Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայի համար ձեռնտու չէ Դոնեցկի եւ Լուգանսկի անկախացումը». Արամ Մանուկյան

Մայիս 12,2014 14:04

Քաղաքագետ Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երեկ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած ինքնորոշման մասին հանրաքվեին, ասաց, որ վստահ է, որ միջազգային հանրությունը չի ճանաչի հանրաքվեի արդյունքները:

Քաղաքագետը կարծում է, որ տեղի ունեցած հանրաքվեն շրջադարձային փուլ էր ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացումների համար. «Թեեւ հանրաքվեի ընթացքում դրված էր այդ շրջանների անկախացման հարցը, սակայն սրանով տեղի բնակիչները անուղղակիորեն անվստահություն էին հայտնում տեղի իշխանությունների նկատմամբ»:

Ըստ Արամ Մանուկյանի՝ Ուկրաինայի հարավարեւելյան տարածքների անկախացումը շահեկան չէ Մոսկվայի համար. «Եթե այս տարածքները անկախանան, ապա դա ձեռնտու տարբերակ չէ Մոսկվայի համար: Հայտնի է, որ Ուկրաինան առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի համար, եւ, այս տարածքները թողնելով Ուկրաինայի կազմում, Ռուսաստանը կարեւոր լծակ կպահպանի, որպեսզի կարողանա ամբողջ Ուկրաինան ներքաշել իր ազդեցության գոտու մեջ»:

Նրա պնդմամբ՝ Մոսկվան չի փորձի սրել առանց այդ էլ լարված հարաբերություններ Արեւմուտքի հետ եւ կփորձի ձեռնարկել երկխոսություն՝ իրավիճակը շտկելու համար: «Խիստ հարցական է , արդյոք Մոսկվան կճանաչի՞ հանրաքվեի արդյունքները, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա, միանշանակ, արեւմտյան երկրները չեն ճանաչի հանրաքվեի արդյունքները»,- ասաց Արամ Մանուկյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ հանրաքվեի արդյունքում ակնհայտ դարձավ, որ Կիեւի իշխանությունները, չնայած իրենց կողմից գործադրվող ջանքերի, բավարար ռեսուրսներ չունեին հանրաքվեի անցկացումը խոչընդոտելու համար:

Անդրադառնալով մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին, պրն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ երեկվա հանրաքվեից հետո Կիեւը, միգուցե, ստիպված է լինելու գնալ զիջումների եւ համաձայնել դաշնայնացման տարբերակին: «Հակառակ դեպքում՝ Ուկրաինայի ռուսամետ շրջանները կբոյկոտեն մայիսի ընտրությունները եւ Մայդանի հեղափոխության լեգիտիմացման փորձը կձախողվի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031