«Ռուսաստանը մի բան պիտի ասեր, եթե մենք մեր դիրքորոշումը չենք ցուցաբերում, պարզ է, իրենք վակուումը պիտի լրացնեն»,-քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսպես արձագանքեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարություններին:
Պարոն Գրիգորյանը նշեց մի քանի գործոններ, որոնց արդյունք է ՌԴ դեսպանի հայտարարությունը ու մանրամասնեց. «Վոլինկինի հայտարարությունը դիտարկում եմ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների սրման, ՀՀ-ի՝ կտրուկ անցման՝ դեպի Մաքսային միություն և մեր պասիվության համատեքստում: Եթե մենք ակտիվ չենք, նրանք մի բան պիտի ասեն: Եվ ահա ստացանք Վոլինկինի պատասխանը՝ եթե գնում եք Մաքսային միություն, ուրեմն ազատությունների աստիճանը պիտի սահմանափակվի: ՌԴ-ում ԶԼՄ-ների իրավունքները սահմանափակվում են օրենքներով, ոչ կառավարական կազմակերպությունները ագենտներ են համարվում, ո՞նց է, գնում եք Մաքսային միություն, եթե այդ ազատությունները թողել են ձեզ: Վոլինկինից մենք ստացանք պատասխան այն մասին, որ եթե գնում եք Մաքսային միություն, ուրեմն պետք է պատրաստ լինեք որոշ ազատություններից զրկվել: Դադարեցրեք, ձեր ազատ-մազատ լինելը, ընդունեք օրենքներ, համապատասխան փոփոխություններ արեք»:
Aravot.am-ի հարցին՝ եթե ՀՀ իշխանությունները կտրուկ պատասխան չեն տալիս ՌԴ դեսպանի հայտարարություններին, դա նշանակում է, որ նրանք արդեն որդեգրե՞լ են այդ սկզբունքները, պարոն Գրիգորյանը հեգնեց. «Եթե մենք դառնանք Մաքսային միության անդամ, ապա կասկած չունեմ, որ սահմանափակումները ուզած-չուզած կմտցվեն: Մեր իշխանությունները իրոք շատ զբաղված են, այս հարցերը նրանց ուշադրությունից վրիպում են: Օրինակ մեր խորհրդարանի անդամներից շատերը քաղաքականության հետ կապ չունեն: Մոտենալ ու այդ մարդկանց ասել աշխատեք, իրոք անբարոյականություն է: Նայում ես կառավարության անդամներին, տպավորություն է ստեղծվում, որ ոչ մի կապ չունեն հայ ազգի, հասարակության հետ: Մեծամասնությունը մթնոլորտ է ստեղծում, որի համաձայն՝ պետական հարցերով զբաղվելը ընդունված չէ և վատ տոն է դա համարվում»:
Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ այս հայտարարությունից հետո Վոլինկինին պետք է զրույցի հրավիրել ԱԳՆ ու հարցնել, թե ինքը ուզո՞ւմ է, որ ագենտների մասին օրենքը ընդունվի՞ ՀՀ-ում, կամ ԶԼՄ դաշտո՞ւմ սահմանափակումներ մտցվեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ