«Պարզ է, որ Ուորլիքն ինչ հայտարարել է՝ նորություն չէ: Եվ հիմա Էդվարդ Նալբանդյանի ասածը հենց այդ նույն մադրիդյանի շրջանակում է, եւ Ուորլիքի ասածից որեւէ բանով չի տարբերվում: Հայկական կողմը հենց դրան էլ համաձայնել է: Մեր իշխանությունները գործում են մադրիդյան սկզբունքների շրջանակում: «Ժառանգությունը» հայտարարել է, որ մեզ համար անընդունելի են մադրիդյան սկզբունքների գործընթացը »- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց՝ «Չմոռանանք Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, ուստի ազատագրված տարածքները միանշանակ վերադարձնելը մեր իշխանությունների մոտ ընդունելի է եղել: Իհարկե, կարծես թե հայկական կողմը վերապահում ունի միայն 2 շրջանի շուրջ, որ չի ցանկանում վերադարձնել՝ Քելբաջարը եւ Լաչինը: ՀՀ իշխանություններն իրենց այդ քաղաքականությունն իրականացնում են՝ ելնելով իշխանությունը պահպանելու խնդրից: Պարզ է, որ 2008-ի այդ խայտառակ վիճակը, 10 զոհերի առկայությունը իրենք փակեցին մադրիդյան սկզբունքների գնով եւ հայ-թուրքական արձանագրությունով: 2012-2013 խայտառակ ընտրությունները փակեցին Եվրոասոցացման խոստումով, որպեսզի ընտրությունների գնահատականները մեղմեն: Իհարկե, ասոցացումով խաբեցին, բայց հայ-թուրքական արձանագրություններն ու մադրիդյան սկզբունքները չէին կարող շրջանցվել, որովհետեւ արդեն ստորագրել էին փաստաթուղթը: Այնպես որ, Էդվարդ Նալբանդյանն արել է այն, ինչին իշխանություններն արդեն համաձայնված են եղել: Ուորլիքի ասածն ըստ էության մոտ էր մեր իշխանությունների ասածին, որովհետեւ կարծես թե Ադրբեջանն է, որ չի համաձայնում այդ տարբերակին: Եվ իր այդ դիրքորոշմամբ հույս ունի, որ ավելի մեծ պատառ կփախցնի»:
Ըստ պարոն Մարտիրոսյանի, մենք բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել՝ ընդունելով նախ 94-ի այդ «լղոզված» հրադադարը. «Մենք պետք է անպայման հասնեինք նրան, որ այդ պահին անպայման ստատուս քվոն արձանագրվեր՝ որպես վերջնական փաստաթուղթ: Մինչեւ հիմա իշխանությունները Արցախյան ազատամարտից հետո երբեւիցե լեգիտիմություն չեն ունեցել: Միշտ էլ կեղծվել են ընտրությունները: Եվ քանի որ խնդիր են ունեցել իրենց իշխանությունը լեգիտիմիացնելու արտաքին աշխարհում, պետական շահը դրվել է իշխանությունը պահելու զոհասեղանի վրա: Արդյունքում ունենք մադրիդյան սկզբունքներ»:
Մեր հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է հաշվի չառնել Ղարաբաղի կարծիքը, որովհետեւ նույն Ուորլիքի առաջարկների հետ կապված շատ կոշտ էր ԼՂՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե, չի կարող հաշվի չառնել. Որովհետեւ եւ Ղարաբաղն է գործոն, եւ պարզ է, որ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ կառաջանա: Բայց,քանի որ իրենք եւս ղարաբաղյան դաշտից են, մի փոքր այլ կողմից են մոտենում իրենց գործողություններին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ