Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գյուղատնտեսները ծանոթանում են տնտեսության վարման ժամանակակից մեթոդներին

Մայիս 13,2014 10:38

ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 25-35 տարեկան 50 երիտասարդ գյուղատնտեսների շրջանում անցկացվում է «Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագիրը:

Այն իրականացնում է «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Գյուղական համայնքներում տնտեսական ներուժի խթանման գործում երիտասարդության ներգրավում» անվանակարգում:

2-01
Ծրագրի շրջանակներում ապրիլի 17-ից նոյեմբերի 14-ը երիտասարդ գյուղատնտեսները հնարավորություն կունենան մասնակցել գյուղատնտեսության ոլորտի փորձագետների սեմինար-դասընթացներին: Այնուհետև իրենց ստացած գիտելիքները կկիրառեն գործնականում. կհիմնեն սեփական այգիները, իրենց գիտելիքները կօգտագործեն օրգանիկ տնտեսություններում` մեղվաբուծության մեջ, կարտոֆիլի և այլ մշակաբույսերի աճեցման գործում:

Կոտայիք մարզի 10 երիտասարդներ Հրազդան քաղաքում արդեն մասնակցել են ուսուցողական դասընթացի, որի ընթացքում ծանոթացել են օրգանական գյուղատնտեսության մեթոդաբանությանը, ՀՀ-ում և արտերկրում տիրող իրավիճակին, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության օրգանական եղանակներին, հողի մշակության, սածիլների աճեցմանը (սերմերի որակական ցուցանիշները և նախապատրաստումը ցանքի համար. ընտրություն, լիարժեքության որոշում, օրգանական եղանակով ախտահանում, ոչ ավանդական մշակաբույսերի ցանք, սածիլում, հողախառնուրդի պատրաստում), օրգանական և ավանդական եղանակով պայքարին վնասատուների, հիվանդությունների և մոլախոտային բուսականության դեմ: Այնուհետև այցելել են Մեղրաձոր գյուղ` մասնակցել կարտոֆիլի ցանման աշխատանքներին, ծանոթացել մեղվաբուծության զարգացմանը նպաստող քայլերին:

Կարևորելով երիտասարդների շրջանում օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ իրազեկության բարձրացումը՝ ծրագրի համակարգող Անահիտ Ստեփանյանը նշեց. «Երիտասարդները բավականին ոգևորված էին, քանի որ նախկինում հողատարածքները մշակել են սելիտրայով, ինչը հանգեցրել է հողի դեգրադացման: Իսկ այժմ, երբ ծանոթանում են հումուսի, գոմաղբի մեթոդներին, իրենց ստացած արդյունքներն անհամեմատ ավելի լավն են, քան նախկինում: Մեր նպատակն է հատկապես գյուղաբնակ երիտասարդների շրջանում բարձրացնել օրգանական գյուղատնտեսության հանդեպ իրազեկվածությունը, քանի որ այդ երիտասարդների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, նրանք չունեն մտական աշխատանք»:

Երիտասարդ գյուղատնտեսներին օրգանական եղանակով տնտեսությունը վարելու պայմանով Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կտրամադրվեն որոշ հողատարածքներ, որպեսզի երկու տարվա ընթացքում նրանք ինքնուրույն վարեն օրգանական տնտեսություն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031