Լրահոս
Օրվա լրահոսը

Հումորիստ Գարիկ Պապոյանը հարցից լրջացավ

Մայիս 13,2014 12:29

Այսօր լուսադեմին Վարշավայից Երեւան ժամանած սիրված հումորիստ Գարիկ Պապոյանը, ի տարբերություն Արամ MP3-ի, բավականին առույգ տեսք ուներ ու իրեն հատուկ հումորով ու ժպիտով զրուցում էր լրագրողների հետ:

Նա պատմում էր, թե դանիացիներն ինչքան էին սիրում հայ երգչին ու նրա կատարումը Եվրատեսիլում, թե ինչպես էին Կոպենհագենի բնակիչները գալիս գրկախառնվում իրենց հետ, լուսանկարվում, ինքնագիր վերցնում, թե շատերը որքան էին զարմացած ու դառնացած, որ Արամը հաղթող չդարձավ:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Կոնչիտայի հաղթանակին, Գարիկը գուցե՝ իրեն բնորոշ հումորով, գուցե՝ հոգնածության պատճառով հարցրեց. «Կոնչիտա՞ն ով է»: Իսկ երբ տեղը բերեց, պատասխանեց մեկ բառով. «Նորմալ»:

Նրա խոսքերով, Արամ MP3-ը գերազանց ելույթ ունեցավ եւ կատարեց իր առաքելությունը՝ Հայաստանը արժանապատվորեն ներկայացնելով Եվրոպային: «Այսպես ասում եմ ոչ թե նրա համար, որ Արամն իմ ընկերն է, այլ որ դա իրոք այդպես է: Հավատացեք, որ ժողովրդի գնահատականը մեզ համար ավելի կարեւոր է, քան ժյուրիինը», – ասաց նա:

Իսկ երբ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե վտանգ չի՞ տեսնում, որ Եվրատեսիլի «կանոններն ու օրենքները», հնարավոր է, թափանցեն նաեւ Մանկական Եվրատեսիլ, լրջացավ: «Չէ, չեմ ուզում այդպիսի բան մտածել: Մանկական Եվրատեսիլում մենք տեսնում ենք մաքուր երեխաներ, լսում նրանց անաղարտ երգերը: Չեմ ուզում», – պատասխանեց Գարիկ Պապոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031