Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ արձակեց դավադիր կրակոցը

Մայիս 12,2014 17:57

Դավթաշենում բոլորն այսօր նրա մասին էին խոսում՝ Ներսեսի նման պայծառ, հրաշք երիտասարդը սպանվել է, որովհետեւ չի կարողացել ինչ-որ ագահ հրեշ(ներ)ի կշտացնել:

Դավթաշենում մեծից փոքր արդեն տվել են իրենց դատավճիռը՝ Ներսեսը վարորդ էր, հրամանատար(ներ)ը վրան «բենզինի փող էին դրել», իրենք ծախել կամ ծախսել էին բենզինը, իսկ Ներսեսից փողն էին պահանջել, անգամ արձակուրդ էին տվել՝ տուն ուղարկել, որ գնա բենզինի փողը բերի, բայց որտեղի՞ց բերեր բազմազավակ ընտանիքի զավակը 180 հազար դրամը, չի բերել, դրա համար էլ գլխից խփել են…

Ու արդեն կարեւոր էլ չի՝ ո՞րն է իրականությունը: Մարդիկ գիտեն իրե՛նց ճշմարտությունը, որովհետեւ տարիներ շարունակ նրանք լսել են նմանատիպ պատմություններ, իրենց հարազատը, հարեւանը, հարեւանի հարազատը ծառայել են բանակում, «բենզինի» եւ այլ բաների «փող են փակվել», եւ այդ ամենը՝ լուռումունջ, որովհետեւ քանի դեռ երեխան բանակում է եղել՝ չեն համարձակվել ծպտուն հանել, որպեսզի իրենց զավակը, որին տարիներ շարունակ փայփայել են, մեծացրել են, տուն վերադառնա, որովհետեւ տուն չվերադառնալը, կամ ֆիզիկապես ու հոգեպես խեղված վերադառնալը ամենեւին էլ արտառոց բան չէ… Իսկ բանակից վերադառնալուց հետո էլ են լռել, որովհետեւ՝ խոսելն ամոթ է, փողը, մեկ է, հետ չեն բերի, եւ հետո՝ էլի որդի ունեն, դեռ բանակ պետք է գնա…

Սակայն ամենավատը դա չէ: Ամենավատն այն է, որ մարդիկ վստահ են ու վստահեցնում են՝ մեկ է, ոչ մի բան էլ չի լինի, ոչ մեկին էլ չեն բռնի, շունը շան թաթ չի կծում, կպլստացնեն, կգնա, երեխուն էլ ինքնասպան կսարքեն կամ արտաքին թշնամու գնդակի զոհ, երբ թշնամին ներքին էր… Եվ անգամ, երբ հույս տալու համար կողքից ասում են՝ նախարարը անձամբ է գնացել զորամաս, որ տեսնի ինչ է կատարվել, Ներսեսին ճանաչողները ուսերն են թափ տալիս՝ հետո ի՞նչ, մեկ է՝ չեն բացահայտելու…

Ու ապագա զինվորների մայրերը ծնկներին են տալիս ու արցունք թափում՝ բա ես ի՞նչ խղճով իմ բալին ուղարկեմ բանակ, Ներսեսի նման խելոք, լավ տղու գլուխը որ կերան, բա իմ երեխուն ի՞նչ կանեն…

Ու ապագա զինվորները գիշերներն անքուն են անցկացնում, մտածելով, թե իրե՛նց գլխին ի՞նչ փորձանք է գալու, ինչպե՞ս իրենց պահեն, ինչպե՞ս դրսեւորեն…

Իսկ Ներսեսը էլ չի գա, ու նրա բաժին աշխարհը՝ ընտանիքը, որ պիտի ստեղծեր, զավակները, որ պիտի ունենար, ծիծաղը, որ պիտի բաշխեր աջ ու ձախ, էլ չի կերտվի… որովհետեւ ինչ-որ մեկին բենզինի փող էր պետք…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031