Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. Հովիկ Աբրահամյանը մոտիվացված է իր հայտարարություններն անելիս. Tert.am

Մայիս 11,2014 11:20

Tert.am. Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի վերջին երեք հայտարարություններին, որոնցից մեկն էլ այն էր, որ ներդրողները պետք է հասկանան, որ տնտեսական դաշտում բոլոր հավասար են լինելու, նշեց, որ այս կառավարությունը, լինելով խայտաբղետ իր անդամների ինտելեկտուալ, մտավոր կարողություններով ու անգամ տարիքային ցենզով, խայտաբղետ է նաև նախարարների մոտիվացված և ոչ մոտիվացված լինելու առումով: Գագիկ Մակարյանը որոշ պոպուլիստական տարրեր տեսնում է վարչապետի հայտարարություններում, բայց դրանք որոշ իմաստով տեղին է համարում` պայմանով, որ պոպուլիզմը լինի չափավոր և արդյունքը` միշտ հետևից եկող:

-Պարոն Մակարյան, նորանշանակ վարչապետը, խոսելով կառավարության ծրագրից, նշեց, որ պետք է ստեղծվի հավասար դաշտ, որպեսզի յուրաքանչյուր ներդրող հասկանա, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են լինելու: Սա իրատեսակա՞ն խոստում է, թե՞ պոպուլիստական, հաշվի առնելով, որ նոր կառավարությունը որոշակի վստահության պակաս ունենալով՝ դրա կարիքը ունի: Այսինքն՝ սա անկեղծ է ասվում:

-Նման խնդիրների հասանելիությունը, դրանց լուծումը կարճ ժամկետում տեղի ունենալ չի կարող ունենալ երբեք, ու նաև այս հարցի լուծումը պայմանավորված է նրանով, թե որքանով նախագահն այդ խնդիրը բարձր մակարդակով կպահանջի լուծել և կաջակցի դրա լուծմանը: Սա առաջին։ Երկրորդ. հնարավոր է, որ նոր վարչապետը, նոր կառավարությունը ձգտի փոփոխություններ կատարել, բայց դրա համար պետք է ժամանակ: Եվ առավելապես այստեղ հենց այն մարդիկ, ովքեր ունենալով բիզնեսներ և լինելով իշխանության մեջ կամ Ազգային ժողովում՝ իրենք պետք է այդ առումով հենց օրինակ ծառայեն և նպաստեն հավասար պայմանների ստեղծմանը: Երրորդ. նման խնդրի լուծումը պահանջում է բարձր գիտակցականություն բոլորի կողմից…

-Քաղաքական կամք:

-Քաղաքական կամք և՛բիզնեսի, և՛ իշխանությունների կողմից, գիտակցություն, որ ով ինչի հասել է, այլևս այդպես չպետք է շարունակի և պետք է աշխատեն հավասարության դաշտում, և օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: Սա ես համարում եմ բարդ խնդիր մեր իրականության համար: Ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի իրականացնել մի քանի ելույթներից կամ հայտարություններից հետո: Հաջորդը. մեր կառավարությունը շատ խայտաբղետ է իր կառուցվածքով, այն առումով, որ և՛ նախարարներն են տարբեր իրենց մտածելակերպով ու ինտելեկտով, և՛ տարիքային տարբերություններ կան՝ բավականին զգալի, եվ կան մոտիվացված և չմոտիվացված կառավարության անդամներ: Հետևաբար, նման խնդրի լուծումը մեկ-երկու նախարարով ու միայն վարչապետով չէ, դա ընդհանուր կառավարության խնդիրն է, որովհետև գործարար միջավայրը, օրենքների հավասարությունը առնչվում են բոլոր ոլորտներին՝ հարկային, մաքսային, տրանսպորտի, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ստեղծման, քաղաքապետարանի հետ կապված և այլ: Այսինքն՝ բոլոր պետական մարմինները պետք է լինեն հավասարաչափ ընդգրկված, որը, կարծում եմ, որ դժվար է և համարում եմ, որ այդ մասով լուրջ խնդիրներ են լինելու: Եվ կարծում եմ, որ ավելի ճիշտ ճանապարհն այն է, որ եթե ասվում է նման բան՝ նման բարձր մակարդակով, դրվում է նման բարձր պահանջ, ապա այնպես չլինի, որ կառավարությունը դառնա իր ասածի գերին և հետո չկարողանա կատարել և նորից վստահությունը կորցնի: Ես օրինակ՝ կարծում եմ, որ ավելի նպատակահարմար կլիներ աստիճանաբար աշխատելով՝ հետո անել, ցույց տալ և դրանից հետո այդ վստահությունը ձեռք բերել: Ինչպես նախորդ կառավարության դեպքում, որ ասում էր, որ բարեփոխումներ են լինելու, որ ցավոտ է լինելու և վեց տարիների կյանքը ցույց տվեց, որ մենք չհաջողեցինք նշված խնդիրների լուծումը:

Բայց մյուս կողմից էլ պոպուլիստական հայտարարություններ էլ են կարող լինել, որովհետև մարդկանց մոտիվացնելու, ոգևորելու խնդիր կա, հույսեր ներշնչելու: Հույսը շատ կարևոր է, որ մարդիկ մի փոքր ոգևորվեն, որ մի բան կարող է տեղի ունենալ: Բայց դա պետք է լինի չափավոր և պետք է լինի արդյունքի հետևից եկող։ Եթե ասվում է, ու արդյունք չի լինում, այ, այդ դեպքում իսկապես պոպուլիզմ է լինում, ինչը ավելի վնաս կտա, քան ընդհանրապես դրա մասին չխոսելը:

-Ասում եք՝ տարբեր նախարարներ տարբեր կերպ կարող են գործել՝ մոտիվացված և ոչ, Հովիկ Աբրահամյանը, ըստ Ձեզ, մոտիվացված է՞, թե ոչ:

-Կարծում եմ՝ այո։ Տեսե՛ք, մենք չորս տարի հետո կանգնած ենք ընտրությունների առաջ. Ազգային ժողովի և նախագահական: Կարծում եմ, որ երբ նախագահը հայտարարում է, որ ապագայում էլ տեսնում հանրապետականը լիդեր կուսակցություն, կարևոր է, որ այդ առումով վարչապետը հուսախաբ չանի: Սա մեկ, և կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը սա խորապես գիտակցում է: Երկրորդ. վարչապետը ունի օրենսդիր և գործադիր մարմիններում աշխատելու մեծ փորձ և պետք է վերլուծի և տեսնի, թե մինչ այդ ինչ պատճառով այդ հարցերը լուծում չէին ստանում, և որտեղ էր հիմնական պրոբլեմը: Եվ հիմա քանի որ խանգարողներ չկան, և ԱԺ-ն հեշտությամբ քննարկում և ընդունում է օրենքները, որոնք կառավարությունը ներկայացնում է, իսկ կառավարությունն էլ, որ այլևս կոալիցիոն չէ, միատարր է, ապա ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը հասկանում է, որ որևէ օպոզիցիոն ուժի կամ կուսակցական թերի պարտնյորի, արդարացումներ էլ չեն կարող բերել: Խնդիրը այնպիսին է, որ պետք է միայն հաջողել կամ չհաջողել: Եվ երրորդ. կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը նաև ինքը կարող է ապագայում ունենալ ձգտումներ և, հետևաբար, դրանք իրականացնելու համար կարևոր է, որ ինքն այդ հեղինակությունն ու վստահությունը վաստակի: Դրա համար, գտնում եմ, որ ինքն իր այդ հայտարարություններում անկեղծ է:

Հրապարակումն ամբողջությամն սկզբնաբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031