Կոտայքի մարզի Թեղենիք եւ Արզական համայնքների բնակիչներն արդեն երկու շաբաթ է՝ հայտնվել են սարսափելի իրավիճակում, նրանց տները մեծ քանակությամբ տհաճություն եւ քոր առաջացնող թրթուրներ (օկնոգենա վնասատու) են լցվել։ Արդյունքում՝ գյուղի երեխաների մեծ մասը գիշերներն անցկացնում է կամ այլ գյուղերում ապրող հարազատների տներում, կամ էլ մեքենաներում։ Գրեթե նույն պատկերն է նաեւ Արագածոտնի մարզի մի շարք այլ համայնքներում։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ շրջանում թրթուրները տարածվել էին Արարատյան հարթավայրում, ապա՝ Արմավիրի մարզի 10-12 գյուղերում, որտեղ բնակիչների ուժերով հնարավոր եղավ կանխել դրանց տարածումը։
Թեղենիքի բնակիչ Հենրիկ Հարությունյանի ընտանիքի անդամները՝ մասնավորապես երեխաները, արդեն մեկ շաբաթ է, ինչ տանը հայտնված թրթուրների պատճառով գնացել են Երեւան՝ հարազատների տուն։ «Սկզբում տան բակում նկատեցինք թրթուրներին, կարծեցինք՝ սովորական որդեր են, կսատկեն, բայց հետո, երբ տունն օդափոխելու համար պատուհանները բացեցինք, երեկոյան արդեն դրանք հայտնվեցին տան բոլոր անկյուններում։ Գյուղի 70 տոկոսի տանը հիմա թրթուրներ կան։ Ստիպված երեխաներին ուղարկել եմ բարեկամի տուն, բայց դե այնտեղ էլ երկար չեն կարող մնալ»,-զայրացած ասաց պարոն Հարությունյանը։ Նրա պատմելով՝ համապատասխան մասնագետները եկել են, սրսկել, բայց միեւնույն է՝ վնասատուները շարունակում են ձվադրել ու բազմանալ:
Թեղենիքցիների պնդմամբ՝ գյուղում երբեւէ նման վիճակ չի եղել։ Համայնքապետ Մարատ Բաղդասարյանը շատ մտահոգված է, քանի որ թրթուրներն օր օրի ավելանում են ու լցվում բնակելի տարածքներ։ Նրա խոսքով՝ միայն ավիացիոն պայքարի միջոցով հնարավոր կլինի ոչնչացնել դրանց։ «Սակայն Հայաստանը չունի այդ ուղղաթիռից։ Ինչի համար էլ, իմ տեղեկությամբ, այն պետք է ձեռք բերի հարեւան Վրաստանի Հանրապետությունից։ Թե չէ այսպես հնարավոր չէ սրանց վերացնել, օր օրի ավելանում են»,- ներկայացրեց գյուղապետը։
Սյունե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում