Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսուա Օլանդ. «Զինադադարը միայն բավարար չէ, պետք է միասնական լուծում գտնել»

Մայիս 13,2014 12:32

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփեցին ասուլիսով:

Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ նշեց, որ այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում նախագահ Օլանդի հետ կառուցողական հանդիպում են ունեցել, հագեցած օրակարգ, տարածաշրջանային, միջազգային կարեւորության մի շարք խնդիրների են անդրադարձել:

Նա համոզմունք հայտնեց, որ այս այցը հայ-ֆրանսիական բարեկամությանն ու համագործակցությանը մեծ ներուժ կհաղորդի: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայկական կողմն ուզում է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ուղղություններով. «Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու, այլ նաեւ ժխտողական քաղաքականության դեմ իրավական մեխանիզմներով պայքարելու հանձնառության համար: Այս հարցը առավել քան արդիական է հատկապես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ժխտողականությունը համաեվրոպական դաշտ տեղափոխելու»:

Ֆրանսուա Օլանդն էլ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարան կա, որը թույլ է տալիս պատրաստել ուսանողներ, որոնք հետագայում հնարավորություն ունեն աշխատել Ֆրանսիայի հետ:
Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ նախագահ Օլանդը նշեց, որ սահմանները փակ լինելու հետ կապված բոլորն էլ հասկանում են, որ կա ապրանքաշրջանառության խնդիր. «Ֆրանսիան իբրեւ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի: Զինադադարը միայն բավարար չէ, պետք է միասնական լուծում գտնել: Իհարկե, հակամարտությունը, որ կյանքեր է խլել, պետք է իսկական լուծում գտնի: Ֆրանսիան պատրաստ է մասնակցելու լուծումը գտնելու միջոցառումներին, պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»:

Նախագահ Օլանդը հաստատեց, որ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մասնակցելու է հայաստանյան միջոցառումներին, որպեսզի վերհիշվի այդ սարսափելի եղեռնը. «Աշխարհին նվիրված մի խոսք է դա, որպեսզի այլեւս չվերապրեն այդպիսի սարսափելի եղեռններ: Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031