Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանն արծարծելու է հայաստանյան պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը. «168 ժամ»

Մայիս 13,2014 12:13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հունիսի 23-ին Ստրասբուրգում մեկնարկելիք ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ կրկին բարձրացնելու է հայաստանյան պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը։ Ալիևը հայտարարում է, որ եթե Ռուսաստանի պատվիրակությունը մեկ տարով զրկվեց ձայնի իրավունքից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման համար, ապա նույն սկզբունքով պետք է առաջնորդվել Հայաստանի նկատմամբ, որն արդեն 20 տարի «բռնակցել է» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Արդյո՞ք ԵԽ ԽՎ պատվիրակները կարող են ընդառաջ գնալ Ալիևի ցանկությանը, և որքանո՞վ է իրական Հայաստանի պատվիրակության լիազորությունների չճանաչման հարցը։ Այս հարցի շուրջ հարցերին պատասխանում է ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությունում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը։

– Ադրբեջանի նախագահը, որպես ԵԽ ԽՎ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի ղեկավար, հունիսյան նստաշրջանի ժամանակ կրկնելու է Հայաստանի պատվիրակության լիազորությունները չճանաչելու պահանջը։ Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ ԵԽ ԽՎ պատգամավորները կբավարարեն Ալիևի ցանկությունը։

– Չեմ կարծում, որ նման բան հնարավոր է, որովհետև նախ՝ ԵԽ ԽՎ պատվիրակությունների կազմավորման որևէ սկզբունք Հայաստանի պատվիրակության ձևավորման դեպքում չի խախտվել, իսկ եթե հարցին նայում ենք գլոբալ առումով, ապա որևէ տրամաբանական պատճառաբանություն չկա, թե ինչու չպիտի հաստատվեն հայկական պատվիրակության լիազորությունները։ Կա միայն Ալիևի ցանկությունը, իսկ այդ ցանկությունը, բարեբախտաբար, ԵԽ ԽՎ կանոնակարգում ֆիքսված չէ՝ որպես այս կամ այն ազգային պատվիրակության լիազորությունները չհաստատելու աքսիոմ։

– Ալիևն իր պահանջը հիմնավորում է ԵԽ ԽՎ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիությամբ, եթե Ռուսաստանին պատժում եք Ղրիմի համար, Հայաստանին էլ պատժեք Ղարաբաղի համար։ Արդյո՞ք այս հիմնավորումը չի ազդի ԵԽ ԽՎ պատվիրակների վրա։

– Մենք էլ ենք մշտապես հանդես գալիս հանուն ԵԽ ԽՎ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության և մշտապես ասում ենք, որ Ադրբեջանն իրավունք չունի լինել ԵԽ անդամ, բայց, ցավոք սրտի, ԵԽԽՎ-ում մեր այս կոչերն անտեսում են։ Մի երկիր, որտեղ կան տասնյակ և հարյուրավոր քաղբանտարկյալներ, մի երկիր, որտեղ այս պահին 43 լրագրող գտնվում է անազատության մեջ, մի երկիր, որտեղ խոսքի ազատությունը և մարդու իրավունքները ոտնահարվում են, իրավունք չունի լինելու Եվրոպայի խորհրդի անդամ։ Նույն պատճառաբանությամբ Եվրոպայի խորհուրդն իր շարքերը չի ընդունում Բելառուսին։ Երբ որ մենք նայում ենք, թե ինչ հիմնավորմամբ են Բելառուսին արգելում լինել ԵԽ անդամ, և այն խնդիրները, որոնք ԵԽ-ն բարձրացնում է Ադրբեջանի առջև, ապա տեսնում ենք, որ դրանք գրեթե նույնական են։ Կա՞ այստեղ երկակի ստանդարտների կիրառում, իհարկե կա։ Ադրբեջանի և Բելառուսի տարբերությունն այն է, որ Ադրբեջանը նավթ ունի, իսկ Բելառուսը նավթ չունի։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031