Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսում բանաձեւ ընդունեցին

Մայիս 10,2014 15:48

Այսօր Երիտասարդ կոնգրեսի համագումարի կեսից միացավ նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա դահլիճ մտավ ընդմիջումից րոպեներ առաջ եւ շնորհավորեց երիտասարդ կոնգրեսականներին, նրանց հաջող աշխատանք մաղթեց ու դուրս եկավ: Նա հրաժարվեց խոսել լրագրողների հետ:

Համագումարի կազմակերպիչները լրագրողներին ասացին, որ այդ ընդմիջումից հետո իրենք համագումարը դռնփակ են անցկացնելու, ՀԱԿ առաջնորդի հետ քննարկելու ներկուսակցական հարցեր:

Երիտասարդ կոնգրեսականներն այսօր համագումարի ժամանակ հաստատեցին իրենց բանաձեւը, որով երիտասարդները կոչ են անում քաղաքացիական բոլոր ուժերին համախմբվել  բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակի շուրջ:

«Սպառնալիքների, հարկային և ոստիկանական տեռորի, բռնությունների, ընտրակաշառքի, լրատվամիջոցների վերահսկման և ապատեղեկատվության, վախի մթնոլորտի տարածման միջոցով բոլոր մակարդակների ընտրությունների կեղծումը: Պետական սեփականության օտարման և յուրացման միջոցով Հայաստանը տնտեսական կախվածության մեջ գցելը, մասնավորապես «գազի» հայտնի պայմանագրով և Որոտանի կասկադի մասնավորեցմամբ:

Հայաստանի քաղաքացիներին թալանելու մեխանիզմների ձևավորումը՝ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիները, բարձր տուգանքներով և հօգուտ մասնավոր ընկերությունների տեղադրված բազմաթիվ արագաչափերը , տրանսպորտի վարձավճարի ապօրինի թանկացումը, հակասահմանադրական պարտադիր կենսաթոշակային օրենքի կիրառումը:

Պետական հովանավորչությունը, պաշտոնյաների անպատիժ հանցավոր գործարքները, վերևից հսկվող և համակարգված կոռուպցիան, մենաշնորհները, խորացող անօրինականություններ ու օֆշորային ապօրինությունները։ Հայաստանից շարունակաբար միլիարդավոր դոլարների ապօրինի դուրսբերումը:

Հայաստանի զինված ուժերում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններն ու անպատժելիությունը, բարոյահոգեբանական վիճակի վատթարացումը, խեղված առողջությամբ երիտասարդներն ու մահվան ելքով հարյուրավոր դեպքերը։

Ուսման վարձավճարների թանկացումը, պետական մակարդակով խրախուսվող պատմական փաստերի կեղծիքները և խեղաթյուրումները դասագրքերում, ուսանողների, դասախոսների, ուսուցիչների հարկադիր կուսակցականացումը, նրանց ներգրավումը ընտրությունների կեղծման գործընթացներում:

Ինքնուրույն հայացքներ ունեցող ակտիվ երիտասարդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները՝ ձերբակալությունները, բանտարկությունները, ինչպես՝ օրինակ, ՀԱԿ երիտասարդների նկատմամբ հարուցված տասնյակ քրեական և վարչական գործերը, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի ձերբակալությունը, Տիգրան Առաքելյանի ավելի քան 2 տարվա բանտարկությունը, վարչական տուգանքների կիրառումը, ոստիկանության կողմից վերահսկվող քրեական տարրերի բռնությունները: Կոնգրեսի երիտասարդական միջոցառումների խոչընդոտումը, ինչպես նաև տրանսպորտի վարձավճարի, Փակ շուկայի, Կոմիտաս 5-ի, Կենսաթոշակային բարեփոխումների և այլ հարցերով իրենց բողոքը արտահայտող ակտիվիստների նկատմամբ իրականացվող հետապնդումները:

Հայաստանի ընդերքի անխնա թալանը, պետական մակարդակով խրախուսվող կոռուպցիոն համակարգի առկայության արդյունքում  հանքարդյունաբերությունից պետական բյուջե մտնող չնչին տոկոսները:

Արտաքին հարաբերություններում վտանգավոր ձախողումները ՝ Ցյուրիխյան ուրացումը, հավասարակշռված քաղաքականության տապալումը, Հայաստանի հեղինակության անկումը, տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական մեկուսացման խորացումը և այլն»,- բանաձեւն ընթերցեց երիտասարդական կոնգրեսի անդամ Արեգ Գեւորգյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031