ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Եվրատեսիլ» մրցույթին հետեւել է երեւանյան «փաբ-ակումբներից» մեկում, որտեղ եղել է մինչեւ գիշերը ժամը երեքը: Ակումբում եղել են մոտ հիսուն մարդ, բոլորն էլ հայեր`եռագույն դրոշներով, ոգեւորված եւ անընդհատ «Հա-յաս-տան» վանկարկումներով: Դեսպանին հատկապես դուր է եկել այն, որ երբ Ադրբեջանի մասնակիցն է բեմ դուրս եկել, հայերը նրան էլ են ոգեւորությամբ դիմավորել: Հարգալից են վերաբերվել նաեւ մրցույթի հաղթողի նկատմամբ:
Այսօր իր տպավորություններն Aravot.am-ի հետ պարոն դեսպանը կիսեց Հայաստանի ամերիկյան համալսարանում` Խաղաղության կորպուսի կամավորների կազմակերպած ասմունքի չորրորդ ամենամյա համազգային մրցույթի ժամանակ: «Շատ լավ շոու էր, նաեւ Արամի համար էլ եւ երբ ինքը վերադառնա, ես հուսով եմ, որ տարբեր պրոեկտներում կաշխատենք իր հետ»,- ասաց Ջոն Հեֆերնը:
Դեսպանը ձեռնպահ մնաց իր կարծիքը հայտնել մրցույթի հաղթողի մասին`ասելով, որ քվեարկությանը 26 երկիր էր մասնակցում. «Որոշումը կայացրել են այդ երկրները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ https://life.panorama.am-ի