Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՄԻՊ-ը խոսեց ԱՆ աշխատակիցների ծեծի մասին երկու շաբաթ հետո

Մայիս 12,2014 11:28

Արդեն մեկ ամիս է, ինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացի Արման Գասպարյանի, անձնագրով` Մնացականովի հաղորդումների հիման վրա: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Արման Գասպարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին` հայտնելով, որ Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները մարտի 24-ին իրեն ծեծի են ենթարկել եւ հայհոյել:
Նշյալ օրը Ա.Գասպարյանն իր մեքենայով ընկերոջը տարել էր ԱՆ շենք:Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել չորս-հինգ համազգեստով անձինք, որոնք բռնություն են կիրառել նրա նկատմամբ, հարվածելով ձեռքերով իր գլխին:

Քաղաքացին նաեւ ՄԻՊ-ին էր ներկայացրել ձայնագրություն, որը, ըստ նրա, վկայում է միջադեպի մասին:


Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):

Արման Գասպարյանը «Հայկական ժամանակին» հայտնել էր, թե բացատրություն է տվել ՀՔԾ-ում, ինչպես նաեւ մասնակցել է առերեսման ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների հետ, ինչպես նաեւ այն մարդկանց հետ, որոնց ընդհանրապես չի ճանաչում. «Գործում ներգրավել են անծանոթ անձինք, այն դեպքում. երբ նրանք այդ միջադեպի ժամանակ չեն եղել: Ստում էին` ներկա ենք եղել, ոչ վիճաբանություն է եղել, ոչ էլ ծեծկռտուք: Ժխտում էին նաեւ արդարադատության նախարարության աշխատակիցները` ասելով, որ իրենք ինձ չեն խփել, որ ես գիժ եմ»:
Արդարադատության նախարարության աշխատակիցներ Տիգրան Պետրոսյանի եւ Տիգրան Մալխասյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ օրս դեպքի կապակցությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել, չխանգարելու համար նախաքննությանը:
Պաշտպանն ուշադրություն է դարձնում դեպքի օրվան եւ ՄԻՊ հաղորդմանը` դեպքից երկու շաբաթ հետո: «Լրագրողներիդ հարցին էլ ՄԻՊ-ը պատասխանել էր, թե քաղաքացու հետ աշխատանքներ է տարել:Ստացվում է, որ ՄԻՊ-ն իր վրա է վերցրել իրավապահ մարմնի լիազորություն: Ի՞նչ նկատառումներից ելնելով է ՄԻՊ-ը հայտարարությունն ուշ ներկայացրել ՀՔԾ, ինչու Ա.Գասպարյան-Մնացականովը չի դիմել իրավապահ մարմիններին»,-հարցնում է Լ.Գրիգորյանը:
Պաշտպանի համար տարակուսելի է նաեւ այն հայտարարությունը, որն արել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը.լեզվակռիվ է եղել, եւ քաղաքացին չի իմացել, որ փոխգնդապետ է իրեն դիմում: «Պաշտպանի հայտարարության հաջորդ զավեշտը, վերաբերում է ինչ-որ ձայնագրության, որը արվել է Ա.Գասպարյանի կողմից: Հիմք ընդունելով քաղաքացու այդ ձայնագրությունը, ՄԻՊ-ն արդեն ապացուցված է համարում քաղաքացուն ծեծի ենթարկելը: Ստացվում է, որ բացի վարույթ իրականացնող մարմնի լիազորություններից, ՄԻՊ-ն իր վրա է վերցրել նաեւ դատավորի լիազորությունները` արդեն ապացուցված հանգամանք դիտելով բռնության ենթարկվելու փաստը»:

Ի դեպ, ԱՆ աշխատակիցների պաշտպան Լիանա Գրիգորյանն այս հարցադրումներն ուղարկել է նաեւ հանրապետության նախագահին, Հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վ.Շահինյանին:

«Եթե մի պահ ընդունենք, որ ձայնագրությունը հիմք է, ապա այդ դեպքում անձին բռնության ենթարկելու որեւէ փաստ արձանագրված չէ, ինչն է հիմք տվել Պաշտպանին ենթադրելու, որ Ա.Գասպարյանը ծեծի է ենթարկվել: Եթե ենթադրություն է, ապա ենթադրությունները քրեական գործով չեն կարող ապացույց հանդիսանալ»,-ասում է Լ.Գրիգորյանը:

«Ի վերջո, ինչո՞վ է կատարվել ձայնագրառումը, ե՞րբ է Ա.Գասպարյանը միացրել սարքը, ինչո՞ւ, ե՞րբ է հասցրել անջատել:Եթե Ա.Գասպարյանը սարքը միացրել է «բռնության» պահին, ապա պետք է ընդունել, որ զանգ կատարելու եւ օգնություն կանչելու հնարավորություն է ունեցել: Այստեղ վերանում է անազատության մեջ պահելու այն եզրույթը, որը նշված է ծառայողական քննության եզրակացության մեջ»,-նշում է Լ.Գրիգորյանը:
Պաշտպանական կողմն ուշադրություն է հրավիրում քաղաքացու ոչ իր անձնագրային ազգանունով հանդես գալու հանգամանքի վրա եւ հակված է մտածելու, որ անձը խնդիրներ է ունեցել այլ երկրների հետ եւ դեպորտացվել է Հայաստան: Այստեղից ծագում է հետեւյալ հարցը.Ինչպե՞ս է մտել ԱՆ շենքը երբ ինքն անձնական գործ չի ունեցել: «Ինչո՞ւ է Ա..Գասպարյանը խուսափել դիմել իրավապահ մարմիններին, արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ վերջինս խնդիրներ ունի ուժային կառույցների հետ, իսկ դիմելով ՄԻՊ, նա փորձել է քողարկվել, արհեստականորեն տուժողի կարգավիճակ ստեղծել` մտնելով օրենքի պաշտպանության տակ»,-ասում է Լ.Գրիգորյանը:

Մեկ այլ անհասկանալի հարց էլ այս պատմության մեջ այն է, որ քաղաքացին չի դիմել բուժզննության՝ բռնությունների առնչությամբ :

Այս դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորվի, թե նա ծեծի է ենթակվել, արդյոք նրա մարմնին առկա՞ են վնասվածքներ, եթե այո, ապա ինչպե՞ս է հիմնավորվելու այն, եթե չկա համապատասխան բուժփաստաթուղթ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031