Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Ուորլիքը որեւէ նոր բան չասաց»

Մայիս 13,2014 12:57

«Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, որ բոլոր հակամարտությունները չի կարելի դիտակել մի հարթության մեջ, ուստի հակամարտությունների լուծման մոտեցումները տարբեր են: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, յուրաքանչյուր հակամարտության լուծման համար կան նախադրյալներ»,- այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսում այսպես պատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Մինսկի խմբի համանախագահների՝ զինադադարի 20-ամյակի առիթով հայտարարությունը եւ դրանից առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը:

Սերժ Սարգսյանը նշեց. «Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ներկայացուցիչները գրավոր եւ բանավոր խոսել են իրենց միասնական կարծիքի մասին, այն է, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Այս սկզբունքը այլընտրանք չունի: Վերջին այսպիսի մոտեցումը հանրությանը ներկայացրեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Նա որեւէ նոր բան չասաց: Ասաց այն, ինչ ասել էր իր նախագահը՝ տարբեր առիթներով: Զինադադարի առիթով համանախագահների հայտարարության մեջ էլ նույն մոտեցումը կար: Ինչքան էլ փորձի Ադրբեջանի ղեկավարությունն այդ մոտեցումը յուրովի մեկնաբանել, ինչքան էլ փորձի սկզբունքները մեկնաբանել յուրովի, միեւնույն է, ոչինչ չի ստացվելու: Ես չեմ կիսում այն հայտարարությունը, այն մոտեցումը, իբր թե տարբեր երկրներ մշտապես ցուցաբերում են երկակի ստանդարտներ: Ոչ, երկակի ստանդարտներ չեն դրանք: Դրանք բխում են կոնֆլիկտների պատմությունից, ծագումնաբանությունից»:

Լրագրողներից մեկն էլ նախագահ Օլանդից հետաքրքրվեց, թե Հայոց Ցեղասպանության 90-ամյա տարելիցին Թուրքիայի վարչապետը, հետո արտգործնախարարը հանդես եկան անսպասելի հայտարարությամբ, որը դրսում ընկալեցին որպես քայլ առաջ եւ հաշտեցման փորձ: Մինչդեռ Հայաստանում դա այդպես չընկալվեց: Չե՞ք կարծում, որ եթե Թուրքիան եթե իսկապես անկեղծ ցանկանում է կարգավորել հարաբերությունները, պետք է վավերացնի արդեն իսկ բանակցված եւ ստորագրված արձանագրությունները:
Նախագահ Օլանդը հիշեցրեց, որ ինքն այդ հայտարարության մասին իր խոսքն արդն ասել է. «Կենտրոնական հարցն այն է, որ այդ ջարդերը նշվեն իբր ցեղասպանություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031