Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դեպք՝ Ավանի հոգեբուժական կենտրոնում. երիտասարդը հոգեմետ դեղի՞ց է մահացել

Մայիս 12,2014 21:57

Մայիսի 4-ին 32 ամյա Էդգար Շատիրյանը ինքնակամ դիմել է Ավանի հոգեբուժական բժշկական կենտրոն ու օգնություն խնդրել:

Էդգարի կինը՝ Անահիտը, Aravot.am-ին պատմեց, որ ամուսինը հոգեկան խնդիրներ երբեւէ չի ունեցել, հոգեբուժական կենտրոն դիմելու նախորդ օրն էլ հարբած էր տուն գնացել. «Հոգեբուժարան գնալու օրն էլ էր դեռ խմիչքի հոտը գալիս, դեռ չէր սթափվել: Անսթափ քայլ է արել»:

Էդգար Շատիրյանը հոգեբուժական կենտրոն է գնացել հորեղբոր տղայի ու եղբոր հետ ՝ տնեցիներին ասել, թե գնում է Մոսկվայի տոմսեր առնի. «Ինձ չասաց՝ ուր է գնում, լրիվ ուրիշ բան է ինձ ասել, լրիվ ուրիշ տեղ է գնացել: Եղբայրները հոգեբուժարանի բժիշկներին ասել են, որ ինքը գիժ չէ, դիտավորյալ է ձեւացնում, իրեն չպառկեցնեք, բայց բժիշկները ամուսնուս են լսել եւ եղբայրներին դուրս են հանել: Ամուսինս էլ եղբորն աչքով է տվել, թե գնա, ինձ հաշվառում է պետք, գնա ես հեսա կգամ»:

Անահիտի պատմելով՝ հոգեբուժական կենտրոնում ամուսնուն հոգեմետ դեղեր են ներարկել, ամուսինը պառկել ու քնել է եւ հենց նույն օրը երեկոյան մահացել հենց բժշկական կենտրոնում.«Մասնագետներն ասում են, որ հոգեմետ դեղը ոչ սթափ մարդուն չէր կարելի ներարկել, առավել եւս, որ ինքը սրտի խնդիր ուներ: Հոգեբուժարանում նրան չեն հետազոտել, միանգամից հոգեմետ դեղ են ներարկել»:

Մահացածի կինը նաեւ պատմեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ամուսինը մահացել է սրտի անբավարարվածության պատճառով. «Ինքը որ խմում էր, իրեն լավ չէր պահում, հոգեբուժարանում կարող էր եւ գիժ ձեւանալ, եւ պաշտոնյա: Բայց ինչու են բժիշկները հավատացել ամուսնուս եւ ոչ թե նրա եղբայրներին, որ ավելի սթափ են»:

Մեր հարցին, ինչու էր ամուսինը փորձում գիժ ձեւանալ, ինչու էր ուզում հաշվառում ձեռք բերել, Անահիտն ասաց. «Նա անհանգիստ մարդ էր, ուզում էր ամեն ինչ ունենալ, ինքը խմիչքից կախվածություն ուներ , երեւի մտածում էր հետագայում ինչ-որ արարք կանի ու գժի թուղթն իրեն պետք կգա… չեմ կարող ասել»:

Ավանի հոգեբուժական բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Սողոյանն էլ ասաց, որ Էդգար Շատիրյանը ինքնակամ է դիմել իրենց կենտրոն, ներկայացրել գանգատները՝ վատ, արյունոտ, մղձավանջային երազներ է տեսնում, ուզում է մարդ սպանել եւ խնդրել է իրեն օգնել. «Գանգատների հիման վրա հերթապահ բժշկի կողմից ախտորոշվել է հոգեշարժական գրգռվածություն»:

Պարոն Սողոյանը վստահեցրեց, որ նախնական հետազոտման անհրաժեշտություն չկար ու մասնագետին քաղաքացին չի կարող խաբել. «Հոգեկան խնդիրներ ունենալու համար տարբեր տեսակի անալիզներ այսօր Հայաստանում չեն իրականացվում: Հոգեշարժական գրգռվածությունը անալիզի կարիք չունի, իսկ դեպքը շատ ակնհայտ է եղել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031