«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, որի ազատությունն ու անկախությունը նվաճվել է մեզ պարտադրված պատերազմում հազարավոր հայորդիների արյան գնով, հետևաբար ԼՂՀ անկախությունը, նրա ժողովրդի անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն`անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի օրերս արած հայտարարությանը:
Հիշեցնենք, դեսպան Ուորլիքը ներկայացրել էր ԼՂՀ խնդրի հանգուցալուծման իր տեսլականը`վեց կետից կազմված, ինչը թե ՀՀ-ում, թե ԼՂՀ-ում, թե Ադրբեջանում հակասական արձագանքների առիթ դարձավ:
Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ-ի մոտեցումները հստակ են ու դրանք սկզբունքներ են, որոնց առկայության պայմաններում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը: «Նախ, Հայաստանը պետք է շարունակի իր հանդարտ, հավասարակշռված կեցվածքը և պաշտպանի իր սկզբունքները հիմնախնդրի կարգավորման գործում: Այնուհետև, առաջին. Լեռնային Ղարաբաղը չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա դե-յուրե ճանաչված պետություն կամ վերամիավորվի Հայաստանի Հանրապետության հետ, և դա պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգայնորեն ընդունված ազգերի ինքնորոշման սկզբունքի շրջանակներում: Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև պետք է ուղիղ ցամաքային կապ լինի, այսինքն՝ անկլավների բացառում, և երրորդ. խնդրի կարգավորման պարագայում միջազգային անվտանգության երաշխիքների ապահովում»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը`հավելելով, որ ԼՂՀ հիմնախնդիրը պետք է լուծվի ամբողջական փաթեթով, կողմերի համար փոխադարձ փոխընդունելի միջոցներով, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք պայմաններ կապահովեն երկու անկախ պետությունների, հայ և ազերի ժողովուրդների խաղաղ պայմաններում ապրելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ