Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղբաստան». վեպ, որ անդրադառնում է մեր ժամանակակից պատմությանը, չխնայելով երեք նախագահներին, հիշատակելով նաև մարտի մեկը

Մայիս 12,2014 12:37

Մայիսի 15-ին, ժամը 18:00-ին, Ակումբ ակումբում /Թումանյան 40/ տեղի կունենա ֆրանսահայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ Դընի Դոնիկյանի «Աղբաստան» վեպի շնորհանդեսը:

Դընի Դոնիկյանը մեկն է այն բացառիկ սփյուռքահայ մտավորականներից, որոնց հայացքը Հայաստանի հանդեպ կարծրացած չէ՝ միանշանակ բացասական /այստեղ ամեն ինչ վատ է, սա երկիր չի/, կամ դրական /երազների երկիր Հայաստան, տեսնեմ Մասիսն ու նոր մեռնիմ/ առումով: Նա բազմիցս եղել է Հայաստանում, սկսած դեռ ուսանողական տարիներից, ապա ոտքով կտրել-անցել երկրի հյուսիսն ու հարավը, միաժամանակ ներսի ու դրսի հայացք նետելով, որի արդյունքում մի շարք գրքեր են ծնվել /Սյունիք հրաշափառ, Տավուշի ծաղկաց դժոխք, Երևան 06-08 և այլն/:

«Աղբաստանը», որ սկզբնապես լույս է տեսել ֆրանսերենով, Ֆրանսիայի կարևորագույն հրատարակչատներից մեկի՝ Actes Sud-ի կողմից, բացառիկ վեպ է՝ Հայաստանի անկախության առաջին 20 տարիների մասին, քննադատական, տեղ-տեղ՝ հումորիստական մի վեպ, որ անդրադառնում է ինչպես ունիվերսալ թեմաների, այնպես էլ մեր ժամանակակից պատմությանը, չխնայելով երեք նախագահներին, հիշատակելով նաև մարտի մեկը։

Անցյալ տարի այս վեպը ընտրվել է Շամբերիի /Ֆրանսիա/՝ առաջին վեպի փառատոնի 2013 թվականի 15 լավագույն վեպերից մեկը և այս պահին թարգմանվում է անգլերեն:

Ակտուալ Արվեստ

Միաժամանակ տարօրինակ ու հմայիչ, նաեւ նեղացնող, հավանաբար, ընթերցողների մեկ զգալի մասի համար «Աղբաստանը» (Vidures) անձնական եւ խորհրդանշական մի երկ է: Դընի Դոնիկյանն այն գիրքն է գրել, որ կուզեր կյանքի կոչվեր հայաստանցի հեղինակի կողմից: Փաստորեն գործի թեման Հայաստանն է, ավելի ճիշտ ասած՝ գիրքը Երկիրն է մեզ ցույց տալիս, մարմնավորում է այն ամենացայտուն ձեւերով արտահայտող տեղերի, դեմքերի՝ մնացուկների ու թափոնների միջոցով:

Վերնագիրը – «Աղբաստան»/Vidures բազմիմաստ մի բառ է. առաջին հերթին նշանակում է “աղբեր – աղբ-ի հոգնակին”, “ordures”-ին մոտ, սակայն արմատը առնչվում է դատարկության (vide) հետ (vidure, քիչ հանդիպող մի գոյական, “փորոտիքը”, այն մնացուկն է, որ մնում է աղբամանի տակը դատարկելուց հետո:

Հեղինակը մի կանխադրույթից է մեկնվում. ինչպես որ մի պետություն, մի կառավարություն աղբին, թափոններին է վերաբերվում, այնպես էլ վարվում է հողի եւ բնակչության հետ:
Vidures-ի մեջ աչալուրջ ընթերցողը “vies dures” – “դժվար կյանքեր” արտահայտությունն էլ կնշմարի: Իհարկե, պատումը կարող էր աշխարհի որեւէ այլ վայրում տեղի ունենալ՝ Փարիզի կամ Լոնդոնի ցանկացած արվարձանում, Նեապոլի մի ծայրամասում, բրազիլական Ֆավելայում կամ Հարավային Աֆրիկայի bidonville ետնախորշերում: Այնտեղ իրադարձություններ են տեղի ունենում, գուշակվում կամ քողարկվում են՝ ավել կամ պակաս խոստովանելի արարքներ, ընկճված մարմիններ, անհանգստացնող դիակներ:

Այս ամենը կարելի է գտնել նաև այլ վայրերում, ուրիշ ժամանակներում։ Սակայն զանազան դարձվածքները, անունները, քաոսային պատմության դուրս նետված ծծումբի հոտը հասկացնել են տալիս մեզ, որ համամարդկային դասը որոշակի մի դիպվածից` երեւանյան մի ծայրամասի յուրահատուկ մարդկանցից է վերցված: Ամեն էջի տակ զգացվող 1988-ի երկրաշարժը, Մեծ Եղեռնի բնական վերապրումը, դառնում են այժմյան Հայաստանի խորհրդանշական ծանրության կենտրոնը, Մարտի մեկի բեռն իր հետեւից քարշ տալով:

Ժիրայր Մալխասյան
Nouvelles d’Arménie Magazine նոյեմբեր 2011, թիւ 179

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031