Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կնոջը մի քանի անգամ դանակահարած Լեւոն Աղաբեկյանն ազատության մեջ է. Վերաքննիչ դատարանը բավարար հիմք չի գտել պատասխանատվության ենթարկելու

Մայիս 12,2014 15:39

Սիրանուշ Աղաբեկյանի ամուսինը՝ Լեւոն Աղաբեկյանն անցյալ տարի հոկտեմբերին դանակահարել է կնոջը. դա առաջին դեպքը չէր, որ ամուսինը կնոջը բռնության էր ենթարկել`կրկին դանակի հարվածներով:

Siranush_Agabekyan_5

Այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացնելով տիկին Սիրանուշի դեպքը,
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Լիդա Մինասյանն ասաց, որ վերջին դանակահարումից առաջ, երբ տիկին Սիրանուշը դիմել էր ոստիկանություն, նրան ոստիկանները համոզել են դիմումը հետ վերցնել, քանի որ բռնարարն ընդամենը վարչական տույժի է ենթարկվելու, ինչը սոցիալապես անապահով ընտանիքի բյուջեին մեծ վնաս կհասցնի: Սիրանուշ Աղաբեկյանն էլ լսելով ոստիկաններին, դիմումը հետ է վերցրել, որից հետո ամուսինը նորից դանակահարել է կնոջը:

Վերջին դանակահարությունից հետո, ճիշտ է Լեւոն Աղաբեկյանը ձերբակալվել էր, սակայն դատարանում, որդու խնդրանքով, կինը ներել է ամուսնուն: Իսկ այս ներումը չափազանց ծանր է նստել ընտանիքի վրա: Դատարանից ազատվելուց 2 շաբաթ հետո, Լեւոն Աղաբեկյանը Ամանորին, երբ ընտանիքի անդամները հյուր են գնացած եղել, ամուսինը մտել է Վանաձորի նրանց համատեղ բնակության բնակարան եւ այն հրկիզել:

Siranush_Agabekyan_3 Siranush_Agabekyan_2 Siranush_Agabekyan_1

Aravot.am-ը մի քանի անգամ անդրադարձել է բռնության այս դեպքին. Լեւոն Աղաբեկյանը զննության ժամանակ ոստիկանների մոտ ասել է` «Լավ եմ արել, իմ տունն է, կայֆավատ եմ եղել»:

Լեւոն Աղաբեկյանը տիկին Սիրանուշին դանակահարելու օրն էլ սպառնացել էր` «Կոկորդդ փրթելու եմ` արյունդ խմեմ»: Այսօր «Մեդիա կենտրոնում» տիկին Սիրանուշը վստահեցրեց, որ ամուսնու կողմից ամեն վայրկյան վտանգ է սպասում, քանի որ Լեւոն Աղաբեկյանը, մեղմ ասած` մեծ սեր ունի խմիչքի հետ, եւ ցանկացած պահի, հարբած հնարավոր է նորից, բայց այս անգամ անդառնալի վնաս հասցնի:
Դանակահարության մասին տիկին Սիրանուշի խոսքերը` տեսանյութում


Չնայած նրան, որ ընտանեկան բռնությունը պարբերաբար է եղել, Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճել է` պատճառաբանելով, որ բողոքը մասնավոր է, այլ ոչ թե հանրային:

Ասուլիսին ներկա տիկին Սիրանուշի փաստաբան Տիգրան Մուրադյանն ասաց, որ Սիրանուշ Աղաբեկյանի գործն իրավական պրակտիկայում ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ, թե դատախազության եւ թե հայցվոր կողմից ընտանեկան բռնությունը դիտարկվել է հանրային մեղադրանք. «Իսկ դատարանն այս գործը գնահատել է որպես մասնավոր. այսինքն` եթե տուժողը բողոք չունի, վարույթը ենթակա է կարճման: Բայց հաշվի առնելով Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտեր, այդ թվում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, եւ հաշվի առնելով եվրոպական դատարանի կողմից տրված մի շարք մեկնաբանություններ, փորձ է արվում տիկին Սիրանուշի գործը նախադեպ դարձնել, որպեսզի ընտանեկան բռնության դեպքերը դիտարկվեն որպես հանրային մեղադրանքի շուրջ, անկախ տուժողի բողոքի, հանցանք կատարածը պատասխանատվության ենթարկվի: Վերաքննիչ դատարանն այս հիմքը բավարար չի համարել, գտել է, որ սա մասնավոր մեղադրանքի գործ է, հաշվի չի առել միջազգային իրավական բազմաթիվ ակտեր»: Ներկայումս դատախազությունը Վճռաբեկ դատարան է դիմել, այս դատարան է պատրաստվում դիմել նաեւ տիկին Սիրանուշը:
Մանրամասն` տեսանյութում

Բացի այն, որ տիկին Սիրանուշը մշտապես սպառնալիքի տակ է ամուսնու կողմից, քանի որ Լեւոն Աղաբեկյանն ազատության մեջ է, հիմա էլ ընտանիքն ապրելու տեղ չունի, բնակարանը,կարելի է ասել, մոխրի է վերածվել հրկիզելուց հետո, պիտանի գույք էլ գրեթե չի մնացել: Սիրանուշն իր երեխաների հետ ստիպված ազգականների տանն է ապրում, այն էլ` ժամանակավոր, բնակարան վարձելու համար էլ բավարար եկամուտ չունեն:
Համատեղ բնակության բնակարանն էլ հրկիզելու գործով ոստիկանությունը գործ չի հարուցել:

Փաստաբան Տիգրան Մուրադյանի խոսքերով` ոստիկանությունը սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել. «Երբ սեփականության գրանցման վկայականում համասեփականատերերը 5-ն են`ամուսիններն ու 3 երեխաները, այս պայմաններում ոստիկանությունը համարեց, որ նա իր տունն է այրել, պատասխանատվության ենթակա չէ, բայց փաստ է, որ նա միայն իր տունը չի այրել, նաեւ` այլ սեփականատիրոջ տունն է այրել»:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նման գործելաոճը, պարոն Մուրադյանն ասաց. «Իմ գնահատմամբ դա ակնհայտ անգործություն է ոստիկանության կողմից եւ մենք հիմնավոր ապացույցներ ունենք»:

Ընդ որում, ոստիկանության այս անգործության վերաբերյալ էլ տիկին Սիրանուշը պատրաստվում է դիմել դատարան, քանի որ հենց նրանց պատճառով է, որ 5 ամիս առաջ հրկիզման դեպքով, երբ առանձին հաղորդում են ներկայացրել, ոստիկանությունը մերժել է գործի հարուցումը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի ծրագրերի համակարգող Լիդա Մինասյանն էլ անդրադառնալով ընտանեկան բռնություններին, նշեց, որ հ/կ-ի արագ արձագանքման խումբը 2012 թվականից 40 դեպք է արձանագրել, որից 16-ը սպանության ելքով, 20-ը` ֆիզիկական բռնություն է, 2-ը` հոգեբանական եւ 2-ը` սեռական: Սպանության այս 16 դեպքերից մեծ մասի դեպքում ոստիկանությունը զույգերին հաշտեցրել է, հետեւաբար, քրեական գործ չի հարուցվել, սակայն այդ դեպքերից մեծ մասի դեպքում հաշտեցումից հետո ամուսինները սպանել են իրենց կանանց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031