Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն խթանում է Հայաստանում կլիմայի փոփոխության և անվտանգության շուրջ երկխոսություն

Մայիս 12,2014 15:58

Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կայացած խորհրդակցային աշխատաժողովի հիմքում ընկած են Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով անվտանգությանը սպառնացող ազդեցությունների վերհանումը և առավել ռիսկային տարածքների քարտեզագրումը:

Աշխատաժողովում, որին մասնակցում են ներկայացուցիչներ և փորձագետներ՝ ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից, Օրհուս կենտրոններից, քաղաքացիական հասարակությունից, ուսումնասիրվում են Հայաստանում զարգացման միտումների վերաբերյալ վերջին վերլուծությունները և կլիմայի փոփոխության ազդեցությունը:

«Վերջին տարիներին կլիմայի փոփոխությունները դադարել են զուտ բնապահպանական խնդիր լինելուց և դարձել են ազգային և միջազգային անվտանգության հիմնահարց», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի ղեկավար Տոմաշ Դեմբսկին: «Ավելին, այն ուղղակի ազդեցություն ունի այլ բնապահպանական և սոցիալ-տնտեսական հիմնահարցերի վրա, ինչպիսիք են՝ կենսաբազմազանությունը, ջրային ռեսուրսները, էներգետիկան և հանրային առողջությունը»:

ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարդուհի Ասատուրյանը հավելեց. «Կլիմայի փոփոխությունը գլոբալ հիմնահարց է և դրա կանխարգելման, արձագանքման և ադապտացման միջոցները պահանջում են միջազգայինհամագործակցություն: Կլիմայի փոփոխությունը, իր հետևանքների լրջության պատճառով, արդեն մի քանի տարի ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է: Հայաստանը գնահատում է միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես «Շրջակա միջավայր և անվտանգություն» (ENVSEC) նախաձեռնության ջանքերը՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի միջոցառումներին աջակցելու համար»:

Աշխատաժողովների արդյունքները կներառվեն «Կլիմայի փոփոխություններ և անվտանգություն» զեկույցում, որը կքննարկվի այս տարի երեք տարածաշրջաններում նախատեսվող խորհրդակցային աշխատաժողովների ժամանակ:

Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից և «Շրջակա միջավայր և անվտանգություն» (ENVSEC) նախաձեռնության Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում կլիմայի փոփոխության և անվտանգության վերաբերյալ ծրագրի մաս է կազմում: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից՝ իր «կայունության գործիքի» միջոցով, ինչպես նաև Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031