Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնենք՝ կայծակնային պատերազմով Ղարաբաղը կվերցնի». Արմեն Մարտիրոսյան

Մայիս 12,2014 22:57

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարի 20-ամյակի կապակցությամբ հայտարարություն են տարածել:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսպես մեկնաբանեց այդ հայտարարությունը. «Համանախագահներն ըստ էության, ամբողջովին վերահաստատել են Ուորլիքի ասածը:

Պարզ է, որ Ուորլիքը հենց այնպես չէր ասի այդ 6 կետերը: Ինքն ասել է այն, ինչ կար փաստաթղթում: Ուղղակի մի խնդիր կա, Ուորլիքն իր հայտարարությամբ հակակշռել է ՌԴ-ի վերջին  շրջանի գործողություններին եւ հայտարարություններին, ՌԴ դեսպանի հայտարարությանը, որ ԼՂ հարցում որեւէ մեկին թույլ չի տա ստատուս քվոն միակողմանի խախտել: Ասենք, Ղրիմում եւ Արեւելյան Ուկրաինայում տեսնում ենք, որ չնայած պայմանավորվածություններին, ՌԴ-ի ակտիվ ջանքերով այսօր Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է, Ուկրաինայում էլ այդպիսի իրավիճակ է: Դրանով ասում էր, որ թույլ չի տա Ռուսաստանին Ղարաբաղում այդպիսի գործողություններ իրականացնել: Այդ առումով Հայաստանի համար Ուորլիքի հայտարարությունը հավասարակշռող է եւ շահեկան է»:

Ըստ պարոն Մարտիրոսյանի, անընդունելի է, երբ համանախագահները խոսում են ազատագրված տարածքների մասին. «Որեւէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ ազատագրված տարածքներ խաղաղապահ ուժերի գալով՝ վաղը այդ նույն խաղաղապահներն ինչպիսի դիրքորոշում  կբռնեն: Խաղաղապահ ուժերը հավերժ չեն մնալու, իսկ նրանց գնալուց հետո Ադրբեջանն արդեն խիստ շահեկան վիճակում կլինի եւ ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, որ այդ համապարփակ համաձայնությունից հետո, երբ Ադրբեջանին վերադարձրած կլինեն ազատագրված տարածքները, ինքը կայծակնային մի հատ պատերազմով ամբողջ Ղարաբաղը չի վերցնի: Հեշտ է այդ նեղ միջանցքով դրան հասնել»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր ելույթում փակագծերը բացեց՝ ասելով, որ պետք է այն միջանցքը, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Երեւի նկատի ունեն ամենալայնը 22-23 կմ: Ցանկացած պարագայում, եթե Ադրբեջանն այդ միջանցքի վրա երկու կողմից կրակ բացի, 1 րոպեում այդ միջանցքը կփակվի եւ ռազմական առումով ԼՂՀ-ն գրավելը տեխնիկապես բարդ չի լինի: Բայց հիմա  այս ազատագրված տարածքների պարագայում մենք հենց ինքներս երաշխավոր ենք, որ այդ անվտանգությունը պահպանվի, որն ամենակարեւորն է: Ստրատեգիական այդպիսի լավ դիրքերն են պատճառը,որ մինչեւ հիմա խաղաղությունը կարողացել ենք ապահովել: Չեմ կարծում, որ Ադրբեջանը միայն  միջազգային պայմանավորվածությունների շրջանակում պատերազմ չի հայտարարել: Ես այն համոզմունքն ունեմ, որ Ադրբեջանը չի պատերազմել, որովհետեւ գիտի, որ այդ պատերազմից ոչ մի մետր հող միանշանակ չի կարող ետ ստանալ, ավելի վատթար  վիճակում կարող է հայտնվել: Ուստի անվտանգության նկատառումներով այդ ազատագրված տարածքները, ըստ էության մեզ պետք են՝ խաղաղությունը պահելու համար: Բացի այդ, այդ տարածքները Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի արդյունք են, մենք ինչքան զոհեր ենք տվել դրա համար: Դա մեզ որեւէ մեկը նվեր չի տվել: Վերջապես երաշխիքների մասին խոսացող մեր գործընկերները առաջին հերթին լավ կանեն, որ կարողանան Սեւրի պայմանագիրը կյանքի կոչեն, եւ մենք տեսնեք, որ միջազգային պայմանագրերը որոշակի կյանքի ուժ ունեն Հայաստանի պարագայում: Սեւրի պայմանագրով հասանելիք հողերի վերադարձը Հայաստանին թող ապահովեն: Բայց, քանի որ պարզ է, որ քաղաքականությունն ու իրականությունը այլ հարթությունում են՝ մեզ համար միանշանակ անընդունելի է այդ ազատագրված տարածքների վերադարձը»:

Պարոն Մարտիրոսյանը գտնում է, որ ազատագրված տարածքները վերադարձնելը հազարավոր խնդիրներ է իր հետ բերելու. «Խաղաղապահ ուժերի խնդիրն էլ է վտանգավոր, որովհետեւ չգիտենք, թե ինչ խաղաղապահ ուժեր կլինեն դրանք, ինչպիսի նպատակ իրենց առջեւ կդնեն, արդյոք չե՞ն կարող նրանք այստեղ ռազմական բախումներ հրահրեն՝ հօգուտ Ադրբեջանի: Դրա համար դա խիստ վտանգավոր դրույթ է: Փախստականների հարցն էլ է խնդիր՝ ո՞ր փախստականների մասին է խոսքը, ինչ իրավունքներ են ունենալու, արդյոք իրենք կարողանալո՞ւ են իրենց ունեցվածքը վերականգնեն: Հայաստանից բոլոր ադրբեջանցիները գնացել են՝ իրենց տները փոխանակելով կամ վաճառելով իրենց ունեցվածքը: Բայց Ադրբեջանի հայերն ուղղակի թողել են իրենց անասելի մեծ հարստությունները եւ փախել են: Հիմա իրենք կարողանալո՞ւ են ապահովել այդ ունեցվածքի վերականգնումը: Դա եւս խնդիր է: Պարզ է, որ այդ փաստաթուղթը՝ Մադրիդյան սկզբունքները եւ ԵԱՀԿ համանախագահների այսօրվա հայտարարությունը, շատ թերություններ ունեն: Խնդրի լուծումը բոլորովին այլ հարթությունում է՝ Հայաստանի բարեփոխումների մեջ է, ՀՀ բնակչությանն իր հայրենիքում պահելու մեջ է: Մեր եղբայրների կյանքով եւ արյամբ ազատագրված հողը մեզ հենց այն հնարավորությունն են ընձեռում, որ շատ ավելի հանգիստ եւ ավելի քիչ ռեսուրսներով կարող ենք պահպանել մեր եւ անվտանգությունը, եւ կենսական շահերը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. nver says:

    ճիշտ է ասում թուրքի հետ էդպիսի խաղերը վտանգավոր է էնքանով,որ թուրքը մնացելա նույնն,իսկ խաղի արբիտրը պոռնիկ եվրոպան է,որը մեզ բազմիցս գցելա օրինակ 1920թ Կիլիկիայում ու հայ թուրքական կռվի ժամանակ

  2. Մարիամ says:

    Առաջադրված կետերն անվանում են փոխզիջումային, սակայն Ադրբեջանի կողմից ոչ մի զիջման մասին խոսք չի գնում: Ինչու՞ պետք է մենք միակողմանի զիջումների գնանք ինչ-որ անհասկանալի խոստումների դիմաց, որոնց իրականացման երաշխիքը չկա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031