Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահանդեսը:
«Նախատեսել էինք հոբելյանական ցուցահանդես կազմակերպել դեռ այն ժամանակ, երբ Հակոբ Հակոբյանը մեր կողքին էր, բայց, ցավոք, նա չհասցրեց դառնալ 90 տարեկան»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը նույնպես ներկա էր ցուցահանդեսի բացմանը:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսին պատրաստվելու համար երկար ժամանակ է պահանջվել, որովհետև ներկայացված է նկարչի ողջ ստեղծագործական գործունեությունը՝ Եգիպտոսի շրջան, խորհրդային, ինչպես նաև անկախության շրջաններ:
«Հակոբ Հակոբյանը շարունակ ստեղծագործական փնտրտուքների մեջ էր և միշտ գտնում էր իր նորը,- ասաց մշակույթի նախարարը,- նա ստեղծագործելու մեծ ներուժ ուներ դեռ, բայց, այնուամենայնիվ, մենք բոլորս այսօր բավարարված ենք, կարծում եմ:
Կարդացեք նաև
Ինձ շատ հուզեցին նկարչի դստեր՝ Նորա Հակոբյանի խոսքերը, թե՝ կերպարվեստը խոսքերով բացատրել հնարավոր չէ, պետք է աչքերով այն ներթափանցի քո մեջ և այնուհետև հասնի իր հիշողությանը, և կարծում եմ՝ այդ զգացողությունն այսօր մենք բոլորս ունենք: Իսկապես, մենք կարողացանք աչքերով մեր մեջ առնել Հակոբ Հակոբյան արվեստագետին և այնուհետև նրան տեղափոխել մեր բարի ու հպարտ հիշողությունների դաշտ»:
Նկարչի դուստրը՝ արվեստաբան Նորա Հակոբյանը վստահեցնում է, որ ինքը կարողանում է Հակոբ Հակոբյան արվեստագետին անջատել Հակոբ Հակոբյան հորից. «Նա իմ հայրն է, բայց այս պահին նկարիչ Հակոբ Հակոբյանն է, որն ինձ համար մեծ վարպետ է,- ասում է նա:
Նկարչի բոլոր գործերը նրա համար՝ որպես արվեստաբանի, շատ հետաքրքիր են. «Պարզապես, մի փոքր ժամանակ է պետք գործերի մեջ մտնելու համար»,- ասում է Ն. Հակոբյանը:
Անդրադառնալով նկարչի ստեղծագործությանը՝ Ն. Հակոբյանն ասաց, որ Հ. Հակոբյանն իր ստեղծագործական թե´ վաղ, թե´ հասուն շրջաններում մշտապես մարդուն է ունեցել որպես գլխավոր թեմա. «Եգիպտոսի շրջանում նա նկարում էր մարդկային կերպարներ, իրական մարդը՝ որպես ռեալիստական հերոս, կա, ներկա է, իսկ հետո արդեն մարդկանց չի նկարում, բայց մարդկային բոլոր հատկանիշները, զգացմունքները, հարաբերությունները կարողանում է վերարտադրել՝ գտնելով բոլորովին այլ լուծումներ՝ մարդուն փոխարինող հագուստներով, գործիքներով, և դա շատ հետաքրքիր է, որովհետև այսօր մարդ նկարելը, ինչպես հին հույներն էին նկարում, չի ստացվում: Ամեն ժամանակաշրջան իր վերաբերմունքն ունի մարդու հանդեպ»,- ընդգծեց Ն. Հակոբյանը:
Նշենք, որ նկարները ցուցադրված են երեք սրահներում, որոնցից մեկում ներկայացված են նկարչի վաղ շրջանի գործերը, երկրորդում՝ միջին, իսկ վերջինում՝ արդեն հասուն շրջանի գործերը:
Արվեստաբան Շահեն Խաչատրյանը, ի դեպ, իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսում կան շատ գործեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվում:
Ինչ վերաբերում է ժողովրդական նկարչի ստեղծագործության առանձնահատկությանը, Շ. Խաչատրյանն ասաց, որ Հ. Հակոբյանը բոլորովին նոր մոտեցմամբ է կարողացել բացահայտել մարդկային ապրումների այնպիսի վիճակներ, որոնք բոլորինս են, և որոնք մենք զգում ենք նրա նկարները դիտելիս:
«Յուրաքանչյուր ցուցահանդես ևս մեկ հնարավորություն է նորից ու նորովի ճանաչելու այն խորությունն ու ինքնատիպությունը, որ ունի տվյալ արվեստագետը, և այս ցուցահանդեսը դրանցից մեկն է»,- հավելեց արվեստաբանը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն էլ ասաց, որ իրեն մշտապես զարմացրել է այդքան մեծ տարիքում նոր խոսք, նոր վերաբերմունք արտահայտելու Հ. Հակոբյանի կարողությունը և հավելեց, որ նկարչի հետ իր ամեն մի հանդիպումն իրեն շատ բան է տվել: «Եվ թեկուզ հիմա նա մեզ հետ չէ, բայց ես համոզված եմ, որ տեսնում է՝ իր արվեստին սիրահարված որքան մեծ բազմություն է այստեղ այսօր հավաքվել»,- ասաց Փ. Միրզոյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ