ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ ունեցավ «Քարնեգի» հիմնադրամում: Նրա մատնանշած կետերից երկրորդում ասվում էր` «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում»:
«Aravot.am»-ը Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում վերոնշյալ դրույթը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ ամերիկացի համանախագահը որեւէ յուրահատուկ բան չի ասել կրկնելով` Մադրիդյան սկզբունքների դրույթները: «Միակ բանը, որ առավել հստակ ձեւակերպեց Ուորլիքն, այն էր, որ նա նշեց, կարգավորման գործընթացում ԼՂ-ն պետք է ունենա հստակ կարգավիճակ: Հայտնի է, որ այդ «կարգավիճակը» ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը միանգամայն հակադիր կերպով է պատկերացնում ու դրա նշանակությունը` յուրովի մեկնաբանում: Ինչ վերաբերվում է այսպես կոչված` «գրավյալ տարածքների» ազատմանը, ապա ես կարծում եմ, որ դրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտին ապահովող տարածքների մասն են, այլեւ ողջ տարածաշրջանի, ինչի փոփոխությունը կարող է ողբերգական հետեւանքների հանգեցնել: Չեմ կարծում, որ Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում որեւէ մեկը կարող է գնալ այդպիսի ինքնասպանության», ասաց ղարաբաղցի իրավապաշտպանը:
Կարդացեք նաև
«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա «Առավոտ»-ում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ