Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նոր բան չի կարդացել ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մեջ:
«Նա կրկնում է Մադրիդյան սկզբունքների հիմնական վեց կետերը: Մտահոգիչն այն է, որ շեշտադրումներն են արդեն տարբերվում»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, եթե մի քանի տարի առաջ ամերիկացի նախկին համանախագահը շեշտում էր ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու հանգամանքը, ապա Ուորլիքի ու ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո նրանց հստակ դիրքորոշումն էր, որ ԼՂՀ-ն դիտարկում են երկու սուբյեկտով՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածք ու օկուպացված տարածքները: Ըստ քաղաքագետի հանրաքվե անցկացնելու հանգամանքն էլ նոր համանախագահը տեսնում է անորոշ ապագայում:
Ինչ վերաբերում է Ուորլիքի մեկ այլ պնդմանը, թե հայկական զորքերը ԼՂՀ-ից պետք է դուրս հանվեն ու դրանք փոխարինվեն միջազգային ուժերով, քաղաքագետն ընկալում է որպես պատերազմ սկսելու դրդելու քայլ. «Մի քանի հարց եմ ուզում տալ Ոուրլիքին. Դուք ունե՞ք փոխվստահություն Ռուսաստանի հետ, որովհետեւ ուկրաինական դեպքերը ցույց են տալիս, որ նույնիսկ միջնորդների մեջ չկա փոխվստահություն, բացի դա ինչ ֆորմատով պետք է գործեն խաղաղարար ուժերը, ովքեր պետք է լինեն այդ խաղաղարար ուժերը… շատ հարցեր կան էստեղ: Ամերիկացի համանախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է՝ քան պատերազմի դրդելու քայլ»:
Կարդացեք նաև
Իսկ վերսկսվող հնարավոր պատերազմը, ըստ քաղաքագետի, կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի.«Որովհետեւ անմասն չեն մնա ոչ Ռուսաստանը, ոչ՝ Թուրքիան: Ուզո՞ւմ են միջնորդներն այդպիսի պատերազմ, եթե նրանք կողմնակից են խնդրի խաղաղ կարգավորման, ապա կառաջարկեի հանգիստ թողնեն այս տարածաշրջանը այնքան ժամանակ, քանի դեռ չկա նման մթնոլորտ»:
Պարոն Բոզոյանը մտավախություն ունի, որ շեշտադրումների փոփոխությունը կարող է լրջագույն փոփոխություններ բերել հակամարտության կարգավորման հարցում.«Հաջորդ քայլը կարող է ճանապարհային քարտեզ առաջարկվի, որը կատաստրոֆա կլինի»:
Վերջում էլ ասաց, որ եթե ադրբեջանցիները ունենային հաղթելու վստահություն, հենց վաղն էլ պատերազմ կվերսկսեին, բայց.« Քանի որ դիրքային առավելություն ունենք, ռազմաքաղաքական իմաստով ուժեղ դիրքեր ունենք Ղարաբաղում, ադրբեջանցիները մտավախություն ունեն, որ ռազմական գործողություն վերսկսելով՝ անհաջողության կարող են մատնվել եւ Ալիեւի ռեժիմը կարող է տապալվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ