Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի ստեղծած Արդարության ատյանը հայտարարում է իր գործունեության մեկնարկի մասին

Մայիս 12,2014 12:27

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետությունում հաստատվել և օրըստօրե խորանում է գոյութենական սպառնալիքներ պարունակող համակարգային ճգնաժամ, որը դրսևորվում է նաև որպես պետականության ճգնաժամ:

Պետական կառավարման համակարգը ազգային շահերի հաշվին սպասարկում է ապազգային ու հանցավոր կառավարիչների ու նրանց օտար տերերի շահերը և ըստ էության վերածվել է գաղութային վարչակազմի:

Այդ համակարգը միայն երևութապես է գործում ըստ իր սահմանադրական կառուցվածքի, նպատակների, խնդիրների ու գործառույթների: Իրականում այն ձևավորվում և գործառում է ոչ թե իշխանությունների բաժանման ու տարանջատման և ուրիշ հիմնարար սահմանադրական սկզբունքների համաձայն, այլ որպես կիսաբռնապետական մեթոդների վրա հիմնված միաձույլ կառավարման բուրգ:

Հատկապես աղետալի հետևանքների է հանգեցնում այն հանգամանքը, որ իշխանության իրականացման ոլորտում իր բնույթով հիմնական հակակշռի դեր կատարելուն կոչված դատարանը ոչ միայն չի կատարում իր այս դերը, այլև, ըստ էության, անջատված չէ գաղութային-կիսաբռնապետական վարչակազմից և գործում է որպես նրա բաղադրիչ՝ հիմնավորելով ժողովրդի իշխանության յուրացման ու նրա կամքի բռնադատման գործողությունները:

Բոլոր այն դեպքերում, երբ բախում է առաջանում մի կողմից ազգային շահի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, առհասարակ` Սահմանադրության և օրենքների պահանջների, իսկ մյուս կողմից` վարչախմբի և նրա շահառուների շահերի միջև, դատարանը և իրավապահպան մարմինները կայացնում են բացառապես վերջիններիս ձեռնտու որոշումներ:

Միևնույն ժամանակ՝ վարչախմբին և նրա շահառուներին չառնչվող հարցերով արդարադատության ոլորտի պաշտոնատար անձինք, որպես կանոն, վարչախմբի հովանավորությամբ ու հանցակցությամբ գործերի ընթացքը լուծում են իրենց կոռուպցիոն շահերին համապատասխան:

Բացի այդ՝ վարչակազմը hանուն իր շահերի իրացման ոչ միայն խախտում է գործող օրենքը, այլև, դրսևորելով բացարձակ իրավական կամայականություն, ընդունում է ժողովրդի կամքին, ազգային շահերին ու Սահմանադրությանը հակասող օրենքներ, ինչի հետևանքով օրենքը վերածվում է անիրավության և անարդարության գործիքի:

Ընդսմին, այս ամենը կատարվում է համակարգված քաղաքականությամբ` հարկ եղած դեպքում անթաքույց ցինիզմով և հանցավոր կերպով կոծկելով ու պաշտպանելով իրավախախտներին, բացահայտ ու կոպիտ կերպովոտնահարելով տուժողների և զոհերի մարդկային արժանապատվությունն ու իրավունքները և հասարակական բարոյականության նորմերը:

Նման իրավիճակում պետականության ճգնաժամը դրսևորվում է նաև որպես արդարության ճգնաժամ, ինչը կործանարար հոգեբանական ազդեցություն է գործում ոչ միայն առանձին անհատների, այլև ամբողջ հասարակության վրա և անհամատեղելի է պետության կողմից արժանապատիվ կյանքի ու բնական իրավունքների պաշտպանության անքննելի պահանջի հետ:

Վերը նշվածի հաշվառմամբ և

հիմք ընդունելով մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի պահանջները,

ելնելով դրանցից բխող և դրանցով պայմանավորված՝ պետության համար առանցքային համարվող, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության, գործառույթների օրինավորության ապահովման կենսական անհրաժեշտությունից,

հիմնվելով միջազգային պրակտիկայում կիրառվողանցումային արդարադատությանսկզբունքների վրա,

հաշվի առնելով բռնապետական ռեժիմներից դեպի ժողովրդավարություն անցում կատարած պետությունների համապատասխան փորձը,

նկատի ունենալով, որ նման իրավիճակում մինչ ժողովրդի կամքի և իշխանության վերահաստատումը երկրում օրըստօրե խորացող արդարության ճգնաժամը մեղմելու, ինչպես նաև ժողովրդի կամքի ու իշխանության վերահաստատման գործընթացի մեկնարկի և ընթացքի իրավաչափությունն ապահովելու միակ տարբերակը անցումային արդարադատության սկզբունքների համաձայն գործող ու բնական իրավունքի և արդարության վրա խարսխված արդարադատության այլընտրանքային մարմինների ձևավորումն ու գործառումն է,

Նախախորհրդարանի 2014 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ստեղծված Արդարության ատյանը՝ որպես արդարադատության առկա համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային դատական մարմին, հայտարարում է իր գործունեության մեկնարկի մասին:

Արդարության ատյանն իրականացնելու է հետևյալ հիմնական գործառույթները.

1.   վարչախմբի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած, այդ թվում` ժողովրդի իշխանության յուրացմանը, պետության ինքնիշխանության նվազարկմանը, դատաիրավական մարմինները վարչախմբի կամքի անխափան գործադրման և նրա վերարտադրության ապահովման մեխանիզմի վերածմանը հանգեցրած իրավախախտումների հայտնաբերում և բացահայտում, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողություն և նրանց գործողությունների պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականների կազմում և հրապարակում,

2.   իրավախախտումների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների կազմում և հրապարակում,

3.   անիրավ ու անարդար օրենքների, ինչպես նաև դրանց կիրառմամբ իրավունքների ու ազատությունների խախտման դեպքերի բացահայտում և բնական իրավունքի ու արդարության տեսակետից դրանց վերաբերյալ մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների կազմում և հրապարակում,

4.   ժողովրդի կամքի ու գիտակցության արթնացման համար կարևոր նշանակություն ունեցող արդարության ծարավի` թեկուզ մասնակիորեն բավարարում և արդարադատության իրականացումից զրկված հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդում արժանապատվության և բնական իրավունքների ու արդարության ճանապարհով՝ այդպիսով կանխելով գործող դատաիրավական համակարգի` հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը,

5.   իրավախախտումներ կատարող, մասնավորապես` օրենքը և պետական կառավարման, այդ թվում՝ արդարադատության համակարգը որպես իրավախախտումների կոծկման և պաշտոնեական հանցագործությունների կատարման գործիք օգտագործող վարչախմբի ներկայացուցիչների ու այլ շահառուների պատասխանատվության անխուսափելիության վերաբերյալ հասարակական համոզմունքի ձևավորում:

Արդարության ատյանը բաղկացած է հանրային հեղինակություն ունեցող անձանց շրջանից ընտրված մինչև 12 ատենակալներից:

Արդարության ատյանն անկախ է:

Արդարության ատյանը, հնարավոր համարելու պարագայում, իր որոշումների ի կատար ածումը լիազորում է համապատասխան գործառույթ ունեցող կամ այդպիսի հայտ ներկայացրած սուբյեկտին:

Արդարության ատյանի անդամներ՝

Վիգեն Ավետիս

Ալեք Ենիգոմշյան

Հրանուշ Խառատյան

Երվանդ Մանարյան

Խաչիկ Չալիկյան

Գագիկ Սուխուդյան

Սաշուր Քալաշյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031