Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկության սրահը

Մայիս 13,2014 14:30

Թումանյանի անկյունում անհայտ ծագման ձեթով պատրաստած շատ անհամ խաչապուրի են վաճառում, որը կարող են ուտել երեւի թե միայն սիրահարված ուսանողները, բայց եթե մտնեք կողքի շենքի բակը, կգտնեք ձեր երջանկությունը: Լուրջ եմ ասում՝ այնտեղ ավտոտնակի նման մի շինություն կա, որի վրա զիզիպիզի տառերով գրված է՝ «Երջանկության սրահ»…

Ես էլ ձեզ պես լուրջ մարդ եմ եւ, իհարկե, «Երջանկության սրահներին» շատ թերահավատորեն եմ վերաբերվում, միշտ անցնում էի կողքով՝ մտածելով, թե տերը բավական կատակասեր անձնավորություն է, բայց մի օր հետաքրքրեց…
Ու մտա: Երջանկությունն, իհարկե, առաստաղից չէր ծորում, բայց բավական կոկիկ ու ճաշակով ձեւավորված սենյակ էր: Նստած կինն էլ՝ բավական գրավիչ, Մոնիկա Բելուչիի տեղական՝ հայկական տեսակը, այսինքն՝ ոչ այդքան նիհար: Ու ծխում էր, ինչն ինձ ակնհայտորեն դուր եկավ: Եթե ձեռքին մի բաժակ շամպայն էլ լիներ, ավելի դուր կգար:
«Երեւի երջանկություն եք ուզում»՝ կռահեց հայկական Մոնիկան, ու դա շատ լավ էր, որովհետեւ եթե հարցներ՝ «Ինչի՞ համար եք եկել», շատ դժվար կլիներ արտասանել՝ «Երջանկության»:

Բայց հաջորդ հարցը պարզապես սպանիչ էր՝ «Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր երջանկությունը»: Դուք երբեւէ պատկերացրե՞լ եք ձեր երջանկությունը: Սկզբից ուզում էի հեգնել՝ «Դե փոքրիկ, կլոր, թմբլիկ, վարդագույն, համով՝ նորածին խոճկորի նման», բայց հետո սկսեցի լրջորեն մտածել, թե իրոք ինչպես եմ պատկերացնում երջանկությունը: Մենք, ախր, մեր ապագա երջանկությունը միշտ պատկերացնում ենք անցյալի մեր փորձառության հիման վրա, իսկ դա ի սկզբանե դատապարտված է, որովհետեւ չի լինի այլեւս այն, ինչ եղել է: Բանակում, օրինակ, մի անգամ զորավարժությունների ժամանակ՝ հոգնած, սոված ու ծարավ, մտածում էի՝ ի՛նչ երջանկություն կլիներ այս պահին մի հատ լիքը կրեմով էկլեր ուտելը: Ու հիմա ծիծաղեցի՝ պատկերացնելով, թե ինչ կմտածի իմ մասին այս կինը, եթե ասեմ, որ երջանկությունը լիքը կրեմով մի էկլեր է:

Ինքը հասկացավ: «Գիտեմ, որ հիմա մտաբերում եք ձեր կյանքի ամենաերջանիկ պահերը, բայց մեր «Երջանկության սրահը», ցավոք, մարդկանց անցյալը հետ բերելով չի զբաղվում: Ու դժվար թե դուք Երեւանում մեկ այլ սրահ գտնեք, որտեղ նման ծառայություններ են մատուցում: Եվ քանի որ դուք մեր առաջին հաճախորդը չեք, որն իր պատկերացրած երջանկությունը նկարագրելու խնդիր ունի, առաջարկում ենք ձեզ մեր ցանկը՝ կարող եք ընտրել, թե ինչը ձեզ երջանկություն կպարգեւեր: Այս ցուցակը, իհարկե, հնացած է, ուրբաթ օրը խոստացել են նորը բերել: Այնպես որ, եթե մեր առաջարկները ձեզ չբավարարեն, կարող եք հաջորդ շաբաթ կրկին մեզ այցելել»:

Հաստափոր ցուցակն իսկապես հնացած էր: 100 միլիոն դոլար ունենալու առաջարկի կողքին կար նաեւ այսպիսի կետ՝ ԱրամMP3-ն դառնա «Եվրատեսիլի» հաղթող: Կամ սիրահարվելու առաջարկի հարեւանությամբ գրված էր՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայում նվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը: Բայց նաեւ շատ ուրախացա, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք իրոք երջանիկ կլինեին, եթե Հայաստանը հաղթեր «Եվրատեսիլի» մրցույթում: Ինչ լավ է, որ քչով բավարարվող ազգ ենք:
Ամենից շատ ինձ, իհարկե, դուր եկավ արքայազն Հարրիի հետ ամուսնանալու առաջարկը՝ միշտ երազել եմ ամուսնանալ նրա հետ:

Ի դեպ, կային նաեւ երջանիկ դառնալու քաղաքական պայմաններ՝ օրինակ, Հայաստանի նախագահ դառնար Վլադիմիր Պուտինը: Երջանկանալու նույնիսկ այսպիսի առաջարկ կար՝ կենսաթոշակային կուտակային նոր համակարգից հանեն «պարտադիր» բաղադրիչը: Այսինքն, «Դեմ եմ» շարժման ցանկություններն էլ էին հաշվի առնված:

Ընդհանրապես, հետզհետե սկսեցի գնահատել մի քանի հազար կետից բաղկացած այս ցուցակը կազմողների տիտանական աշխատանքը՝ Հայաստանում արդարություն հաստատվելուց մինչեւ անբուժելի հիվանդությունից ազատվելը: Լեւոն Արոնյանի՝ աշխարհի չեմպիոն դառնալուց մինչեւ Ավստրալիայում մշտապես բնակվելը: Ավստրալիայի տարբերակը բավական գայթակղիչ թվաց…

Երբեք գովազդով չեմ զբաղվել, բայց այս անգամ ասեմ՝ օգտվեք «Երջանկության սրահի» ծառայություններից: Նրանք չեն խաբում՝ սեփական փորձից գիտեմ:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Սիդնեյ, Ավստրալիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031