«Դրական որեւէ սպասելիք չունեմ, եւ երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն, այնուամենայնիվ, տեսնում եմ արտահերթ ընտրությունները՝ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական, առավել եւս, երբ ներքաղաքական, ներպետական տնտեսական խնդիրներին գումարվում է արտաքին քաղաքականը, տեսնում ենք, որ Հայաստանը դարձել է անձայն, լուռ երկիր»,- այսօր՝ մայիսի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ կարծում է՝ դեսպանը իր այդ հայտարարությունը կատարելիս համոզված է եղել, որ Հայաստանը իրենից որեւէ բան չի ներկայացնում եւ իշխանություններից որեւէ մեկը չի կարող հակադարձել.
«Որեւէ դեսպան, անկախ նրանից, թե որ երկրի ներկայացուցիչ է, իրավունք չունի ասել, թե մենք ինչպիսի ներքին քաղաքականություն պետք է վարենք: Առավելագույնը, որ դեսպանը կարող է ասել, դա միջազգային այն սկզբունքներն են, որոնք կիրառվում են, օրինակ՝ ժողովրդավարության հետ կապված, մարդու իրավունքների հետ կապված, բայց ոչ երբեք ասել չեզոքացնել հասարակական կազմակերպություններին, այն էլ, ըստ էության, այն միջոցներով, որ իրենք են ընդունել, որը շատ ժամանակ օրենքից դուրս է նաեւ»:
Իսկ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը նորություն չէ Արմեն Մարտիրոսյանի համար, եւ նա համարում է, որ դա առանձնահատուկ մոտեցում չի եղել: Նա հայտարարեց, որ «Ժառանգության» համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները, իսկ Ուորլիքի ներկայացրած վեց կետերը հենց մադրիդյան սկզբունքների շրջանակում են. «Մեզ համար որեւէ քննարկման ենթակա չէ Լեռնային Ղարաբաղի անկախության խնդիրը, որովհետեւ այն անկախացել է ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան, միջազգային իրավական ամբողջ փաթեթի համապատասխան, ուստի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը այլեւս անքննարկելի է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ