շարունակ ապօրինությունների դեմ պայքարելով ու գիշերելով հենց այգում. «Սա մեր հանրային տարածքն է, այստեղ շատ լուրջ հաղթանակ է եղել քաղաքացիական ակտիվիստների կողմից ու առանց քաղաքացիներին տեղեկացնելու՝ ոչ ոք իրավասու չէ անվանափոխելու այգին»:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են խաղաղ ցուցարարներին բերման ենթարկել, ի պատասխան պարոն Օսիպյանն ասաց. «Արարողակարգային միջոցառում էր, խանգարում էին եւ չէին ենթարկվում ոստիկանության պահանջին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչ են պահանջել, պարոն Օսիպյանը չպատասխանեց ու հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ