– Պարոն Շահգալդյան, ինչպե՞ս վերաբերեցիք Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատմանը:
– Շատ սովորական, շատ հանգիստ, շատ բնականոն: Աշխատանքից ազատվել եմ իմ սեփական դիմումի համաձայն, այն ժամանակ, երբ ես նպատակահարմար եմ գտել: (Կարծում, եմ Ձեր հաջորդ հարցին էլ պատասխանեցի- Կ.Շ. ): Եվ գիտե՞ք, յուրաքանչյուր պաշտոնյա, հենց պաշտոնավարման սկզբից պետք է պատրաստ լինի դրան: Իմ պարագայում ասեմ, որ Դուք լրագրողներդ, մի առիթով էլ եմ ասել, ինձ այս տարիների ընթացքում բավականին լավ նախապատրաստել էիք պաշտոնը թողնելուն:
– Լրագրողներից նեղացա՞ծ եք:
– Ամենևին. կային լրագրողներ, ովքեր անկախ իրենց հայացքներից, պատվիրատուների ո՞վ լինելուց, մշտապես ցուցաբերել են մեծ պրոֆեսիոնալիզմ և հարգվել իմ կողմից և կային նաև այնպիսինները, որոնք մշտապես առաջացրել են իմ արհամարհական ծիծաղն ու իրենց գործողություններում, գրվածքներում միշտ փնտրել, որոնել ու գտել եմ զավեշտը և այդ նույն զավեշտով էլ շփվել եմ իրենց հետ: 13 տարի ծաղրել եմ նրանց հատկապես այն հարցադրումը, թե երբ եմ թողնելու պաշտոնս: Ապացուցել եմ, որ իրենց անհաջող կանխատեսումները միշտ անհիմն են եղել ու նրանք տասնամյակով նույն բանը կանխատեսելիս` միայն սխալվել են:
Կարդացեք նաև
– Ի՞նչ զգացողություններով թողեցիք Կոտայքի մարզը:
– Ոչ թե Կոտայքի մարզն եմ թողել, այլ Կոտայքի մարզպետի պաշտոնը, իսկ մարզպետի պաշտոնը թողել եմ հպարտության զգացումով, քանի որ կարողացա ձևավորել լավ թիմ, լավ հարաբերություններ, ինձ շրջապատել խելացի մարդկանցով: Իրոք մարդկանց հաղորդել մարզային ընդհանրական, հավաքական մտածողություն ու գաղափարներ: Մեզ այս տարիներին հաջողվեց հսկայածավալ աշխատանքներ կատարել մարզի ամենատարբեր բնագավառներում և շնորհիվ պետական լրջագույն հոգածության հասնել շատ և շատ ցանկալի արդյունքների:
– Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր աշխատանքի նկատմամբ այն բազմաթիվ դժգոհություններին, որ կա մարզի բնակիչների մոտ:
– Նույնիսկ ես կզարմանայի, որ բոլորը գոհ լինեին: Չեմ կարծում, որ կլինի մի պետական պաշտոնյա, որից ժողովուրդը գոհ կլինի, այն պարագայում, երբ գործազրկության և բնականաբար աղքատության բարձր մակարդակ կա:
Դժգոհություններն ու գոհունակությունները, երբեք այսրոպեական չեն լինում, միշտ հարաբերական են, և այդ ամենը տեղավորվում են ժողովրդի իմաստնության մեջ: Համենայն դեպս 13 տարի պաշտոնավարել եմ, իսկ կարծում եմ դա ինչ-որ բան արդեն իսկ նշանակում է:
– Բայց օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ Դուք գնացիք` ոչ մի դրական հետք չթողնելով:
– Գիտեք, անկեղծորեն կպատասխանեի Ձեր ամենասուր հարցադրմանն անգամ, բայց մեծ սիրով չէի ցանկանա անդրադառնալ արդեն իսկ քաղաքական դիակ դարձած մի անձնավորության:
Թե ով իր արածներով ի՞նչ հետք է թողնում, դրա գնահատականը միայն կարող է տալ ժամանակը: Բայց, որ իմ պաշտոնավարման ժամանակ ոչ մի անգամ ոչ ոքի չեմ դավաճանել. չեմ դավաճանել իմ սկզբունքներին, մեր թիմին և ոչ մի անգամ պայքարի դաշտը չեմ լքել, ինչպես ինքն է բազմիցս արել պատերազմի ժամանակ (Քաղաքականության մեջ ևս պայքար կա-Կ.Շ.): Միայն պետք է նրան հիշեցնեմ Օմարի հայտնի դեպքերը, որտեղի 10-12 անմեղ զոհերի արյունը ծանրացած է նրա խղճի վրա: Եվ հանցագործության աստիճանի հասնող բազմաթիվ այլ արարքներ: Ինքը խոսում է ուրիշների պատասխան տալուց, բայց պետք է ասեմ, որ իր պատասխանն ավելի ահեղ է լինելու, ինքն Աստծու ահեղ դատաստանի առաջ է պատասխան տալու:
Համենայն դեպս եթե իր պես դավաճանի խարանը ճակատիս չեմ գնում, դա արդեն ապացույցն է, որ ի տարբերություն այդ ողորմելու ես ինչ-որ մարդկային հետք թողած կլինեմ:
– Պարոն Շահգալդյան, ինչպե՞ս եք վերաբերում նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանի անձին:
– Նորանշանակ մարզպետի հետ մշտապես ունեցել եմ և ունեմ անձնական ու աշխատանքային ջերմ փոխհարաբերություններ: Արամ Հարությունյանն ունի աշխատանքային բավականաչափ փորձառություն և հաջողություններ եմ մաղթում նրան նոր աշխատանքում:
– Այնուամենայնիվ Կոտայքը եղել և մնում է որպես բարդագույն մարզ: Ըստ Ձեզ՝ կկարողանա՞ նոր մարզպետը գլուխ հանել այդ բարդ իրադրություններից:
– Իսկապես Ձեր ասածի մեջ կա ճշմարտություն, Կոտայքը բարդ մարզ է և ունի իր լրջագույն առանձնահատկություններ մյուս մարզերի նկատմամբ: Պարզապես պետք է կարողանալ գտնել յուրաքանչյուր հարցի լուծման և յուրաքանչյուր անձի հետ շփման ճիշտ բանալին:
– Իսկ Դուք այդ բանալիներն ունեի՞ք: Հատկապես հզոր քաղաքական ուժի` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ շփումներում:
– Ոչ ոքի, հատկապես պարոն Ծառուկյանի հետ շփման ոչ մի խնդիր չեմ ունեցել, ջերմ փոխհարաբերվել ենք, ունենք շատ լավ բարեկամական, ընկերական հարաբերություններ:
Բոլորի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեցել եմ և ունեմ, այս մարզում ունեցել եմ միայն մեկ վատ հարաբերություն, որի մասին իմ կարծիքը ես վերը նշված հարցերից մեկի պատասխանում նշել եմ: Իհարկե Կոտայքի մարզպետի պաշտոնում իմ պաշտոնավարման սկզբից ես գիտեի, որ այդ անձնավորությունն ինչ կերպար է (Նկատի ունի Սասուն Միքայելյանին-Ն. Գ.): Մի անձնավորություն, որ այսքան տարիների ընթացքում մի քանի տեր է փոխել և բազմաթիվ անգամ գնացած հետ եկած հարսի նման հիմա ուզում է գտնել իր քաղաքական կուսությունն ու այս անգամ էլ մի նոր տիրոջ հետ միություն կազմել: Բայց դա անհնար է, համոզված եմ, քանի որ նրան բոլորն են ճանաչում:
Գիտեք ինչ, ամեն ինչ կարելի է ու ամեն ինչն էլ մարդու համար է և հասկանալի է, բայց իմ գիտակցական կյանքում անընդունելի եմ համարում ողջ մարդկության համար բացարձակապես դատապարտելի մի երևույթ` դավաճանությունը: Չեմ արել ու չեմ էլ ընդունել անողներին:
– Պարոն Շահգալդյան, ի՞նչ եք անելու, ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:
– Շարունակելու եմ աշխատել. Փորձելու եմ շարունակել ծառայել մեր ժողովրդին:
– Կոնկրետ աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք:
– Առաջարկ ստացել եմ, բայց երբ կոնկրետ կլինի, կլինի նաև համապատասխան պաշտոնական նշանակում ինչպես դուք, այնպես էլ բոլորը կիմանան այդ մասին:
Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ամբողջ ցավը նրանում է,որ մեր երկրում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք պաշտոններից հեռանում են ,,իրենց դիմումի համաձայն,, և մի ոլորտը տապալելուց և այդ ընթացքում իրենց ,,դզելուց,, հետո տեղափոխվում են մեկ այլ` ոչ պակաս կարևոր ոլորտ:
ճիշտ խոսքից չեն նեղնում , Սասունը քեզ շատ ճիշտ էլ բնորոշել ա , անանուն , ինչի ես նեղվում:
Լուռ հեռացիր , հա մի բան էլ ասեմ մարդիք իրար շնորհավորում էին քո ազատման կապակցությամբ , նաև իրար շնորհավորում էին Սասոունի բանտից ազատվելու կապակցությամբ , տարբերությունը շաաատ մեծ է
Պարոն անանուն, քաղաքական վախճանիդ արտահայտել ես այպիսիս մտքեր, որով քեզ ավելի ես ստորացրել, դու որ Գ. Ծ. -ում էիր, երբ հայ քաջերը կյանքի ու մահու կռիվ էին տալիս հայրենիքի համար: ՕՄԱՐԻ ԿՌԻՎ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՍՏՎԱԾ, ՍԱՍՈՒՆ….. սրանք անհասանելի գաղափարներ են քո դատարկ էությանը:
Ախպոր պես էլ, մի “ծառայի” էս ժողովրդին, հերիք ա:
Մեռելներ կան, որոնց մեռնելուց հետո էլ պետք է սպանես: Այդ սա, այս Կովալ կոչվածը, հենց դրանցից է: