Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը վերածվել է ուրիշի ապրանքների իրացման շուկայի». Վազգեն Սաֆարյան

Մայիս 13,2014 12:53

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ դրական է գնահատում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի ընթացքը:

Վազգեն Սաֆարյանը կարեւորությամբ առանձնացրեց այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահը երեկ՝ իր Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցելուն եւ որ նախագահը չի բացառում , որ Հայաստանը նաեւ կհամագործակցի Եվրամիության հետ: Պրն Սաֆարյանի կարծիքով, այս հանգամանքը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի համար, որպեսզի Եվրոպական մի քանի երկրների հետ տնտեսական համագործակցության արդյունքում գրանցվի ապրանքաշրջանառության աճ:

Պրն Սաֆարյանը նման արդյունք ստանալու համար հետեւյալ լուծումն է առաջարկում. «Անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունն իր գործունեությունը հարմարեցնի Մաքսային Միության մեջ գտնվելու խնդիրներին: Սա նշանակում է, որ պետք է մոբիլիզացնել մեր ներքին ռեսուրսները՝ տեղական արտադրության զարգացման համար»: Պրն Սաֆարյանը պնդում է, թե այն բոլոր ապրանքատեսակները, որոնք կարելի է արտադրել Հայաստանում, դրանց ներմուծումը երրորդ երկրներից պետք է կասեցնել, քանզի ՄՄ անդամ դառնալուց հետո դրանց վրա մեծ մաքսատուրքեր կսահմանվեն:
«Օրինակ կոշիկի արտադրությունը պետք է զարգացնել Հայաստանում: Մեր երկրում տարեկան 10 մլն կոշիկ է իրացվում, որոնց կեսը բերվում է դրսից, եւ հիմա, անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ Հայաստանում նորից զարգացնել կոշիկի արտադրությունը: Դե իսկ այն ապրանքները, որոնք Հայաստանում չեն արտադրվում, բնական է, որ դրանք պետք է ներմուծել: Սակայն չի բացառվում , որ ՄՄ անդամ դառնալուց հետո դրանց գները ավելի բարձրանան, քանի որ գները պետք է ՄՄ երկրներում գործող մաքսատուրքերին համապատասխանեցնել»:

Պրն Սաֆարյանի խոսքերով վերջին տարիներին Հայաստանը վերածվել է ուրիշի ապրանքների իրացման շուկայի. «Մեզ թվացել է լավ է, որ մաքսատուրքերը ցածր են կամ զրոյական, դրա համար էլ ներմուծել ենք ուրիշ երկրներում արտադրվող ապրանքներ եւ հեղեղել ենք սեփական շուկան: Կասեցրել ենք տեղական արտադրություն, որի արդյունքում առաջացել է գործազրկություն, արտագաղթ ու այլ բացասական սոցիալական լարվածություններ»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031