Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փորագրված գրանիտի վրա, դաջված հիշողության մեջ

Մայիս 12,2014 11:16

Մի հուշարձան էլ կառուցվեց վկայակոչելով հայկական ոգու անմահությունը

 ԱՄՆ-ում, Merrimack Valley Հայոց Եղեռնի հուշարձանի կոմիտեի նախաձերնությամբ 2014 թվականի մայիսի 10-ին Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Մոր ձեռքերը» անունը կրող աննախադեպ խաչքար-հուշարձանը՝ Հայոց ցեղասպանության միլիոն ու կես նահատակների հիշատակը հավերժացնող: Այն տեղադրված է Լոուելի քաղաքապետարանի մուտքի դիմաց և իր գեղեցկությամբ ու խորհրդով անտարբեր չի թողնում ոչ ոքի:

Daniel-Varoujan-Hejinian

Blessing-the-Monument Blessing-the-Monument-2

Հուշարձանի և վրայի արձանագրության հեղինակն է հանրաճանաչ նկարիչ՝ Դանիել Վարուժան Հեճինյանը: Մարդ, ով անցնել է տարիների բովով, իր սեփական ուսերն կրել դժվարություններ, պայքարել դեպի բարձունքը տանող սանդուղքի ամեն մի աստիճանի վրա, փորձություններ հաղթահարելով և պայքարի մեջ ավելի հզորանալով՝ ի վերջո հասել է այն բարձունքին, որը պահանջում էր տաղանդ, անխոնջ աշխատանք, արդար քրտինք, տարիների վաստակ ու բարձրագույն նպատակին հասնելու ձգտում… Համաշխարհային ճանաչում. Արդյո՞ք այս է եղել երիտասարդ նկարիչ, Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանող՝ Դանիել Վարուժան Հեճինյանի բաղձանքը… Ունենալով լայն մտահորիզոն, վառ երևակայություն, բնատուր շնորհ ու արարելու եռանդ՝ երիտասարդ նկարիչի անհանգիստ սիրտը դեգերեց աշխարհով մեկ՝ ամենուրեք թողնելով իր անունն ու արվեստի շունչը և հանգրվանեց Միացյալ Նահանգներում:

Վարուժանը ծնվել է հայրենիքից հեռու՝ Հալեպում, զավակն է ցեղասպանությունից մազապուրծ փրկված ծնողների: Տակավին անգիտակից, նա՝ մայրական կաթի միջոցով, հաղորդակից դարձավ մոր ցավին, որը նաև ցավն էր համայն հայության: Պատանի հասակում նա արհավիրքի պատկերները տեսավ ծնողների աչքերի մեջ ու լսեց նրանց դողդոջ շուրթերից, որոնք անջնջելի հետք թողեցին ու հետագայում արծարծվեցին նրա կտավներում:

Վարուժանի համար գերագույն նպատակ դարձավ Հայոց ցեղասպանության ճանաչումը և համատեղելով մշակույթային ժառանգությանը իր հրաշալի տաղանդի հետ, ծառայեցրեց իր արվեստն հանուն խաղաղության, ունեցավ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ բարեգործական նպատակներով արվեստի բազմաթիվ հեղինակավոր պատկերասրահներում՝ Միացյալ Նահանգներում և այլուր։

Վարուժան Հեճինյանը չմերժեց իմ խնդրանքը՝ պատմելու հուշարձանի ստեղծման մասին և սիրահոժար պատասխանեց իմ մի քանի հարցերին:

Հ- Ինչպե՞ս ներգրավվեցիք այս ծրագրում:
Պ- Merrimack Valley Հայոց Եղեռնի հուշարձանի կոմիտեի կողմից ինձ առաջարկվեց նախագծել Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը պետք է տեղադրվեր Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ գլխավոր մուտքի աջ կողմում: Ինձ համար գերագույն պատիվ էր նախագծել այս հուշարձանը, քանի որ իմ ծնողները մազապուրծ ազատվել էին ցեղասպանությունից և ես մեծացել էի այդ ենթագիտակցությամբ: Հանձնաժողովից խնդրեցի՝ ինձ ազատություն տալ նախագծելու հուշարձանների մի քանի տարբերակներ և ընտրել դրանցից մեկը պայմանով, որ այն փոփոխությունների չի ենթարկվի։

Հ- Ինչպիսի՞ն եղավ նախաձեռնող կոմիտեի պատասխանը:
Պ- Թեև հանձնաժողովը մեծահոգաբար համաձայնվել էր իմ պայմանի հետ, բայց հուշարձանի չափը և ձևը որոշվելու էր քաղաքապետարանի կողմից։ Ամիսներ անց,հանձնաժողովին ներկայացրի մի քանի տարբերակներ: Միաձայն ընտրվեց « Մոր ձեռքերը»՝ ներկայացված նկարագրության հետ միասին, որը պիտի փորագրվեր հուշարձանի վրա։

Հ- Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ է փորագրված հուշարձանի պատվանդանի վրա:
Պ- Հուշարձանի վրա գրված է «Ի ՀԻՇԱՏԱԿ 1915-1923 Հայոց ցեղասպանության զոհերի»։ Մոր ձեռքերն հանգույց առ հանգույց հյուսել են իր ժողովրդի պատմությունը։ Նրբագեղ ձեռագործը (Crochet)՝ ներառված այս խաչքարի մեջ, խորհրդանշում է հայոց ժառանգության գեղեցկությունը, հնագույն մշակույթը, որ ապրում է հավերժ, ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը դաջված է հայ ժողովրդի հիշողության մեջ։ Այս ծաղկող խաչքարը մշտապես հիշեցնելու է, որ ավելի քան 1,5 միլիոն հայերի ցեղասպանությանը Օսմանյան կայսրության տարածքում երբեք չի մոռացվի և չնայած ոճրագործության ցավին և սարսափին՝ հայ ժողովուրդը՝ հանգույց առ հանգույց, ամենուր շարունակում է հյուսել իր հույսերն ու երազանքները, ծաղկում է ու բարգավաճում աշխարհի չորս ծագերում:

Հ- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել այս հուշարձանը ստեղծելիս:
Պ- Հուշարձանը ստեղծելիս՝ իմ ոգեշնչման աղբյուրը մորս ձեռքերն էին, որոնք անընդհատ հյուսում էին… Որպես բնորդ հանդես եկան քրոջս՝ Լենայի ձեռքերը: 1921թ-ին մայրս վերապրեց ցեղասպանությունը՝ անցնելով սիրիական Դեր Զորի անապատը, օսմանյան բռնի տեղահանության հրամանով: Նա ընդամենը տաս տարեկան էր, երբ տեսավ արհավիրքն իր մանկական աչքերով ու զգաց արյան բույրը, սարսափն ու դաժանությունն իր նորաբողբոջ զգայարաններով: Նրա հայրը և հորեղբայրները սպանվել էին, մայրն ու քույրը մահացել անապատում։ Նա իր ողջ կյանքում կրեց ահասարսուռ, անմոռանալի պատկերներն ու փոխանցեց իր զավակներին՝ թախծոտ երգերի, կարոտագին հոգոցների, ակամա արցունքների միջոցով: Մեր մայրերը երազների ջուլհակներ են, նրանք հյուսել են մեր մշակույթը, իսկ ավելի ուշ՝ գործել են դրոշն անկախ Հայաստանի։

Հ- Ինչպիսի՞ զգացումներ համակեցին Ձեզ, երբ Ձեր մի քանի նախագծերից կոմիտեն ընտրեց «Մոր ձեռքերը»:
Պ- Հուզվեցի , երբ հանձնաժողովը միաձայն ընտրեց «Մոր ձեռքերը », բայց միևնույն ժամանակ մտահոգված էի, թե արդյո՞ք Լոուել քաղաքը կհամաձայնի այս հուշարձանը կանգնեցնել քաղաքապետարանի դիմաց, որի աջ կողմում բարձրանալու էր դրոշակիր ձողը, ուր ամեն տարի բազմազան էթնիկ խմբեր բարձրացնում են իրենց ազգային դրոշները՝ նշելու իրենց ժառանգությունը։

Հ- Ինչպե՞ս արձագանքեց Լոուել քաղաքի ավագանին Ձեր նախագծին:
Պ– 2012թ – ին Ապրիլի 11ին հանձնաժողովը հանդիպեց Լոուելի ավագանու հետ: Երբ մեր հանձնաժողովի նախագահը ներկայացրեց նախագիծը՝ քար լռություն տիրեց սենյակում: Ես՝ խախտելով լռությունը, հանդարտ ու համոզիչ բացատրեցի մոր հյուսող ձեռքերի խորհուրդը՝ կապելով այն քաղաքի տեքստիլ պատմության հետ, նշելով նաև հուշարձանի օրնամենտների և քաղաքապետարանի շենքի զարդաքանդակային նմանությունը։ Կոմիտեն ակնկալում էր լսել քաղաքապետարանի որոշումը մի քանի ամսից, բայց ի զարմանս, ավագանին հավանություն տվեց հաջորդ օրը և իմ նախագիծն ընդունվեց առանց որևէ փոփոխության:

Հ- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող բազմաթիվ հուշարձաններ են կառուցվել, ինչո՞վ է առանձնահատուկ այս հուշարձանը:
Պ- Աշխարհի 42 երկրներում կան գրեթե 230 հուշարձաններ՝ հավերժացնող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն մեծ մասամբ գտնվում են հայկական եկեղեցիների կամ կազմակերպություններին պատկանող տարածքների մեջ: Այս հուշարձանն առանձնահատուկ է նրանով, որ առաջինն է սփյուռքում՝ տեղադրված քաղաքին պատկանող հասարակական տարածքի վրա՝ կառավարական շենքի առջև։ Այս հուշարձանը հատուկ նաև նրանով, որ ստեղծված է բրոնզի և գրանիտի համադրությամբ, քարը խորհրդանշում է մարմինը “հայրենիք”, իսկ բրոնզը՝ հոգին “սփյուռք”: Գրանիտը ենթարկված է ավազահողմի, Հյուսող մայրական ձեռքերը քանդակվել են կավից, ապա անցնել կրակի միջոցով, այրվել, հալվել, այնուհետև ձուլվել բրոնզից, ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովուրդը , որի եկեղեցիներն այրվել են, տները ավերվել և նույնիսկ այսօր սիրիական Դեր Զոր անապատի ավազներում կարելի է գտնել հայերի ոսկորները: Եվ չնայած ցեղասպանության ցավին ու սարսափին հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց ձուլել է իր հույսերն ու երազանքները:

Հ- Ի՞նչ կուզենաք ավելացնել հուշարձանի մասին:
Պ- Մորս հյուսվածքներից անավարտ վարդերի մի փունջ թաղված են արձանի հիմքում, որոնք սնում են ծաղկող խաչքարը և միավորում հուշարձանի բոլոր մասնիկները, դա խորհրդանշական է այն առումով, որ ես որպես արվեստագետ հուշարձանը ստեղծելիս ոգեշնչվել եմ մորս ձեռքերով՝ տեսնելով, թե ինչպես է հասարակ թելը դառնում արվեստի գործ նրա ձեռքերում:

Եվ դարձյալ մայրը կծիկ է քանդում իր խորշոմած ու նուրբ ձեռքերով՝ տարիների նման սահուն, կյանքի նման կարճ, թելի պես երկար, կծիկ, որի մեջ կծկված է մի ողջ ազգի պատմություն: Մայրական նուրբ մատները լուռ ու անբարբառ հյուսում են իրենց հիշողությունը, մատին փաթաթվող դերձանի լեզվով պատմում են իրենց անմոռանալի պատմությունն ու չխունացող հուշերը, որոնք արցունքներ են դառնում, լվանում ձեռագործը, և այն տնքում է չհանդարտվող ցավի ծանրությունից: Շարունակվում է գործվածքը ու երկարում է այն՝ գլխահակ կանանց, աղջիկների ու մանուկների անվերջանալի շարասյան նման, ովքեր անջուր, սովալլուկ, շարժվող խլյակների պես նոսրանում են և կորչում անապատի բիրտ ավազներում:

Մոր ձեռքերով ոգեշնչված, նրբաթել ծաղիկներով գործված, չցամաքող մայրական արցունքներով թրջված, արյան բոսոր կարմիրով սնված ու մայրաշունչ աղոթքներով օրհնված՝ աննախադեպ այս բրոնզաձույլ խաչքար-հուշարձանը շնչում է բյուրավոր տառապյալ մայրերի շնչով, որտեղ ապրում են հայ մայրերի ստեղծագործ մատները, որոնք մինչ վերջին շունչը գուրգուրեցին իրենց տանջահար որդիներին, աղջկական ջահել ձեռքերով ու դողդոջուն մատներով փակեցին իրենց հարազատների սառած աչքերը:

Մեր մայրերը հանգույց առ հանգուց հյուսել են իրենց երազանքներն ու հույսերը՝ հայրենիքի հող ու ջրի կարոտը սրտերում, ասեղնագործել այն խաչքարերի նման՝ թողնելով մեզ որպես պատգամ, հեռացել՝ անմեղ հարազատների ողբն ու դաժան կտտանքների պատկերներն աչքերում և ցասումից պոռթկացող ճիչը իրենց ատամների մեջ սեղմած: Մեր սիրասուն մեծ մայրերից մնացել են մեզ իրենց ասեղնագործ խաչքարերը, որոնցում դաջված են միլիոն ու կես նահատակների սևեռուն հայացքները՝ պահանջելով ճանաչում և արդարություն: Լոուել քաղաքի քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրացող հուշարձանը երկու տարվա անխոնջ ու նվիրված աշխատանքի արդյունքն է «Merrimack Valley» Հայոց ցեղասպանության հուշարձանի հանձնախմբի նախաձեռնության և Վարուժանի ստեղծագործ հանճարի: Նրանք միաձուլվեցին այնպես, ինչպես բրոնզն ու գրանիտը՝ դառնալով « Մոր ձեռքերը» ի տես համայն աշխարհի, հարգանքի տուրք մատուցելով բոլոր մայրերին, հավերժացնելով Հայոց ցեղասպանության միլիոն ու կես զոհերի հիշատակը:

Հեղինե Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031