«Այս կառավարությունը օլիգարխիկ կառավարություն է, այս կառավարությունը Հայաստանի քաղաքացիների հետ բացարձակ կապ չունի, այս կառավարությունը որոշ խնդիրներ լուծելու համար է ստեղծվել»,- այսօր՝ մայիսի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ այս կառավարությունը նախկինում այնպիսի գործունեություն է ծավալել, որ առանց ծրագրին սպասելու, կարելի է ասել՝ դրական որեւէ քայլ չի լինելու: Նա հայտարարեց, որ Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ, սակայն այս նոր կառավարությունը ոչ միայն փոփոխությունների ունակ չէ, այլ նաեւ հակաբարեփոխական կառավարություն է, եւ նրա վարած PR քաղաքականությունը, ընդամենը քաղաքացիներին մոլորեցնելու գործունեություն է. «Նույնիսկ Տիգրան Սարգսյանի կառավարությունում այսպիսի մի իմիտացիոն գործառույթ էր փորձվում իրականացվել, որ դա բարեփոխումների միտված կառավարություն է, բայց արդյունքում՝ շատ կարճ ժամանակ հետո Տիգրան Սարգսյանը հասկացավ, թե ինքը որ իշխանության վարչապետն է: Այս կառավարությունը նույնիսկ այդ իմիտացիան չունի»:
Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ որեւէ կառավարություն իր ծրագրում չի գրում, որ գալու են ժողովրդին աղքատացնեն, փոքր եւ միջին բիզնեսը սպանեն, մոնոպոլիաները մեծացնեն, բյուջեն թալանեն, եւ եթե որեւէ մեկը սպասում է, որ մեր նոր կառավարության ծրագրում այդպիսի բառեր լինեն, որ նոր սկսեն քննադատել, ապա սխալվում է: Պարոն Մարտիրոսյանը պարզ է համարում, որ Հովիկ Աբրահամյանի՝ ձեւավորված կառավարությունը պաշտպանելու է բացառապես խոշոր բիզնեսի շահը, քանի որ որպես Ազգային ժողովի նախագահ նա այնպիսի գործունեություն է ծավալել, որի արդյունքում փոքր եւ միջին բիզնեսը սպանվեց.
«Ցավոք սրտի, վարչապետ նշանակվեց մի անձնավորություն, որ իր ամբողջ գործունեության ընթացքում, բիզնեսը միշտ գործադիր իշխանությունում կարեւորագույն պաշտոնները զուգորդել է: Որպես Հանրապետական կուսակցության շտաբի ղեկավար, ինքը երկու համապետական ընտրությունների պատասխանատուն է, գլխավոր կազմակերպիչ եւ Հայաստանում չկա ավելի լավ ընտրակեղծիքների կազմակերպիչ, քան Հովիկ Աբրահամյանն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև