Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը շարունակեց «լղոզել» եւ մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին

Մայիս 12,2014 14:48

«Կա մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք՝ բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»,- այսօր խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:

Լրագրողները ՀՀ փոխարտգործնախարարին հարցրեցին`իրեն չի՞ մտահոգում այդ հայտարարության մեջ որոշ արտահայտությունների առկայությունը: Նկատենք, որ համանախագահների հայտարարության մեջ ասված է. «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ և համաձայնագիրը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը: Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց շարունակական տեղահանությանը, միջազգային սահմաններին և շփման գծում բռնության սրացման մշտական սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակների մոտ այն մոլորությանը, թե ստատուս քվոն կարող է պահպանվել անորոշ ժամանակով»:

Համանախագահների այդ դիտարկումների վերաբերյալ Շավարշ Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որի շուրջ ակնհայտ է, որ կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները. «Այդ երկուսի շուրջ կա անհամաձայնություն և ըստ համանախագահների` դա առաջընթաց չի արձանագրել»:

Ըստ Շավարշ Քոչարյանի, ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից ցանկանում է հրաժարվել Ադրբեջանը և այն պարզ պատճառով, որովհետև այդ ձևաչափը զսպաշապիկ է, ոչ միայն մասնագիտացված է ու շատ լավ գիտի հակամարտության նախապատմությունը: Բացի այդ, ձևաչափում ընդգրկված են երեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ` ՌԴ , ԱՄՆ, Ֆրանսիա և բոլոր հայտարարությունները հստակ ասում են մեկ բանի մասին` խաղաղ կարգավորում:

«Հայտարարություններից մեկում միանշանակ, որը հասցեագրված էր Ադրբեջանին, ասվել է, որ այլ հետևանքներ, որոնք այսօր կան` մարդկային զոհեր, ավերածություններ և այլն, ուժային կարգավորման արդյունք են և նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածությունների ու զրկանքների: Հետևաբար այդ ձևաչափն ունի երկու առաքելություն` նպաստելու, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումների վրա համաձայնության և թույլ չտալ, որ այն փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է և որի կապակցությամբ էլ համանախագահները հայտարարություն են արել ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- նշեց փոխարտգործնախարարը:

Շավարշ Քոչարյանը նաև հիշեցրեց Ադրբեջանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք վկայում են, որ այդ պետությունը մեկ ՌԴ-ից է դժգոհ, մեկ Ֆրանսիայից, մեկ էլ ԱՄՆ-ից կամ բարձրաձայնում են ձևաչափում անդամներ ավելացնելու և այլնի մասին:
Փոխարտգործնախարարը բավական դժվարությամբ սկսեց շփվել լրագրողների հետ եւ շատ այլ հարցերի չպատասխանեց:

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ, մասնավորաբար, նշելով. «Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031