Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության վեց կետերն այլ կերպ են մեկնաբանվել:
«Կան կետեր, որոնք ընդհանրապես անընդունելի են նաեւ Ադրբեջանի համար, պարզապես ադրբեջանական կողմը չհասցրեց այդ աստիճանի արձագանքել, ինչպես եղավ Հայաստանի դեպքում: Ղարաբաղյան կողմն ու Հայաստանի պաշտպանության նախարարությունը բավականին կտրուկ ու պարզ արձագանքեցին: Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարի արձագանքին, իմ կարծիքով, կարեւոր էր նախարարի այն շեշտադրումը, որ բանակցային գործընթացը գնում է երեք համանախագահ երկրների մասնակցությամբ»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց պարոն Մինասյանը:
Նա ամերիկացի համանախագահի հայտարարությունը մի քանի հանգամանքով պայմանավորեց. «Մի կողմից դա կապված էր հրադադարի ռեժիմի 20-ամյակի հետ, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների լարվածության սրումն է մեր տարածաշրջանում: Բայց հասկանալի է, որ հնչեցված կետերն ու կարծիքը անհնար են առանց մյուս երկու համանախագահների դիրքորոշման: Մենք տեսանք, որ հենց երեկ երեք համանախագահները նոր հայտարարություն արեցին, որտեղ կրկնեցին այն բոլոր մոտեցումները, որոնք կային և ձևավորվել են վերջին տասնամյակում, հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ»:
Նա Մինսկի խմբի համանախագահների՝ նախօրեին տարածած նոր հայտարարության մեջ կարեւորեց նրանց շեշտադրումը՝ շփման գոտում վստահության ապահովմանն ուղղված գործողությունների ու ռազմական գործողությունների վտանգի նվազեցման մասին կետերը:
Պարոն Մինասյանն արցախյան հակամարտության գոտում պահպանվող իրավիճակը բացատրեց երկու բաղադրիչով:
Ըստ նրա, չնայած վերջին տարիներին Ադրբեջանն արագացնում է սպառազինությունների մրցավազքը, բայց հայկական կողմն էլ կարողանում է պահպանել ռազմատեխնիկական բալանսը շփման գոտում, ինչն էլ ապահովում է հրադադարի ռեժիմը, ինչպես նաեւ կարեւորեց համանախագահ երկրների ներգրավվածությունը շրջանային անվտանգության խնդիրներին.
«Այս երկուսն են հիմնական բաղադրիչներն այն փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, որ ունենք: Որը փաստացի արդեն քսան տարի է՝ կա, պատերազմը չի սկսվել: Ես հույս ունեմ, որ բավական երկար ժամանակ այս իրավիճակը կպահպանվի»:
Կարդացեք նաև
Վերջում էլ, պարոն Մինասյանը նկատեց, որ վերջնական կարգավորումն իր մեջ պետք է ունենա փոխզիջում: Իսկ արցախյան հակամարտության դեպքում երեք տարբերակ առանձնացրեց՝ ստատուս քվո, խաղաղության վերջնական հաստատում կամ պատերազմ. «Վերջինից բոլորը խուսափում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ