Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը համաձայն է համանախագահների հետ. «Այո, օկուպացված տարածքներ, իրոք, կան»

Մայիս 13,2014 10:47

«Այո, օկուպացված տարածքներ, իրոք, կան. դրանք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գետաշենը, Մարտունաշենը, Արծվաշենն են, որոնք Բաքուն օր առաջ պետք է վերադարձնի: Պետք է նշեմ, որ Ղարաբաղի ժողովուրդը պատերազմ չի սկսել, այն ստիպված էր պատասխանել Ադրբեջանի ռազմական գործողություններին: Ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: Դա ժողովրդի ինքնորոշման հարց է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ` հրադադարի 20-ամյակի առիթով տարածած հայտարարությանը: Հիշեցնենք, որ հայտարարության մեջ համանախագահներն ընդգծել էին «Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքներ» ձևակերպումը:

Էդուարդ Շարմազանովը ցավալի է համարում, որ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը, ադրբեջանական իշխանության ռազմատենչ հռետորաբանությունը, պետական մակարդակի հասցված քսենոֆոբիայի քաղաքականությունը, որոնք խոչընդոտում են խնդրի խաղաղ կարգավորմանը, պատշաճ արտացոլում չեն գտնում Մինսկի միջնորդների հայտարարության մեջ:

Միաժամանակ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սակայն այդ հարցի առնչությամբ Բաքվի ապակառուցողական քաղաքականության պատճառով խնդրի մոտալուտ լուծման մասին խոսել դեռևս չենք կարող:

ԱԺ փոխխոսնակը կրկին ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ապահովելու համար հարկավոր է վերադարձնել Ստեփանակերտը բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ հենց նրա խոսքից է կախված խնդրի վերջնական լուծումը. «Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման ժամանակ փոխզիջումներին, այդ հարցը պետք է որոշվի Ստեփանակերտի կողմից` բանակցությունների սեղանի շուրջ վերջինիս վերադարձից հետո: Հենց նա պետք է որոշի`ի՞նչ հարցերում և ո՞ր չափ փոխզիջման գնալ»:

Էդուարդ Շարմազանովը միաժամանակ հոռետես չէ եւ համանախագահների հայտարարության մեջ դրական ելեւէջներ էլ է տեսնում: Մասնավորաբար` «Հայտարարությունից պարզ է դառնում, որ համանախագահները համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղն ինքնուրույն սուբյեկտ է, որի միջանկյալ և վերջնական կարգավիճակը պետք է որոշվի`Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման հիման վրա, ինչը պարտադիր ուժ կունենա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031