Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերադասելի է, որ արվեստագետը Կոլումբոսի նման սխալվի». Դավիթ Մուրադյան

Մայիս 10,2014 22:44

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) այսօր մեկնարկեց «Արտ-Ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է փառատոնի հիմնադիր Արմեն Մազմանյանին:

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Արտ-Ֆեստ» փառատոնը մի տանիքի տակ է միավորում արվեստի մի քանի տեսակներ՝ թատերարվեստ, կինոարվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն և գրաֆիկա:
«Սա շատ գեղեցիկ նախաձեռնություն է,- իր ողջույնի խոսքում ասաց ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը:- Նախորդ տարի շատ հաջող սկիզբ դրվեց, որը պարտավորեցնում է, որպեսզի այս տարի առավել հաջող շարունակություն ունենա: Եթե անկեղծ՝ ես այսօր բոլորովին չէի ցանկանա ողջույնի խոսքով հանդես գալ, ես կուզեի մասնակից լինել այս փառատոնին, այսինքն՝ երիտասարդ լինել, ներկայացնել իմ առաջին ֆիլմը, ներկայացումը կամ դերը, որովհետև երիտասարդ արվեստագետը դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու արվեստում»:

Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն էլ ուրախությամբ նշեց, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, և նախորդ տարվա 132 հայտի փոխարեն այս տարի 155 հայտ է ներկայացվել, ավելի քան 200 մասնակից:

«Ընտրվում են 16-35 տարեկան ստեղծագործողները,- ասում է «Արտ-Ֆեստ»-ի տնօրենը,- այլ սահմանափակումներ չկան, որովհետև եթե մենք փառատոնն անցկացնեինք միայն կայացած արվեստագետների համար, դա, ըստ իս, կկրեր որոշակի արարողակարգային բնույթ: Մենք հնարավորություն ենք ընձեռում ստեղծագործ երիտասարդներին՝ հարթակ տրամադրելով բոլոր նրանց, ովքեր փնտրում են գեղեցիկը: Բայց սա չի նշանակում, որ «Արտ-Ֆեստը» միայն սկսնակների համար է, մենք ունենք մասնակիցներ, որոնք միջազգային բեմերում հիանալի արդյունքներ են արձանագրել»:

Դավիթ Մուրադյանն էլ հավելեց, որ փառատոնի մասնակիցները հիմնականում ԵԹԿՊԻ-ի և արվեստի մյուս բուհերի ուսանողներն են, որ իրենց առաջին հայտերն են ներկայացնում և իբրև սերունդ՝ ներկայանում ընդհանուր մի դիմանկարով. «Կարևոր բան է տեսնել սերնդի դիմանկարը, կարևոր է նաև այդ սերնդի մեջ տեսնել անհատականությունների, և, վերջապես, այս փառատոնում բոլորս էլ սպասում ենք հետաքրքիր սխալների, որովհետև երիտասարդ արվեստագետը, ի տարբերություն ավագի, ունի մեծ առավելություն՝ սխալվելու իրավունք, բայց գերադասելի է, որ նա հետաքրքիր սխալվի, Կոլումբոսի նման սխալվի,- ասում է պարոն Մուրադյանը,- Կոլումբոսը վստահ էր, որ ինքը Հնդկաստան է գնում, արդյունքում Ամերիկան հայտնաբերեց: Ահա այսպիսի սխալների արդյունքում հայտնաբերվում են բոլորովին նոր աշխարհագրական հասցեներ, արվեստում էլ կարող են հայտնաբերվել գեղարվեստական նոր հասցեներ»:
Պարոն Մուրադյանը ժամանակակից արվեստագետից ակնկալում է ընդհանուր չափանիշներից, ստանդարտներից դուրս մտածելակերպ ու գործողություն. «Արվեստը նորանում է նոր անունների շնորհիվ,- համոզված է Դ. Մուրադյանը,- և նրանք պիտի ինչ-որ տեղից սկսեն ու հայտարարեն իրենց մասին, և լավն այն է, որ նրանց առայժմ տրված է սխալվելու իրավունքը: Սա այն ժամանակն է, երբ արվեստագետը կարող է հետաքրքիր սխալվել, տաղանդավոր ու անսպասելի սխալվել, ու այդ սխալը կարող է մի նոր բան բերել իր հետ»:

Փառատոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, որի բնորոշմամբ՝ այս փառատոնը, առաջին հերթին, միմյանց ներկայանալու և ճանաչելու մեծ հնարավորություն է երիտասարդների համար: «Վերջերս Սթիվ Ջոբսն իր ելույթներից մեկում ասաց, թե մասնագիտություն ընտրելիս առաջին հերթին պիտի համոզված լինես, որ այն սիրում ես, որովհետև այդ մասնագիտության հետ ապրելու ես ոչ պակաս, քան քո կնոջ կամ ամուսնու հետ,- մեջբերեց փոխնախարարը և հավելեց, որ փառատոնը նաև հնարավորություն է տալիս երիտասարդներին՝ հերթական անգամ բացահայտելու իրենց համար, թե որքան են իրենք սիրում իրենց գործը:
Հիշեցնենք, որ փառատոնն իրականացնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ՀՀ մշակույթի նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը հուսով է, որ եկող տարի փառատոնը կդառնա համահայկական, որովհետև, նրա խոսքով, սփյուռքի կողմից ակտիվ արձագանքներ կան:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayuhi says:

    ” «Վերջերս Սթիվ Ջոբսն իր ելույթներից մեկում ասաց….. »….խեղճ Ջոբսն արդեն 3 տարի է մահացել է…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031