Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քծնողների մեծ բանակ՝ երկրի ղեկավարների թիկունքում

Մայիս 13,2014 14:10

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի դիտարկումները

Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով նոր կառավարության մասին, նշեց. «Կառապանը փոխելով՝ ոչինչ չի փոխվի, կա՛ռքը պետք է փոխվի, ավելին՝ կառքի բեռը շուրջ 25 տարի է՝ նույնն է՝ տգիտություն, անգրագիտություն, կոռուպցիա, ավերված տնտեսություն, ողբալի վիճակում գտնվող գիտություն ու մշակույթ: Ինչպե՞ս ենք այս «բեռով» առաջ գնալու»:

Արվեստագետը որոշ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից, բայց մտահոգ է, որ մեծ խառնաշփոթություն է տիրում երկրում: Ճիշտ է համարում Մաքսային միություն մտնելը, ասում է՝ այս պարագայում այլընտրանք չկար եւ հետո, նրա խոսքով. «ռուսների հետ երեք հարյուր տարի շփվել ենք»: Ֆերդինանտ Առաքելյանը մի ցանկություն ունի. «Լավ կլինի, որ ներկա եւ նախկին ղեկավարները հաշտության գան, կառուցողական առաջարկներ անեն: Պետք է քննադատել բացասականը, բայց դա չի նշանակում, թե պետք է շիկացնել պետականության հարթակը: Ժամանակին, երբ Չերչիլը հեռացավ, նրա տեղը նստեց Կլեմենթ Էթլին, որը թույլ էր տալիս կոպիտ սխալներ, բայց Չերչիլը երբեք չէր ասում, թե ինքն ավելի լավ էր կառավարում: Դա գալիս էր նրանից, որ Չերչիլը սիրում էր Անգլիան, մեզ մոտ դա բացակայում է: Առաջին եւ երկրորդ նախագահները հաշտության եզրեր չեն գտնում, հույսները դրել են միայն կուսակցությունների վրա, իսկ կուսակցությունները չեն կարող հարց լուծել, ի վերջո սայլը տանողը ժողովուրդն է»:

Քանդակագործը փաստում է. «Մտավորականությունը հեռացել է պետականությունից, ազգից… Ստեղծագործական միությունների համագումարների ժամանակ դա ցցուն է արտահայտվում… Ամբողջ ընթացքում քծնանք ես տեսնում ու հասկանում, որ մարդիկ միայն իրենց շահն են փնտրում՝ մոռանալով ազգային շահը, երկրի առաջ ծառացած առաջնահերթությունները: Ցավալի է, բայց այն ազգը, որի մտավորականությունը հեռանում է պետականությունից, դատապարտված է»:

Խոսելով նոր կառավարության կազմի որոշ նախարարների մասին, քանդակագործը մի քանիսի մասին կարծիք հայտնեց. «Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, իմ սուբյեկտիվ կարծիքով, սկզբունքայնորեն մի բանի հետեւից գնացող է: Կարող է նաեւ սխալվել, բայց եթե խնդիր է դնում, գնում է հետեւից: Նրա՝ գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ լավ բաներ էլ են եղել, բայց տեղեր կան, որ ճարտարապետությունը հենակներով է գնացել, չնայած՝ իբր նախկին քաղաքաշինարարնե՞րն ինչ էին: Օրինակ, քննադատվում է Հյուսիսային պողոտան, որի ստեղծման ժամանակ ինչ-ինչ սխալներ եղան, բայց նաեւ տեղի հակաէսթետիկ ու հագահիգիենիկ աղբանոցը վերացվեց»:

Ֆերդինանտ Առաքելյանի խոսքով, ամենաբարդը մշակույթի նախարարի վիճակն է, որովհետեւ ոլորտը ծանր է՝ նախարարը գործ ունի անհատականությունների հետ: Նրա ձեւակերպմամբ, ի վերջո ժողովուրդն ու պաշտոնյաները նույն «ափսեից» են. «Ով էլ, որ լինի, երբ ընդունում է պաշտոնը, դառնում է սեփական եսի գերին, փողը գայթակղում է: Մեզանից որ մեկն էլ նախարար դառնա, այդպես է վարվելու: Բայց այս ամենի կողքին կարեւոր բաներ կան, կրկնում եմ՝ լավ կլինի, որ երկրի ղեկավարների թիկունքում հզոր ստեղծագործական ուժ լինի՝ ի դեմս մտավորականության, որի հետ պետք է հաշվի նստել, թե չէ՝ հիմա ստացվում է, որ հետեւում նստած է քծնողների մի մեծ բանակ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031