Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մտավորականները վանդալիզմ որակեցին «Լեռնային պար քանդակի» հանդեպ վերաբերմունքը

Մայիս 13,2014 12:25

ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ, «Լեռնային պար» քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Դվին» հյուրանոցի համար պետական մրցանակ ստացած Աշոտ Ալեքսանյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և բանաստեղծ, ԵՊՀ պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը այսօր խոսեցին Արզումանյանի «Լեռնային պար» քանդակի ոդիսականից: «Լեռնային պարի ավերումից անցել է մեկ տարի, սակայն «սայլը տեղից չի շարժվել»:

Արձանախմբի հեղինակ Տիգրան Արզումանյանը պատմեց, որ քանդակի ավերվելու լուրից հետո դիմել է քաղաքապետին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, սակայն նրա խոսքով, գործնականում բան չի կատարվել: «Անվստահելի սեփականատերը՝ Հարավկովկասյան երկաթուղին, խոստացել էր, թե արձանը պետք է վերականգնվի, սակայն ոչինչ չի արել: Թուրքական խումբ է շինարարություն կատարում, որը դարպասները բացել է ու ավելի անմխիթար վիճակ է ստեղծել, ով ասես դարբասից կարող է ներս մտնել ու շարունակել վնասել»,-ասաց քանդակագործը:

Նաեւ հավելեց. «Քաղաքապետի վրա հանձնարարական կար նախագահականից, քաղաքապետն էլ ինքը հավատում է, որ սեփականատերը միջոցներ կտրամադրի արձանը վերականգնելու համար, ես ինքս անհավատ եմ: Այս տարի չեմ հանդիպել Տարոն Մարգարյանին, անցյալ տարի եմ հանդիպել, երկու անգամ հանդիպել եմ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ, նաեւ Արման Սահակյանին: Քաղաքապետարանը պատասխանատվությունը գցում է մշակույթի նախարարության վրա, նրանք էլ ասում են՝ ճիշտ է, մեր պահպանության տակ է, բայց մենք ամեն քանդակի համար ոստիկան չե՞նք դնելու: Ի դեպ, ոստիկանությունից մի անհեթեթ նամակ ստացա, որ գողոնը հայտնաբերված չէ, գրել էին, թե բրոնզի ձուլակտորները չեն գտնվել: Այսինքն` ոստիկանությունը չի էլ ուսումնասիրել հարցը, իրականում արձանը պղնձից է: Եթե խորհրդային տարիներին ստեղծված ժառանգության հանդեպ այսպես ենք վարվում, կարգին նորն էլ չի ստեղծվում, մեր վերջն ի՞նչ է լինելու»:

«Դվին» հյուրանոցի հեղինակ Աշոտ Ալեքսանյանը փաստեց, որ «Լեռնային պարը» «Դվին» հյուրանոցի անբաժանելի մասն է: Հեղինակներից երկուսը ՝ ինքն ու էդվարդ Սաֆարյանը ողջ են: Ալեքսանյանի խոսքով, եթե «Դվինի» սեփականատերը ինչ-որ փոփոխություն է անում, պարտավոր է համագործակցել հեղինակների հետ եւ հարգել նրանց կարծիքը: «Այժմ «Դվինի» եզրը քանդված է, ներսում շինարարություն է կատարվում: Մեկ-երկու անգամ հանդիպել եմ սեփականատիրոջ ներկայացուցիչ Արտակի հետ, բայց անօգուտ: Ի դեպ, «Դվին» հյուրանոցի կողոպուտը սկսվեց հենց քանդակից»,- նեղսրտում է նա, ու դժգոհում, որ վերջերս իրեն եւ արձանի հեղինակին չեն էլ թույլատրել ներս մտնել ու տեսնել արձանը:

Արամ Սաթյանը եւս վրդովված է. «Մշակույթը այն ոլորտն է, որը ինչպես մեր զինուժը, նույն դերն է կատարում: Արձանի հանդեպ վերաբերմունքը անթույլատրելի է: Ես վերջերս դարձա կոմպոզիտորների միության նախագահ եւ տեսա, որ երկար տարիներ չեն կատարվել այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք արժեք են ներկայացնում: Նույնն էլ այս արձանն է, ինչո՞ւ ենք քննարկում արձանի այժմյան վիճակը, պետք է հասկանայինք, ոչ թե քննարկենք»:

Հենրիկ Էդոյանի ձեւակերպմամբ, երեւույթը սիմպտոմատիկ է , արձանի օրինակով տեսնում ենք այն վերաբերմունքը, որ կա ողջ մշակութային դաշտի հանդեպ: Նա Տիգրան Արզումանյանի արձանի հանդեպ վերաբերմունքը որակեց վանդալիզմ. «Ինչո՞ւ եք արհամարհում մարդու ստեղծագործությունը, չէ՞ որ դա կենսագրություն է: Հասկանում եմ Տիգրանի վիճակը, դա նույն է, որ իմ գրած գիրքը կամ Արամ Սաթյանի երաժշտությունը ոչնչացվի: Խնդրելով պահանջում եմ՝ վերականգնել արձանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031