Դուք ինչպե՞ս եք ընկալել Էդվարդ Նալբանդյանի պատասխանը՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, դա համաձայնությո՞ւն էր նրա առաջարկած 6 կետերին:
Aravot.am-ի այս հարցին մայիսի 12-ին ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ Ուորլիքի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր «բռնազավթած տարածքներ» արտահայտությանը, պետք է արձագանք ունենար ՀՀ արտգործնախարարության կողմից: Նման ձեւակերպումը չի արտացոլում իրականությանը՝ մեկ, եւ երկրորդը՝ չի նպաստում խաղաղության հասնելուն: Քանի որ Էդվարդ Նալբանդյանը որեւէ կերպ չի արձագանքել դրան, ես պարզապես ափսոսում եմ, որ իրենք փաստորեն համակերպվում են նման ձեւակերպման հետ»:
Ինչ վերաբերում է Ջեյմս Ուորլիքի առաջարկած 6 կետերին, ըստ Վլադիմիր Կարապետյանի, նորություն չէ, որ դրանք Մադրիդյան սկզբունքների «կմախքն» են: «Հենց դրա շուրջ էլ բանակցությունները վարվում են: Այդ առումով հասարակությունը այդ մասին տեղեկացված էր եւ այդ ամենը չպետք է որպես նորություն դիտի»:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին ելույթ էր ունեցել եւ առաջարկել խնդրի լուծման 6 կետեր, ինչին հետեւել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ